Երաժշտական եռանկյունի

Կամերային երաժշտության կենտրոն՝ Հայաստանի պետական երգչախումբ․ «Երաժշտական եռանկյունի»

Կամերային երաժշտության կենտրոնի մասնաճյուղի ղեկավար, երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը մեծ ստեղծագործական և կազմակերպչական փորձ ունի: Մասնագիտությամբ ջութակահար՝ նա երկար տարիներ աշխատել է Հայաստանի պետական կամերային նվագախմբում, այնուհետև անցել ադմինիստրատիվ աշխատանքի, նաև աշխատել հանրային ռադիոյում: Այսօր նա զբաղեցնում է երգչախմբի տնօրենի պաշտոնը, և մեր զրույցի թեման երգչախմբի անցյալը, ներկան և ապագան է:

«Հայաստանի պետական կամերային երգչախումբը համեմատաբար երիտասարդ կոլեկտիվ է: Ստեղծվել է 2000թ. հոկտեմբերին և ստեղծման պահից մինչև օրս գեղարվեստական ղեկավարի և դիրիժորի պաշտոնը զբաղեցնում է Ռոբերտ Մլքեյանը, որն այդ տարիների ընթացքում իր աշխատանքով և նվիրումով վաստակեց ՀՀ ժողովրդական արտիստի բարձր կոչումը: 2001-ին երգչախումբը երեք անգամ համերգներով հանդես է եկել Լոնդոնում, և դա արդեն վկայում է կոլեկտիվի բարձր կատարողական որակի մասին: 2006-ին Սանկտ Պետերբուրգի Սպիտակ դահլիճում և Եկատերինյան պալատում ունեցած համերգներով եզրափակել է Ռուսաստանում Հայաստանի մշակութային տարին: Մեկ տարի անց Ստրասբուրգի Եվրախորհրդի համերգային դահլիճում երգչախումբը բացառիկ համերգով շլացրել է հանդիսատեսին։ Քսան տարիների ընթացքում բազմաթիվ հյուրախաղեր է ունեցել Լոնդոնում, Փարիզում, Ժնևում, Մոսկվայում, Ֆրանկֆուրտում, Բերգամոյում, Տորոնտոյում, Դրեզդենում, Օտտավայում, Բեռլինում և Սան Ֆրանցիսկոյում:

Կոմիտասի 140-ամյակին նվիրված միջոցառումների մաս է կազմել՝ հանդես գալով համերգ-դասախոսություններով Ֆրանսիայում և Շվեյցարիայում: 2015-ին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում երգչախումբը լուրջ դերակատարություն է ունեցել՝ ներկայացնելով համերգային ծրագրեր Բեռնի կենտրոնական տաճարում (Ցյուրիխ, Շվեյցարիա), Լիբանանում, Արգենտինայում և Հունաստանում»։

Արմեն Արաբյան

«Կոլեկտիվը հայկական երգչախմբային արվեստը ներկայացնում է բարձր կատարողականությամբ, որը համահունչ է միջազգային ամենախիստ չափանիշներին: Հատկանշական են հատկապես ելույթները Սեն Լուի տաճարում, Սալգավո դահլիճում, Սպիտակ դահլիճում, Սմոլնիի տաճարում, Գլազունովի դահլիճում», Դոնիցետիի օպերային թատրոնում (Բերգամո), Ֆրաու Կիրխե տաճարում (Դրեզդեն), Կոլոն օպերային թատրոնում (Բուենոս Այրես) և Աթենքի Մեգարոն համերգասրահում»- շարունակում է Արմեն Արաբյանը:

Հատուկ նշանակություն ունի համաշխարհային ճանաչում ունեցող՝ ECM records-ի թողարկած Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հիման վրա Տիգրան Մանսուրյանի գրած «ARS poetica» երգչախմբային կոնցերտի ձայներիզը, որը 2006-ին The Gramophone երաժշտական կատալոգի գեղարվեստական խորհրդի կողմից ստացավ հինգ աստղ:

«ՀՊԿԵ-ի կարևոր առաքելությունն է ոչ միայն համաշխարհային գոհարների, այլ նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակումը: Կոլեկտիվը բազմիցս հանդես է եկել պրեմիերաներով՝ կատարելով Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Երվանդ Երկանյանի, Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների երգչախմբային շարքերը»,- ասում է Արմեն Արաբյանը:

Հաղորդման ընթացքում հնչում են ՀՊԿԵ-ի՝ տարբեր տարիների կատարված ձայնագրությունները:

Back to top button