ԿարևորՀասարակություն

Որ սահմանամերձ գյուղերը երիտասարդանան․ պետությունը կկիսի տուն կառուցելու ծախսը

Պետությունն այսուհետ կաջակցի սահմանամերձ բնակավայրերում սեփական տուն կառուցելուն ։ Նոր ծրագրից կարող են օգտվել ՀՀ բոլոր քաղաքացիները՝ անկախ բնակության վայրից։ Պայմանը մեկն է՝ տուն կառուցել սահմանամերձ գյուղերում՝ իրենց իսկ նախընտրած։  Ըստ ծրագրի՝ պետությունը կփակի, օրինակ, 25 մլն դրամ  հիփոթեկային վարկի 12 մլն դրամը և դրա 12 տոկոսը։

Սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելիս կառավարությունը կաջակցի շահառուներին։ Ծրագիրը հատկապես նոր ստեղծվող ընտանիքների համար է, որոնք կցանկանան տուն կառուցել հենց սահմանամերձ բնակավայրերում՝ կառավարության նիստում ասել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Պատերազմից հետո Հայաստանի 5 մարզում՝ Արարատում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում և Տավուշում, սահմանամերձ գյուղական բնակավայրերը 36-ից դարձել են 79։ Սահմանամերձ բնակավայրերի թվում ներառվել են նաև Սյունիքի 37  եւ Գեղարքունիքի 6 բնակավայր։

Հիփոթեքային վարկով անհատական բնակելի տուն կառուցելուն պետական աջակցությունը կկազմի հիփոթեքի մայր գումարից մինչև 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 171 հազար դրամ, իսկ տոկոսների համար՝ մինչև 12%, հանրագումարային մինչև 8.6 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 120 հազար դրամ։ 

Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը սոցապնախարարից փորձեց ավելի պարզ հասկանալ  որոշումը․

-Քաղաքացին գնաց բանկ, ասաց՝ կառավարությունը որոշում է ընդունել, ուզում եմ սահմանամերձ գյուղում բնակարան կառուցել։ Ես ձեզանից ուզում եմ 25 մլն դրամ վարկ։ Հիմա մենք ո՞նց ենք մասնակցում։

Նախարար- 25 մլն դրամի 12 մլն դրամը  և դրա 12 տոկոսը փակում ենք մենք։

Վարչապետ-Այսինքն՝ բանկը տալիս է 25 մլն դրամ, ըստ էության,  կարող ենք ասել,  բանկի ռիսկը դառնում  է13 մլն դրամ, որովհետև մնացած 12 մլն դրամը և տոկոսները փակելու է կառավարությունը։ Եվ կառավարությունը երաշխիք է տալիս որոշակի ժամկետով։

Նախարար Նարեկ Մկրտչյանը  պարզաբանում է՝  վարկը պետք է մարվի10 տարում։ Ծրագրից կարող են օգտվել ոչ միայն սահմանամերձ գյուղերում ապրող անձինք։

«Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում գրանցված ցանկացած քաղաքացի, ընտանիք կարող է օգտվել։ Օրինակ, եթե Երևանում բնակվող որևէ ընտանիք ցանկություն ունենա սահմանամերձ որևէ համայնքում տուն կառուցել, ինքն էլ կարող է դառնալ այս ծրագրի շահառու»։

30-ամյա Արման Անտոնյանը Մեղրիում է բնակվում՝ կնոջ ու 2 տարեկան դստեր հետ։ Սպասում են երկրորդ երեխային։ Բնակվում են ծնողների հետ։ Կառավարության նիստին հետևել է ու տեղեկացվել է որոշման մասին։

«Տեղյակ եմ, որոշումն էի կարդում, նորմալ ծրագիր է, բայց պիտի ստաբիլ աշխատանք ունենաս, որ օգտվես։ Մեր ընտանիքն ունի ստաբիլ եկամուտ, կարծում եմ՝ կօգտվենք ծրագրից, հարմար է»։

Սյունիքի մարզպետարանում դեռ ծրագրի մանրամասներին ծանոթ չեն, ուստի կարիքների գնահատում դեռ չունեն։ Բայց համոզված են՝ որոշումը սահմանամերձ բնակավայրերին շնչելու հնարավորություն կտա։

Կառավարության ասյ ծրագրից, ըստ գնահատումների, ընթացիկ տարում կարող է օգտվել 240, եկող տարի՝ 400, իսկ 2024-ին՝ 560 շահառու։

Ի դեպ,այս ծրագրից օգտվելը չի սահմանափակում երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից օգտվելը․ քաղաքացին միաժամանակ կարող է դիմել երկուսին էլ։

Back to top button