ԿարևորՄիջազգային

Վառելիքն ու սնունդը կրկնակի թանկացել են․ Ուկրաինայում ռմբակոծությունների տակ կյանքը «վերականգնվում» է

Ռուս-ուկրաինական պատերազմի ավելի քան100 օրերի ընթացքում գրեթե 14 միլիոն ուկրաինացի ստիպված լքել է իր տունը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ հարկադիր տեղահանման նման մասշտաբներ և նման արագություն պատմության հակամարտություններում դեռևս չի եղել։ Ռազմական գործողությունների հետևանքով սրվել են նաև հումանիտար խնդիրները․ երկրի տարբեր տարածքներում հարյուր հազարավոր ուկրաինացիներ ջուր և էլեկտրականություն չունեն։ Ընդհանուր առմամբ՝ 15,7 միլիոն բնակիչ հումանիտար օգնության կարիք ունի, և այդ թիվն անընդհատ աճում է՝ ասված է ՄԱԿ-ի զեկույցում։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Ուկրաինայի հայերի միությունից հայտնում են, որ չնայած դժվարություններին ու ճգնաժամին՝ երկրի որոշ բնակավայրերում կյանքը որոշակիորեն վերականգնվում է, շատերը վերադառնում են, նրանց մեջ քիչ չեն  նաև հայերը։

Արդեն 103 օր ռազմական գործողություններ, բախումներ, դրանց հետևանքով՝ շուրջ 14 միլիոն տեղահանված և հազարավոր զոհեր․ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ Ուկրաինայում պատերազմի 103-րդ օրը հակասական տրամադրություններ են․ երկրի հարավում՝ Դոնբասում, Խերսոն և Զապորոժե մարզերում, ակտիվ ռազմական գործողություններ են, իսկ այն տարածքներում, որտեղից ռուսական ուժերը նահանջել են՝ Կիևի, Չեռնիգովի մարզում կյանքը դժվարությամբ, բայց վերականգնվում է։ Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ երկիրը լքած 6.5 միլիոն մարդկանցից շուրջ 3 միլիոնը վերադարձել է՝ չնայած ճգնաժամին ու տնտեսական դժվարություններին։

«Ուկրաինայում վառելիքի ճգնաժամ է, քանի որ ոչնչացվել են գրեթե բոլոր գործարանները, որոնք վառելիք են արտադրում և նաև բոլոր պահեստները։ Այդ պատճառով տնտսվարողներից շատերը իրենց բիզնեսները վերագործարկելուց հետո շատ արագ նորից փակեցին և, կարծում եմ, չեն բացի, քանի դեռ վառելիքի խնդիրը չի լուծվել։ Սննդի խնդիր չկա, բայց սնունդը կրկնակի թանկացել է․ դա ևս կապված է վառելիքի թանկացման և բացակայության հետ»,-մանրամասնում է Դավիթ Մկրտչյանը։

Ուկրաինա վերադառնում են այն մարդիկ, որոնք վստահ են, որ իրենց տունը կանգուն է, նրանց մեջ կան նաև հայեր՝ ասում է Հայերի միության փոխնախագահը։ Վստահեցնում է՝ վերադարձողներին փորձում են հնարավորության սահմաններում օգնել, քանի որ քչերն են, որ կարողանում են աշխատանք գտնել կամ վերականգնել աշխատանքը։

«Վերադարձողների առաջին խնդիրն աշխատանքն է, քանի որ նվազել են աշխատատեղերը, տնտեսությունը շատ վատ վիճակում է, գործարանները, արտադրամասերը հիմնականում չեն գործում։ Իհարկե, կա նաև օթևանի խնդիր շատերի համար»։

Մարդկանց ներհոսք կա նաև պատերազմից ամենաշատը տուժած Խարկովի մարզում՝ ասում է Խարկովում Հայաստանի պատվո հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ քաղաքի հիմնական մասն ավերված է․ կան մարդիկ, ովքեր ապրում են մետրոյի կայարաններում, շատերին պետությունը ժամանակավոր կացարան է հատկացրել։

«Վերջին շրջանում Խարկովի մեծ թվով բնակիչներ վերադառնում էին թե Եվրոպայից, թե արևմտյան Ուկրաինայից․ դա կապված էր վերջին շրջանում քաղաքի հարաբերական «խաղաղ» իրավիճակի հետ։ Մարդիկ մտածեցին, որ վտանգն արդեն անցյալում է, և շատերը վերադարձան, բայց վերջին օրերը ցույց են տալիս, որ վտանգը, մեղմ ասած, դեռ անցյալում չէ, հակառակը՝ նորից սրվում է իրավիճակը, և դրա վառ ապացույցն են նաև երեկվա իրադարձությունները՝ ռմբակոծությունները քաղաքի տարբեր մասերում»,-ասում է Համլետ Հովհաննիսյանը։

Խարկովի մարզում ևս ամենամեծ խնդիրը վառելիքն է․ լցակայաններրի մոտ հերթեր են, վառելիքը վաճառվում է սահմանափակ քանակությամբ և կրկնակի թանկ գնով՝ պատմում է Հովհաննիսյանը։

«Եղել են նաև, այո, վերադարձող հայեր, սակայն ոչ այնքան շատ։ Բավական մեծ թվով հայեր վերադարձել են Հայաստան, որոշ մասն էլ դեռ եվրոպական երկրներում է, իհարկե, կան նաև հայ ընտանիքներ, որոնք պատերազմի առաջին օրվանից մինչև հիմա Խարկովից դուրս չեն եկել և հիմա էլ այստեղ են»,-մանրամասնում է պատվո հյուպատոսի օգնականը։

Այս պահին մարդկանց հոսքը երկրից նվազել է․ հայերը ևս քիչ են լքում Ուկրաինան՝ ասում է հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։ Քանի որ ներկայում տեղահանման խնդիր չկա, զբաղվում են հումանիտար օգնություն հատկացնելով՝ սնունդ, դեղորայք և այլն։ Ուկրաինայի հայերի միությունում հիշեցնում են՝ մինչև պատերազմը երկրում շուրջ կես միլիոն հայ էր ապրում։ Դեռ տվյալներ չունեն այս պահին Ուկրաինայում գտնվող և երկրից դուրս եկած հայերի հստակ թվի մասին։ Մկրտչյանն ասում է՝ պատերազմի երկրորդ օրվանից դիմել են ուկրաինացի սահմանապահներին՝ երկրից դուրս եկած «յան»-ով վերջացող ազգանուններով մարդկանց թիվն իմանալու համար, սակայն սահմանապահները ծանրաբեռնվածության պատճառով դեռ տվյալներ չեն տրամադրել։

Back to top button