Երաժշտական եռանկյունի

Կամերային երաժշտության կենտրոն՝ Երևանի պետական կամերային երգչախումբ․ «Երաժշտական եռանկյունի»

ԵՊԿԵ-ն հասարակությանն առավել հայտնի է իբրև Հարություն Թոփիկյանի երգչախումբ: Մաեստրոն անժամանակ հեռացավ մեզանից կովիդի պատճառով, և երգչախմբի խմբավարի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնեց Քրիստինա Ոսկանյանը: «Երաժշտական եռանկյունու» տաղավարում հյուրընկալել ենք Քրիստինա Ոսկանյանին և կոլեկտիվի տնօրեն Եվա Խաչատրյանին:

«Երգչախումբը ծնվեց Հարություն Թոփիկյանի հրաշալի նախաձեռնության արդյունքում, նա մտահղացավ ձայնագրել Կոմիտասի բոլոր խմբերգերը և դիմելով Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, ստանալով նրա հովվապետական օրհնությունը՝ հավաքեց երգչախումբ, հատուկ ձայնագրությունների համար: Այդ աշխատանքը նա փայլուն կատարեց՝ աշխարհին հանձնելով մի քանի ձայնասկավառակներից կազմված ամբողջական ալբոմ» — ասում է Քրիստինա Ոսկանյանը:

«Ձայնագրման ընթացքում երգչախմբի կազմը հղկվելով կայացավ այնչափ, որ նույնիսկ նախագիծն ավարտելիս կոլեկտիվի անդամները շարունակում էին փորձերը և համերգներով հանդես գալիս Երևանում և մարզերում: Այդպես սկիզբ առավ Երևանի պետական կամերային երգչախումբը, որն այսօր հանդիսանում է Կամերային երաժշտության կենտրոնի ստեղծագործական մասնաճյուղերից մեկը» — շարունակում է տնօրեն Եվա Խաչատրյանը:

ԵՊԿԵ-ն Հայկական երգչախմբային արվեստի լավագույն ներկայացուցիչներից է, որը սրբորեն պահպանում է Հարություն Թոփիկյանի գեղագիտական մոտեցումներն ու ստեղծագործական սկզբունքները, կատարում ոչ միայն դասական, հոգևոր և աշխարհիկ երաժշտություն, այլև հատուկ ուշադրություն դարձնում ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին՚:

Այսօր երգչախումբն ակտիվորեն գործում է, հղկում իր երգացանկը, ձայնագրվում և պատրաստում է բազմաթիվ նոր համերգային ծրագրեր, շրջագայություններ: Զրույցի ընթացքում հնչում են ԵՊԿԵ-ի կատարմամբ տարբեր ստեղծագործություններ:

Back to top button