ԿարևորՔաղաքական

Եվրախորհրդարանը կրկին կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի վերաբերյալ նոր զեկույցում Եվրախորհրդարանի պատգամավորները ևս մեկ անգամ կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունված զեկույցում պատգամավորները զգուշացնում են, որ չնայած Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու մտադրության մասին բազմաթիվ հայտարարություններին, վերջին երկու տարվա ընթացքում երկիրը հետևողականորեն հետ է կանգնել անդամակցության գործընթացի հետ կապված իր պարտավորություններից։

Հղում անելով 2015 թվականի ապրիլի 15-ի Եվրախորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունած բանաձևին՝ պատգամավորները ևս մեկ անգամ խրախուսում են Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Զեկույցում նշվում է, որ Եվրախորհրդարանը բարձր է գնահատում Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին շփումները, հատուկ ներկայացուցիչների նշանակումը և երկու երկրների միջև թռիչքների վերսկսումը:

Խորհրդարանը այս զարգացումները «խիստ դրական» է գնահատում և համարում, որ դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի բարգավաճման և անվտանգության վրա: Կողմերին խրախուսում է շարունակել ջանքերը՝ հարաբերությունները լիարժեք կարգավորելու նպատակով և կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն աջակցել այս գործընթացին։

Խորհրդարանը կոչ է անում Թուրքիային ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջոցով, ինչպես նաև լիովին հարգել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները:

Եվրապատգամավորները հույս են հայտնում, որ դա կարող է հանգեցնել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման:

Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում ակտիվացնել ջանքերը՝ արդյունավետորեն կարգավորելու երկրում հայերի և այլ փոքրամասնությունների «սարսափելի վիճակը»:

Եվրախորհրդարանը նաև մտահոգություն է հայտնում այն կապակցությամբ, որ «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումը տարածվում է ոչ միայն Թուրքիայում, այլև ԵՄ անդամ երկրներում: Այն կոչ է անում ԵՄ-ին և դրա անդամ պետություններին դիտարկել ԵՄ երկրներում կազմակերպության գործունեությունը արգելելու հնարավորությունը:

Back to top button