

Հայաստանի պատմության թանգարանում բացված «Զենք, պայքար, մշակույթ» ցուցադրությունում կարելի է տեսնել ճապոնական կատանա և տոգո սրեր, ինչպես նաև 19-20-րդ դարերի անվանական սառը և տաք զենքերի նմուշներ, որոնք պատկանել են Գային, Հովհաննես Բաղրամյանին, զորավար Անդրանիկին։
Ցուցադրված են նաև հայ նշանավոր զինագործների` արցախցի Բադալովի և Չիֆթալարյան եղբայրների պատրաստած զինատեսակներ։
Զենքը միշտ եղել է տղամարդու հպարտության, նաև հարստության խորհրդանիշը։ Սառը զենքը հաճախ զարդարվել է թանկարժեք քարերով, ներպատվել է ոսկով և արծաթով։
Թեպետ հայ զինագործները հայտնի են եղել իրենց վարպետությամբ, հայ տղամարդիկ կրել են նաև Իտալիայում, Գերմանիայում կամ Դաղստանի՝ Կուբաչի հայտնի գյուղում պատրաստված զենքեր։