ԿարևորՀասարակություն

Թարմից մինչև խորը սառեցված. ներկրվող թռչնամիսը ևս կմակնշվի

Սննդային թունավորումները վերջին շրջանում հաճախակիացել են։ Տարբեր տնտեսվարողների մոտ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգայցերը փաստում են՝ թունավորումների հիմնական պատճառը կարող է հավի միսը լինել։ Թունավորման հերթական դեպքերը վերջին զանգի ավարտական միջոցառումից հետո են գրանցվել, ճաշացանկում՝ դարձյալ թռչնամիս։ Հաշվի առնելով թռչնամսի շուկայի առկա ռիսկերը և անհավասար մրցակցությունը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջարկում է օրենքը փոխել ու  կարգավորել հավի մսի շուկան, որպեսզի սպառողին  վաճառվող սառեցված թռչնամիսը ևս մակնշված լինի, մսի ծագումն ու ժամկետը՝ հասկանալի։

Մթերքի որակի խնդիր Հայաստանում, այո, կա, բայց մեկ այլ խնդիր է՝ ինչպես է սնունդը պատրաստվում։ ՍԱՏՄ-ն հաստատում է՝ սննդի  խնդիրները հիմնականում պատրաստման ընթացքում են առաջանում։ Եթե տնային թունավորումներն առավելապես տնական պահածոյից են, ապա քիչ չեն նաև հանրային սննդի կետերում գրանցված դեպքերը։ 2021-ը զանգվածային թունավորումների դեպքերի մեծ թվով և լայն շրջանակով աննախադեպ էր՝ արձանագրում է սննդի անվտանգության պատասխանատու պետական կառույցը, քիչ չեն նաև այս տարվա թունավորումները։ Վերջին զանգի ավարտական միջոցառումից հետո 14 անձ է հոսպիտալացվել։ Մինչ թունավորման պատճառը  կպարզվի, պատկան կառույցները չեն բացառում, որ պատճառը հենց թռչնամիսն  է։ Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյան.

«Մեզ մտահոգող որոշակի խնդիրներ են ի հայտ եկել, և մենք հիմա այդ ուղղությամբ վերահսկողական միջոցառումներ ենք իրականացնում։ Խոսքը վերաբերում է թե սպանդանոցային ծագման փաստաթղթերի ճիշտ լրացմանը, թե տեղափոխմանը և թե վաճառակետերում անհրաժեշտ պայմանների ապահովմանը»։

Շուկայի ռիսկերը հիմք ընդունելով՝ սննդամթերքի անվտանգության տեսչականը դիտարկել է թռչնամսի գրեթե բոլոր խոշոր արտադրողներին։ Արդյունքները հուսադրող են․ միսն իրացման ցանց է հասնում հիմնականում սպանդանոցային փաստաթղթով։ Սանիտարահիգիենիկ վիճակն ու պահեստների, սառնարանային խցիկների ջերմախոնավային ռեժիմներն ըստ  նորմերի են։ Բայց եղել են մակնշման ու փաթեթավորման թերացումներ: Տեղականի մասով գուցե  խնդիրները լուրջ չեն, բայց մեր շուկայում սպառվող հավի մսի գերակշիռ մասը ներկրվում է, ընդ որում՝ արտադրված շուրջ 15 հազար տոննայի դիմաց  գրեթե եռակի ավելի՝ շուրջ 44 000 տոննա։ Ներկրվում է հիմնականում ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ուկրաինայից։

«Թռչնամիսը սահմանային պետական վերահսկողության շրջանակում փորձաքննում են, նոր ենք թույլ տալիս դրա մուտքը ՀՀ։ Բայց մեզ համար հավասար ռիսկային է նաև մեր տնտեսվարողների կողմից արտադրվող և իրացվող թռչնամիսը, և մենք մեր վերահսկողությունը երկու ուղղությամբ էլ իրականացնում ենք»։

