ԿարևորՀասարակություն

Արցախի օպերատիվ շտաբում ժառանգության և նվիրատվության հարցերով դիմումների պակաս չկա

2020 թվականի նոյեմբերից հետո Հայաստանի  կառավարությունն Արցախում իրականացրել է 136 մլրդ դրամի ծրագիր․ աջակցության ծավալները 2021 թվականին աճել են 122 տոկոսով կամ 70 մլրդ դրամով։ Ծրագրերը տարբեր են՝ առողջապահությունից մինչև անշարժ գույքի փոխհատուցում։

30-ամյա պայմանագրային զինծառայող Ավետիս Ավետիսյանը Հադրութի Նորաշեն գյուղից էր: Նա զոհվել է 2020-ի հոկտեմբերի 10-ին` ԱԹՍ-ի հարվածից: Դրանից մեկ շաբաթ առաջ ադրբեջանցի դիվերսանտները խոշտանգել ու սպանել էին նրա հորը` Հմայակին:  Ավետիսյանների ընտանիքը Արցախ էր մեկնել Գյումրիից` վերաբնակեցման ծրագրով: Այսօր արդեն ընտանիքի մյուս  անդամները Երևանում են ապրում՝ վարձով։ Ընտանիքի մայրը՝ տիկին Արմինեն, սրտնեղում է՝ սոցիալական խնդիրները շատ են, իսկ Հադրությում մնացած մեքենաների դրամական փոխհատուցումը գոնե մասամբ կլուծի այդ խնդիրը։ Արցախում մնացած իրենց 2 մեքենաների ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, դիմել են նյութական վնասների հարցերով զբաղվող կառույցին, սպասում են փոխհատուցմանը, դեռ սպասում են, ասաց։

«Փոխհատուցում դեռ չի եղել, բայց շատ սպասելն էլ մի բան չէ։ Չէ՞ որ հերոսացած զինվորների գումարները, փոխհատուցումները պետք է արագ տան։ Ինձ հետաքրքիր չէ՝ որտեղից կտան։ Ես շատ մեծ խնդիրների մեջ են, վարձի գումարը չեմ կարողանում վճարել, ընտանիքս մեծ է, չեմ կարողանում պահել, քանի որ գումար է պետք։ Խանութներից չեմ կարողանում առևտուր անել, այդ գումարն ինձ շատ է պետք, ամուսնուս գերեզմանը պետք է սարքեմ, քարը դրել եմ, մնացել է մյուս գործերը»։

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի նոտարական գրասենյակում ժառանգության և նվիրատվության հարցերով դիմումների պակաս չկա։  44-օրյա պատերազմի հետևանքով շատերն են առանց փաստաթղթերի մնացել՝ «Ռադիոլուրի»  հետ զրույցում պատմում է հադրութեցի նոտար Յունոնա Վարունցը։

«Տրամադրում ենք ժառանգության իրավունքի վկայագրեր և վավերացնում ենք կտակը։ Պատերազմից հետո ունենք շատ դեպքեր,  երբ զոհված մարդկանց գույքի խնդիր է առաջանում․ որքան էլ ցավալի է անժամանակ ժառանգության հարց է բացվում, մենք նաև աջակցում ենք, որ փաստաթղթերը ճիշտ ներկայացվեն»։

Միայն 2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախի օպերատիվ շտաբի նոտարական գրասենյակում 69 նոտարական գործարք է գրանցվել․ 2-ը՝ կտակների վավերացում, 65-ը՝ ժառանգության իրավունքի վկայագրի, ևս 2-ը՝ ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրի տրամադրում։ Նոտարական գրասենյակ դիմողների թիվը շարունակում է մեծանալ։ 2022 թվականի առաջին 5 ամիսների տվյալներով՝ գրասենյակում գրանցվել է 136 նոտարական գործարք։

44-օրյա պատերազմի ընթացքում, ընդհանուր առմամբ, տեղահանվել է շուրջ 10 հազար ընտանիք կամ Արցախի բնակչության 27 տոկոսը։ Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ ստեղծված շտաբի առաջնահերթ պարտավորություններից էր տեղահանված քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգումը, դրանց ուսումնասիրումը և անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը: Ուսումնասիրվել և աջակցություն է ցուցաբերվել՝ ըստ սոցիալական տարբեր ուղղությունների՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։

«Սոցիալական աջակցության ծրագրերից օգտվում է ամբողջ տեղահանված բնակչությունը թե Արցախի, թե ՀՀ տարածքում։ Խնդրահարույց իրավիճակներ կան, բայց քիչ են։ Հիմնականում խոսքը վերաբերում է մինչև պատերազմը տվյալ տարածքներից տարբեր պատճառներով բացակայած մարդկանց։ Սոցիալական աջակցության 2 տասնյակից ավելի ծրագրեր են եղել, հիմնականում սոցիալական աջակցության «68 հազարները», «68000+15000», ապա չորսամսյա 68 հազարները։ Եղել է հյուրընկալողի ծրագիրը, դրանք բոլորը ավարտվել են։ Տարեվերջին գործում էր նաև 50 հազարական և 25 հազարական ծրագիրը, որի շարունակությունն էր հունվար-փետրվարի 20  40 հազարի ծրագիրը, որի ֆինանսավորումը ամբողջապես իրականացրել են Արցախի հանրապետության բյուջեից և Կարմիր խաչի միջոցով։ Հուլիսի 1-ից նախատեսվում է Արցախի տարհանված  յուրաքանչյուր քաղաքացու հաշվով 40 հազարական դրամ աջակցություն»։

Միքայել Վիրաբյանը մեծապես կարևորում է նաև Հայաստանի կառավարության իրականացրած ծրագրերը, մասնավորապես՝ մատչելի բնակարանների ձեռքբերման հավաստագրերի տրամադրումը։ Առհասարակ 2020 թվականի նոյեմբերից հետո կառավարության կողմից  Արցախում իրականացվել ենք 136 մլրդ դրամի ծրագիր: 120 մլրդ դրամ էլ հատկացվել է 2021 թվականի ընթացքում Արցախի հետ կապված ծրագրերով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ գումարն ուղղվել է տարբեր ուղղություններով։ Հայաստանի  կառավարության կողմից վճարվել է ինչպես Արցախի ամբողջ բնակչության կոմունալ ծախսերը, այնպես էլ պետական հատվածի աշխատավարձերը։

«ԱԺ պատգամավորներից սկսած վերջացրած ուսուցիչներով, բոլորի աշխատավարձերը 2021 թվականին վճարել է կառավարությունը։ Առողջապահության ծախսերը ևս վճարվել են ժողովրդի վճարած հարկերից։ Աջակցություն է տրամադրվել ամենատարբեր ծրագրերով՝ անշարժ գույքի վնասի դեպքում, ուղղակի Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ աջակցություն է տրվել»։

Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով աջակցություն չի ցուցաբերել Արցախին՝ ընդգծում է  վարչապետը՝ հավելելով. Հայաստանի կառավարության հատկացրած աջակցության շնորհիվ Արցախում 2022 թվականին 20 տոկոսով աճել են նաև կենսաթոշակներն ու նպաստները։

Back to top button