Վերնատուն

«Արտ բազիս գրադարանը»՝ միասին կարդալու և պատկերացումները վերանայելու հարթակ. «Վերնատուն»

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է «Արտ բազիս գրադարանը», հիմնադիրներն ասում են՝ սա տարածք է ընթերցանության պատահական առիթների, ստեղծարար նախաձեռնությունների, փորձարարությունների ու հանդիպումների համար։

«Երբ ասում ենք գրադարան, թվում է, թե պիտի գիտելիք ստանալու տարածք լինի, բայց մենք ուզեցինք մի տարածք ստեղծել, որտեղ մարդիկ կկարողանան գրքերի և գրքերի բովանդակությունների շուրջ այնպիսի խոսակցություններ ունենալ, որոնք կարող են ապագան պատկերացնելու առիթ հանդիսանալ»,– ասում է նախաձեռնության հեղինակ, «Արտ բազիս» արվեստային եւ կուրատորական նախաձեռնության համահիմնադիր Մոմիկ Վարդանյանը։

Նախկինում «Արտ բազիս» գրադարանը գործել է «Ստուդիո 20» արվեստային տարածքում։ «Սա այն ավանդական գրադարանը չէ։ Սա արվեստի նախագիծ է, որը հասկացանք, որ պիտի լինի ոչ միայն նեղ խմբերի համար, այլ ավելի մեծ մասսայականություն ունենա, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք կարող ենք մարդկանց հետ ապագան պատկերացնելու շուրջ զրույցներ ունենալ», – ասում է Վարդանյանը։

Նշում է, որ գրադարանի հիմնական գաղափարը խոսակցության առիթ ստեղծելն է, գրադարանն այլ՝ կրթական, լուսավորչական առաքելություն չունի։

«Մեզ հետաքրքրում էր պատկերասրահի լայն լսարան ունենալու հանգամանքը։ Մենք չենք փորձում ոչինչ հակադրել։ Ժամանակակից արվեստը հանգամանքների բերումով մշտապես մարգինալ կարգավիճակում է եղել։ Սակայն հիմա ժամանակակից արվեստի արտիստները ուզում են հասկանալ՝ ինչպես աշխատել պետության հետ։ Այս խոսակցությունները, որ մենք ունենում ենք, միայն արվեստագետների համար չեն, դա մեծ հաշվով հետաքրքիր է նաև հանրությանը», – ասում է նախաձեռնության հեղինակը։

«Արտ բազիսը» արվեստային և կուրատորական անկախ նախաձեռնություն է, որը հիմնադրվել է 2015թ. Մերի Միքայելյանի և Մոմիկ Վարդանյանի կողմից։ Այն ուսումնասիրում է արվեստը, տեխնոլոգիաները, արտադրությունը, գիտելիքը, այլընտրանքային մոդելները, կառուցվածքները և տարածքները՝ աշխատելով տարբեր հանրային միջոցառումների, ցուցահանդեսների և նախագծերի միջոցով։ «Արտ բազիսը» գաղափարների, գործընթացների ելակետ է, իրադրություն, որ հնարավոր է դարձնում ինչ-որ բան, ինչպես նաեւ գործելու եղանակ է, ինչ-որ բան անելու ձև կամ մեթոդ։

Back to top button