Ռիսկերը պահանջում են ուժեղացնել վերահսկողությունը՝ ասում է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օրենքի նոր նախագծով առաջարկում է պարտադիր դարձնել նաև չփաթեթավորված թռչնամսի մակնշումը։ Հանձնաժողովի անդամ  Տիգրան Մարկոսյանը «Ռադիոլուրին» մանրամասնում է՝ նախագիծը ենթադրում է, որ ամեն սպառողի իրացման ամեն կետում պետք է հասանելի լինի մսի ծագման ողջ տեղեկատվությունը։

«Սպառողը, մոտենալով սառցարանին, պետք է տեսնի՝ ումից է արտադրանքը, ինչ պիտանելիություն ունի, ինչ տեսակի է։ Կոնկրետ հավի դեպքում 4 կատեգորիա կա՝ թարմ, պաղեցված, սառը և խորը սառեցված։ Սրանցից յուրաքանչյուրը պահպանման առանձին պայմաններ ունի և որոշակի տարբերություններ։ Եթե որևէ տնտեսվարող սուբյեկտ անբարեխիղճ լինի, կարող է ներմուծված ապրանքը ներկայացնել որպես տեղական արտադրանք կամ պաղեցվածը ներկայացնի թարմի տարբերակով։ Սրանք որոշակի ազդեցություն են ունենում նաև այդ ապրանքների իրացվելիության վրա»։  

Օրենքի փոփոխությունը կբացառի՞ չարաշահումները․ մրցակցության պաշտպանության հաձնաժողովում վստահ չեն, երաշխիք չեն կարող տալ։ Ամեն ինչ կախված է վերահսկողությունից՝ ասում են։ Իսկ հենց վերահսկող կառույցից՝ ՍԱՏՄ-ից, Վահե Դանիելյանը շեշտում է՝ նախագիծը քննարկում են, առաջարկներ կներկայացնեն, աշխատում են նաև այլ պետական մարմինների հետ։

«Ակնհայտ խնդիր է մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումները։ Եթե խոսքը խորը սառեցված սննդամթերքին է վերաբերում, դրա ապասառեցումից հետո կրկնակմի սառեցում չի թույլատրվում։ Ինձ համար սառեցվածի մեջ ռիսկերն ավելի քիչ են, քան պաղեցվածի, քանի որ մի դեպքում պիտանիության ժամկետը կարող է լինել 12 ամիս, մյուս դեպքում 3 օր։ Ներմուծող կազմակերպությունների մոտ վերահսկողության շրջանակներում նայում ենք՝ կան պահման անհրաժեշտ պայմաններ, թե ոչ։ Սառած, հետ եկած արտադրանիք արտաքին տեսք,մասնագիտական հմտություններ կան, որոնցով հնարավոր է խախտումները հայտնաբերել։ Եթե տեսուչը կասկածներ ունի, կարող է լաբորատոր փորձաքննության ենթարկել։  Էական այն է, որ պիտանիության ժամկետն անցած  սննդամթերքի վաճառք չունենանք։ Իսկ սառնարանների մեջ շատ քիչ է դեպքերը, երբ մի շաբաթ հին կամ նորը խառնելով իրավիճակ փոխվի։ Դրանք բոլորը պիտանիության երկար ժամկետ ունեցող ապրանքներ են»։

Օրենսդրական բարեփոխումը նախաձեռնող Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վստահ է՝ այսպես թռչնամիս արտադրող և ներմուծող տնտեսավարողների համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ, կապահովվեն սպառողների շահերի պաշտպանության նախադրյալներ ։ Ըստ արժեքի և մակնշման՝ սպառողն ինքը կորոշի՝ որ թռչնամսին ձեռք մեկնել։ Այլապես կշարունակի արդի մնալ նույն սննդամթերքի վերահսկողության տեսչականի պետի ձևակերպումն այն մասին, որ մսի շուկան շարունակում է ամենապրոբլեմատիկը մնալ, ու որ չմակնշված, սառնարանային պայմաններում չպահված, մորթից երկու ժամ հետո պատշաճ պայմաններում չվաճառվող մսի միջոցով մենք տարիներ շարունակ կերել ենք դիակային թույն, որոնց հետևանքն առողջության վրա սիրտ-անոթային հիվանդությունների մտահոգիչ վիճակագրությունն է։

Back to top button