ԿարևորՀասարակություն

Արդբեջանական կողմը պիտի հետ քաշվի Հայաստանի սուվերեն տարածքից․ Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպմանն  ամփոփել է իր 100-օրյա պաշտոնավարումը։ Նա կրկին կարևորել է միասնականության գաղափարն ու նշել, որ Սյունիքի մարզպետ աշխատելը հատկապես մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Ինքը առայժմ կարող է և պատրաստակամ է օգնել Սյունիքին։ Հենց այդ պատճառով համաձայնեց նշանակվել մարզպետ։ Գորիսում այսօր խոսել են նաև սահմանային անվտանգության ու մի շարք այլ ուշագրավ հարցերի մասին։

Նախ՝ քաղցր հյուրասիրություն, որ ասուլիսը քաղցր ու թեթև անցնի՝ ասում են Սյունիքի մարզպետարանում, բայց  մարզպետի ասուլիսի հարցերն այնքան էլ «քաղցր» չէին․ աշխատանքի 100 օրվա ամփոփման  ժամանակ խոսվում է անվտանգության խնդիրներից մինչև քաղաքականություն։

Հակառակորդը դեռ Հայաստանի սուվերեն տարածքում է, մասնավորապես  Սյունիքում։ Ե՞րբ վերջապես հակառակորդը կհեռանա մեր սահմանից։

Ռոբերտ Ղուկասյան․

«Այն տարածքը, որ մեր սուվերեն տարածքն է սահմանագծման և սահմանազատման արդյունքում, արդբեջանական կողմը պիտի հետ քաշվի և գնա իրենց հատվածը։ Ես դրանում վստահ եմ։ Չեմ կարծում՝ այստեղ երկու կարծիք կլինի։ Ինչ վերաբերում է, թե որտեղով և որ հատվածում, և եռակողմ հանձնաժողովը ինչ աշխատանքներ կսկսի դե ֆակտո, կարծում եմ՝ կլինեն քննարկումներ, վստահ եմ որ շատ հարցերի պատասխաններ կստանաք այդ ընթացքում»։

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը լարված հարաբերություններ ունի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ՝ Սյունիքի մարզպետը նպատակահարմար չգտավ պատասխանել։ Իսկ   կհամալրի՞ կառավարող ուժի՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը, ասաց.

«Կարծում եմ շատ շուտով դրա մասին կխոսենք»։

Ճանապարհաշինարություն, բնակավայրերի գազիֆիկացում, դպրոցների  ու նախակրթարանների նորոգում, ջրամատակարարման բարելավում՝ մարզպետարանի  առաջնահերթ խնդիրներ են, որոնք պիտի լուծվեն առաջիկա տարիներին։ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տաթև-Աղվանի հատվածի նորոգման աշխատանքները սկսվել են և կավարտվեն տարեվերջին, պետք է կարգավորվեն ճանապարհի խնդիրները։

 Սյունիքը վերջին շրջանում դարձել է  օտարերկրյա դեսպանների ակտիվ այցերի  կենտրոն. ի՞նչու են դիվանագետներն այսքան հետաքրրքվում Սյունիքով։

Ռոբերտ Ղուկասյան. «ԱՄՆ-ի հետ Հայաստանն ունի բարիդրացիական հարաբերություններ, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և այդ ծրագրերի շրջանակում ԱՄՆ դեսպանը Սյունիք էր եկել։ Նույն օրը ԵՄ դեսպանն էր եկել՝ 6 եվրոպական դեսպանների հետ, քննարկել ենք սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր։ Ռուսաստանի դեսպանի հետ եմ հանդիպել, քննարկել ենք սոցիալ-տնտեսական տարբեր հարցեր, Իրանի դեսպանի հետ  հյուպատոսարան բացելու հարցն ենք քննարկել։ Բոլոր այն եկրները որոնք կուզեն Սյունիքի համար տարբեր ծրագրեր իրականացնել՝ պատրաստ ենք, առաջիկայում 4 դեսպան եւս կգան Սյունիք»։

Սյունիքի մարզպետ աշխատելը, մանավանդ այս փուլում, բավականին բարդ է։ Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի նշանակումը ոչ իր մարզում տարբեր կարծիքների տեղիք տվեց։ Կարողանո՞ւմ է «լեզու գտնել» սյունեցիների հետ և աշխատել։ Սյունիքի թիվ 1 պաշտոնյայի խոսքով՝  եկել է Սյունիք օգնելու մարզին։ Պատասխանատվությունը գիտակցում է, պատրաստակամ է։

«Բարդ է, շատ դժվար է, բայց կա նաև առաքելություն։ Որպես մարդ, որպես հայ, երբ կգա պահը, որ կնկատեն  իմ ՕԳԳ-ն այնքան չի, ինչքան ես կարող եմ պատկերացնել, այդ պահին կգնամ»։

Back to top button