Մոռացված ֆիլմերի ստվերները

«Ճանապարհին»․ և՛ ճանաչում, և՛ մոռացում․ «Մոռացված ֆիմերի ստվերները»

Վավերագրող ռեժիսոր Հովիկ Հախվերդյանը հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայի հետ համագործակցությամբ նկարահանեց «Ճանապարհին» կարճամետրաժ ֆիլմը։ Սակայն տարբեր հարցազրույցներից ոչ մեկում կինոռեժիսորը ոչ մի անգամ չբարձրաձայնեց այդ ֆիլմի գոյության մասին։

Կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանը 1959 թվականին հաջողությամբ ավարտեց ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը, բայց այն չդարձավ նրա համար մասնագիտական ճանապարհ։ Արվեստի, գրականության մթնոլորտում մեծացած երիտասարդն ընտրեց կինոյի ճանապարհը։ Այդ ընտրության մեջ «մեղքի» իր մեծ բաժինն ուներ եղբայրը՝ գրականագետ, թատերագետ, թարգմանիչ Լևոն Հախվերդյանը։ Հենց նրա հորդորով համալսարանն ավարտելուց հետո Հովիկ Հախվերդյանն ընդունվեց «Հայֆիլմ» կինոստուդիա, այնուհետև երկար տարիներ աշխատեց հեռուստատեսությունում որպես ռեժիսոր, իսկ երբ բացվեց «Երևան» ստուդիան, անմիջապես տեղափոխվեց այնտեղ։

Հովիկ Հախվերդյան

Իր առաջին՝ «Վարդան Աճեմյան» վավերագրական ֆիլմը Հովիկ Հախվերդյանը նկարահանեց Մարատ Վարժապետյանի հետ։ Այս ֆիլմի՝ էկրան բարձրանալուց չորս տարի անց, նա իր ուժերը փորձեց խաղարկային կինոյի ժանրում՝ նկարահանելով «Ճանապարհին» կարճամետրաժ ֆիլմը։ Կինոռեժիսորի որդին՝ Վահե Հախվերդյանը նշում է, որ այս ֆիլմը նկարահանվեց հասարակության պահանջով։

Վահե Հախվերդյան

«Այս ֆիլմի սյուժեն կառուցված է տղամարդու և կնոջ հարաբերությունների նրբություններն ավելի տեսանելի դարձնելու հիման վրա։ Անցյալ դարի 1960-70-ականներին եվրոպացի շատ կինոռեժիսորներ իրենց ֆիլմերով նոր մտածողություն ու այսպես ասած «նոր ալիք» բերեցին կինոյում։ «Ճանապարհին» ֆիլմն այդ ալիքի ազդեցության կրողն է»,- ասում է Վահե Հախվերդյանը։

Խորհրդային միության գրականության զարգացման մեջ մեծ ներդրում ունեցող արձակագիր, սցենարիստ Յուրի Նագիբինը 1958 թվականին հրատարակեց «Մարդը և ճանապարհը» վիպակը։ Վեպի հրատարակվելուց ավելի քան մեկ տասնամյակ անց արձակագիր Մանուկ Մնացականյանը «Երևան» ստուդիայի պատվերով «Մարդը և ճանապարհը» վիպակը վերածեց կինոսցենարի։

Դրա հաստատումից հետո «Ճանապարհին» անվանումը կրող կարճամետրաժ ֆիլմի նկարահանումը վստահվեց «Երևան» ստուդիայի երիտասարդ ռեժիսոր Հովիկ Հախվերդյանին։ Փոքրամարմին, աշխույժ և հետաքրքիքր ռեժիսորական գաղափարներով լեցուն Հովիկ Հախվերդյանը միանգամից գործի անցավ։ Նա հավաքեց նախ նկարահանող խմբին, հետո էլ դերասանական կազմին։

Գլխավոր հերոսի՝ Գեղամի դերում նա հաստատեց Գուժ Մանուկյանին, իսկ անծանոթ գեղեցկուհուն մարմնավորեց թատրոնի և կինոյի սիրված դերասանուհի Կարինե Սուքիասյանը։ Հենրիկ Մալյանի «Հայրիկ» ֆիլմում վերջինիս կերտած գեղեցիկ արտաքինով, հայկական մեծ աչքերով Մայային սիրեցին և հիշեցին հազարավոր կինոդիտողներ։ Դերասանուհու գեղեցիկ արտաքին տվյալները չվրիպեցին նաև Հովիկ Հախվերդյանի ուշադրությունից։ Կինոյում իր առաջին գլխավոր դերը Կարինե Սուքիասյանը տարիներ անց էլ հիշում է հաճույքով ու կարոտով։

Կարինե Սուքիասյան

«1976 թվականին ես աշխատում էի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Աճեմյանի արվեստանոցի ուսանողուհի էի, երբ ամուսնացա դերասան Վլադիմիր Քոչարյանի հետ և ուսումս ավարտելուց հետո նրա հետ տեղափոխվեցինք Գյումրի, որտեղ նա որպես ռեժիսոր պիտի բեմադրեր իր դիպլոմային աշխատանքը։ Մի խոսքով, ես Գյումրու թատրոնի դերասանուհի էի , երբ Հովիկ Հախվերդյանն ինձ հրավիրեց «Ճանապարհին» ֆիլմում նկարահանվելու և ես սիրով համաձայնեցի»,-այսպես է հիշում տարիներ առաջ ֆիլմի ստեղծման շուրջ ծավալվող իրադարձությունները Կարինե Սուքիասյանը։

«Երևան» հեռուստաստուդիայում նկարահանված ֆիլմերն ունեին ցուցադրման պարտադիր պայման։ Նկարահանման և մոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո՝ պրեմիերայից առաջ, այն պարտադիր պիտի ցուցադրվեր հայկական հեռուստատեսությամբ։ Այս կարճամետրաժն էլ չխախտեց ընդունված ավանդույթը։ Կարինե Սուքիասյանը հիշում է, որ ցուցադրությունից հետո շատերը փողոցում նրան մոտենում և տարբեր կարծիքներ էին հայտնում իր մարմնավորած կերպարի մասին։ Սակայն որոշ ժամանակ անց ֆիլմը, կարծես, մոռացվեց։ Այսքան տարի անց, սիրված դերասանուհին միայն մի ցանկություն ունի։

«Մենք ունենք բավականին հարուստ կինոպատմություն և լավ կլինի, որ ժողովուրդը ավելի ուշադիր լինի անցյալում ստեղծված մեր կինոժառանգության հանդեպ, եթե նույնիսկ դրանք համաշխարհային կինոյի զարգացման մեջ մեծ տեղ չունեն, բայց  հայկական կինոյի զարգացման գործում հաստատ իրենց ներդրումն ունեցել են»,- ասում է Կարինե Սուքիասյանը։

Խորհրդային տարիներին էկրան բարձրացած և կինոդիտողի կողմից սիրված «Ճանապարհին» ֆիլմն այսօր թեև հասանելի է համացանցում, սակայն ցավոք, հայտնի չէ շատերին։ Մինչդեռ այն թե’ իր ռեժիսորական և թե’ դերասանական հետաքրքիր խաղով զրուցում է դիտողի հետ, և ակամա ստիպում նորից ու նորից խորհել այստեղ բարձրացված հարցերի շուրջ։ 

Back to top button