ԿարևորՀասարակություն

Դպրոցներ՝ առանց առաջին ու վերջին դասարանցիների, բայց օլիմպիադաների արդյունքները հուսադրող են

Շիրակի մարզի Փոքրաշենի, Գտաշենի, Ալվարի, Ողջի, Բերդաշենի, Ձորաշենի ու Հայկաձորի դպրոցներում այս տարի  վերջին զանգ չի հնչել․ շրջանավարտ չունեին։ 15 դպրոց էլ ունեցել է 1 կամ 2 շրջանավարտ։ Պատկերը հուսադրող չէ նաև առաջին դասանցիների թվաքանակով։ Այս սեպտեմբերին առաջին դասարան չի ունենա Շիրակի 5 գյուղական դպրոց։ Բայց օլիմպիադաների արդյունքները ուսման որակի մասին հուսադրող տվյալներ են տալիս։

Շիրակի մարզի Լեռնուտ գյուղի դպրոցում վերջին զանգը հնչեց միայն Աբրահամ Մելոյանի համար։

Աբրահամի համար գյուղական ոչ բարվոք պայմաններով փոքրիկ դպրոցը նաև ժամանցի միակ վայրն էր։ Կյանքի նոր փուլ թևակոխելիս զգուշանում է խոսել նույնիսկ երազանքներից, ասում է՝ հանկարծ տարիներ հետո ուրիշ ուղի բռնեմ․․․ տղամարդուն վայել չէ խոսքն ասել, հետո՝ ուրիշ բան անելը։

«Ամոթ կլինի, եթե ասածս երազանքին չհասնեմ, ուրիշ բանի հասնեմ, ասելու եք՝ ուրիշ բան էիր ասել»։

Որպեսզի Աբրահամն իրեն միայնակ չզգա՝ վերջին զանգի միջոցառմանը 1-ից 12-րդ դասարանցի բոլոր սաներն էին բեմ բարձրացել՝ բոլոր 14-ը։ Գյուղի դեմոգրաֆիական խնդրի ու աշակերտների նման փոքր թվի պատճառը սոցիալական է՝ ասում է Լեռնուտի դպրոցի տնօրեն Արմեն Կոստանյանը.

«Թե սոցիալական, թե դպրոցի շենքի անմխիթար վիճակը, թե վատ ճանապարհները։ Շատ ծնողներ գերադասում են երեխաներին քաղաքի դպրոցներ տանել, որովհետև այնտեղ երեխայի գլխին անձրևաջուր չի կաթում»։

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը ծանոթ է համակարգի խնդիրներին, բայց դժգոհ չէ վերջին 6 տարվա դինամիկայից, ասում է՝ դպրոցայկանների թիվը 27 000-ից հասել է մոտ 31 000-ի.

«Վերջին 6 տարվա կտրվածքով ամեն տարի մենք ունեցել ենք 1500-1700 12-րդ դասարանցի շրջանավարտ, և յուրաքանչյուր տարի ընդունել ենք 3050-3150 աշակերտ։ Եթե բնական շարժ տեղի չունենար՝ արտերկիր և այլն, աճն ավելի տեսանելի կլիներ»։

Չնայած որոշակի աճին՝ Շիրակի մարզի 146 դպրոցից 7-ում՝ Փոքրաշենի, Գտաշենի, Ալվարի, Ողջի, Բերդաշենի, Ձորաշենի ու Հայկաձորի դպրոցներում չհնչեց վերջին զանգ․ շրջանավարտ չունեին։ 15 դպրոց էլ ունեցավ 1 կամ 2 շրջանավարտ։ Պատկերը հուսադրող չէ նաև առաջին դասանցիների թվաքանակի առումով։ Այս սեպտեմբերին առաջին դասարան չի ունենա Շիրակի 5 գյուղական դպրոց։ Հրայր Կարապետյանը նաեւ մարզի հեռավոր գյուղի նորածիններին է ամեն տարի հաշվառում՝ մտքում հաշվարկ անելով, թե տարիներ անց քանի աշակերտ կհամալրի գյուղի դպրոցների աշակերտների թիվը, եթե ծնողները չորոշեն հեռանալ գյուղից։

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյան․

«Աշխատում ենք նաև մեր առողջապահության վարչության հետ։ Անկեղծ ասեմ, թող ծիծաղելի չթվա, յուրաքանչյուր ամիս հետևում ենք Շիրակի մարզում ծնունդների քանակին։ Այս տենդենցով հասկանում ենք, որ այս տարի ևս 3000 և ավելի առաջին դասարանցի կունենանք մարզում»։

Կարապետյանը համամիտ չէ, թե քաղաքի դպրոցներում երեխաներն ավելի լավ կրթություն են ստանում, քան գյուղականներում՝ ասում է․ օլիմպիադաների արդյունքներն են խոսում այդ մասին։

«Այս, ինչպես նաև նախորդ տարի բավականին մեծ թիվ են կազմել գյուղական դպրոցների աշակերտների մրցանակները։ Այս տարի մենք ունեցանք ընդհանուր 51 մրցանակակիր, մոտ քառասուն տոկոսը գյուղերի դպրոցների աշակերտների ձեռքբերումներն էին»։

Շիրակի մարզի 1689 12-րդ դասարանի շրջանավարտից 851-ը կամ ամեն երկրորդը դիմել ու պայքարում է բարձրագույն ուսումնական հաստատությունում իր տեղն ունենալու համար։ Մարզի շրջանավարտների մոտ 70 տոկոսն ուսումը շարունակում է մայրաքաղաքի բուհերում։ Տարիներ շարունակ երիտասարդ ծնողներին գյուղերում պահելու և բուհ ավարտած երիտասարդներին մարզում պահելու խնդիրը սպասում լուծման իր հերթին։

Back to top button