ԿարևորՀասարակություն

Ովքե՞ր կազատվեն զորահավաքային զորակոչից․ գործադիրը հավանություն տվեց օրենսդրական փաթեթին

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, գլխավոր շտաբն այլևս գնումներով չի զբաղվի՝  կառավարությունը հավանության է արժանացրել  «Պաշտպանության մասին» և հարակից օրենքներում առաջարկվող  փոփոխություններով փաթեթը։

Դրանով, ըստ հիմնավորման,  սահմանվում են վարչապետի, պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի փոխհարաբերությունները, հստակեցվում են լիազորությունների շրջանակները: Փոփոխություններ են նախատեսվում  նաև զորահավաքային զորակոչի  պայմաններում․  ընդլայնվում է զորակոչի ոչ ենթակա  անձանց շրջանակը։ Օրենսդրական փաթեթը կառավարությունն անհետաձգելի է համարել և այն ուղարկել Ազգային ժողով։

 «Պաշտպանության մասին» և հարակից օրենքներում առաջարկվող  փոփոխություններով, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, նորովի են շարադրվում ՊՆ ոլորտում կառավարության լիազորությունները, հստակեցվում են պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի փոխհարաբերությունները, պաշտպանության նախարարի եւ ԳՇ պետի լիազորությունների շրջանակը:

«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաև հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոններն ըստ անհրաժեշտության ևս զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ»:

Սուրեն Պապիկյան

Գործող օրենքով՝ գլխավոր շտաբն է կազմակերպում «զինված ուժերի օպերատիվ, տեխնիկական և թիկունքային ապահովումը»։ Փոփոխություններով նախատեսվում է, որ գլխավոր շտաբն այլևս գնումներով չի զբաղվի։ Այդ գործառույթը կիրականացնի ՊՆ այլ ստորաբաժանում։ 

«Ըստ էության՝ Զինված ուժերը պիտի զբաղվեն միայն այն գործով, որը վերապահված է նրանց՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները, զբաղվել մարտական պատրաստականությամբ: Այսինքն՝ այն ամենով, որը բարձրացնելու է մեր բանակի մարտունակությունը: Այլ խնդիրները պետք է իրականացվեն պաշտպանության նախարարության այլ վարչությունների կողմից, հիմնականում քաղաքացիական: Բոլոր այն հնարավոր ուղղությունները, որոնք հնարավոր կլինի պատվիրակել, պիտի պատվիրակվեն»:

Առաջարկվող օրենսդրական փաթեթում փոփոխություններ են նախատեսվում նաև զորակոչի պայմաններում։ 2020 թ․ հայտարարված զորահավաքային զորակոչի վերլուծության արդյունքներով՝ ընդլայնվում է զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը՝ ընտանեկան որոշակի պայմանների հիմքով։ Դեռևս եռամսյա վարժանքների մեկնարկի շրջանում այս հարցին անդրադարձել էր Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպանը։ Արման Թաթոյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, ինչպես նաև պաշտպանության և արդարադատության նախարարություններ առաջարկներ էր ուղարկել՝ մասնավորապես ընդգծելով, որ զորահավաքի, վարժական հավաքների և զորավարժությունների ժամանակ օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները։

«Անհրաժեշտ է խնդրին տալ ինստիտուցիոնալ լուծում՝ օրենքի հստակ կարգավորմամբ: Օրենքի սահմանափակ կարգավորումը պրակտիկայում առաջացնում է խնդիրներ, և այս պարագայում անհրաժեշտ է կա՛մ վերանայել զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը (և չսահմանափակվել միայն 4 երեխա ունեցողներին զորահավաքից ազատելով), կա՛մ նախատեսել այդպիսի անհատական դեպքերի վերհանման ու գնահատման մեխանիզմ, պարբերաբար ճշգրտել և թարմացնել այն տվյալները, որոնց հաշվառմամբ էլ որոշել, թե ով է ենթակա լինելու հնարավոր զորահավաքային զորակոչի, ով՝ ոչ»:

Ըստ նախկին պաշտպանի՝ ի տարբերություն պարտադիր զինծառայության զորակոչի, որի համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված են ընտանեկան պայմաններից ելնելով զորակոչից տարկետում տրամադրելու և ծառայությունից ազատելու բազմաթիվ հիմքեր, զորահավաքից ազատման ենթակա անձանց մասով օրենսդրի մոտեցումը չհիմնավորված խիստ է:

Օրենսդրական նոր կարգավորումներով լրացվել են   զորակոչի  ենթակա չլինելու հիմքերը։  Գործող օրենքի 29-րդ հոդվածով ընդամենը 4 հիմք էր սահմանվում, նոր նախագծով դրանց ավելանում են ևս 3-ը։

Մասնավորապես,  զորահավաքային զորակոչի ենթակա չէ այն քաղաքացին, որն առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի, ունի չորս եւ ավելի երեխա։ Այս ամրագրումներին ավելանում են նաև հետևյալ դեպքերը՝  եթե քաղաքացին ունի 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անգործունակ ճանաչված ծնողներ, կամ եթե ծնողները չունեն այլ զավակ կամ ունեն այլ զավակ, որն անչափահաս է, ունի առաջին խմբի հաշմանդամություն, անգործունակ է։ Կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ,  ունի երեխա, որին խնամում է միայնակ, ունի իր խնամքի տակ գտնվող մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ:

Ավելանում է նաև զորակոչի ոչ ենթակա պաշտոնյաների ցանկը։ Եթե գործող օրենքով զորահավաքներից ազատվում էին միայն ԱԺ պատգամավորները, ապա այժմ նաև այդ ցանկում նաև կառավարության անդամներն են, դատավորները, ԿԸՀ անդամները և ՄԻՊ-ը։

Հունիսի 15-ին ավարտին է մոտենում եռամսյա հավաքների երրորդ փուլը։ Անցյալ տարի անցկացվել էր երկու եռամսյա հավաք՝ օգոստոսից նոյեմբեր և սեպտեմբերից դեկտեմբեր։ Հավաքների նպատակը մասնակիցների ռազմական ունակությունների կատարելագործումն ու մասնագիտական վերապատրաստումն է։

Back to top button