ԿարևորՀասարակություն

Աստղերի որսորդները․ երբ երկնային լուսատուները բացի գիտությունից նաև բիզնես են

Բյուրականի աստղադիտարանում գիտական մի խումբ ուսումնասիրում է աստղառաջացումը, զբաղվում Հերբիգ-Հարոյի նոր օբյեկտների և արտանետումների ուսումնասիրմամբ ու հայտնաբերմամբ։ Աստղագիտության բարդ տերմինները շրջանցելով՝ մասնագետները բացատրում են, որ սրանք  միգամածության պայծառ բծեր են՝ կապված աստղերի ծագման հետ։

Այս օբյեկտները հայտնի են  դեռ 1950-ականներից, սակայն իրենց անվանումը ստացան Վիկտոր Համբարձումյանի առաջարկով, երբ վերջինս կռահեց, որ դրանք անմիջական կապ ունեն ծագող աստղերի հետ։ Բյուրականի աստղադիտարանում աշխատող երեք հոգանոց թիմն աշխատում է դեռ  Շմիդտի դասի 60-ականների աստղադիտակով, բայց դա  չի խոչընդոտում, որ «աստղային» գիտական արդյունքները տպագրվեն միջազգային ամսագրերում։ Պրոֆեսիոնալ աստղագետները նաև իբրև հոբբի աստղալուսանկարչությամբ են զբաղվում։ Մինչդեռ նրանց կողքին աստղալուսանկարչությամբ զբաղվում են մասնագիտական խմբեր, որոնց կադրում են Հայաստանի աստղային «լանդշաֆտները», ֆիքսում միլիոնավոր լուսատարի հեռու գտնվող հարդագողի ճամփորդներին։

Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Տիգրան Մովսիսյանն իր խմբի հետ ուսումնասիրում է աստղառաջացումը, փորձում մեր գալակտիկայում հայտնաբերել Հերբիգ-Հարոյի օբյեկտներ և արտահոսքեր։ Դրանք այսպես ասած միլիոն տարեկան «փոքրիկ» աստղեր են։

«Ծնվող աստղեր չէ, բայց, այսպես ասած, մանկամսուրում գտնվող աստղեր են, փոքր երեխաներ են միլիոն տարեկան, միլիոն տարին հեչ է աստղերի համար»։

Հերբիգ-Հարոյի օբյեկտների ուսումնասիրությամբ կարելի է գնահատել, թե ինչ տեմպերով է աստղառաջացում լինում։  Աստղերը հետազոտվում են Շմիդտի մեկ մետրանոց աստղադիտակով, նույն դիտակով, որով հայտնաբերվել են հայտնի Մարգարյանի գալակտիկաները։ Հսկայական աշխատանքից հետո դիտակը վաստակած հանգստի էր անցել։ Պատճառը տեխնիկական էր։ Հենց այդ ժամանակ էլ Տիգրան Մովսիսյանն արդեն աշխատանքի էր անցել Բյուրականի աստղադիտարանում։ Որոշեցին դիտակին երկրորդ կյանք տալ։ Մի քանի տարվա աշխատանքից հետո դիտակը 2015-ին արդիականացվեց։

«Վերջապես 2015թ-ի հոկտեմբերին մենք, այսպես ասած, առաջին լույսը ստացանք, այսինքն՝ առաջին պատկերը ստացանք այս դիտակով»։

Դիտակի հնությունը արդիականացումից հետո չի խոչընդոտում նորագույն գիտական արդյունքներին։ Ստացված պատկերների վրա հայտնաբերվում են օբյեկտներ, որոնցից ամենահետաքրքիրները հետազոտում են այլ մեթոդներով։ Նախորդ տարի տպագրված հոդվածում տեղ էին գտել հարյուրից ավելի հայտնաբերված նոր Հերբիգ-Հարոյի օբյեկտներ։

«Անցյալ տարի  տպագրվեցինք «Ասթրոնոմինգ-ասթրոֆիզիքս»  ամսագրում, որը եվրոպական լավագույն երկու ամսագրերից մեկն է։ Աշխատանքն ամբողջովին  այս դիտակով էր»։

Մովսիսյանի գրասենյակի պատին օրացույց կա արտագալակտիկական օբյեկտներ պատկերող։ Իր ձեռքով ստացված նկարներն են։ Աստղագիտությունը Մովսիսյանի մասնագիտությունն է, աստղալուսանկարչությունը՝ հոբբին։ Աստղառաջացում ուսումնասիրող գիտնականը պարբերական դիտումների, պատկերների ստացումից հետո հաջորդ քայլին անցավ․ սկսեց ոչ միայն արտագալակտիկական օբյեկտներ նկարել, այլև «ներկել» դրանք։ Մովսիսյանը բացատրում է՝ համացանցում առկա ֆանտաստիկ գունային համադրություններով գալակտիկաների, երկնային օբյեկտների և նեբոլաների գույները հաճակ «կեղծ» են անվանում, քանի որ լուսանկարիչները հրահանգում են համակարգին, թե ինչ գունավորում տա պատկերին։

«Սա կեղծ է համարվում, քանի որ ես նկարել եմ նեղ լուսազտիչով և համակարգին ասել եմ, որ սա կարմիր ներկի, ինքն էլ ներկել է»։

2015-ին արդիականացված դիտակի գործարկումը գործարկեց նաև մասնագիտական նոր մոտեցումները, դյուրացրեց գիտնականների աշխատանքը։ Այժմ դիտակը կառավարվում է համակարգիչների միջոցով և մարդու ներկայություն գմբեթի կողքին չի պահանջվում։

«Առաջ աստղագետները նույնիսկ ձմռանը մինուս 10 աստիճանին գմբեթի տակ դիտումներ էին անում»։

Եթե 42 տարվա փորձառու պրոֆեսիոնալ աստղագետիհամար աստղեր լուսանկարելը մի օր հոբբի դարձավ, ապա Ինգա Ավանեսովայի համար սա մասնագիտություն է արդեն  9 տարի։

«Էն ժամանակ շատ քիչ մարդ էր նկարում, Հայաստանում ընդհանրապես չկար, շատ տուրիստներ եկան, մեզ հետ նկարեցին, ճանաչեցին Հայաստանը իմ նկարների միջոցով»։

Աստղալուսանկարչությունը միայն լուսանկարչական գիտելիքներ չէ, որ պահանջում է, այլև աստղագիտության  իմացություն է պետք։ Սա Ինգա Ավանեսովայի համար նաև  եկամտի միջոց է։

«1-ից մինչև 300 դոլար, երբ վաճառում եմ ինստագրամում՝ 299 դոլար է լինում մեկ նկարի համար։ Մի քանի տարի առաջ մտել եմ աշխարհի լավագույն 100 աստղալուսանկարիչների ցանկի մեջ։  Արագածում մի հին ավտոբուս կա՝ լքված, այդ նկարը շահել է, մտել աշխարհի լավագույն ֆոտոների մեջ։ Վերջերս նկարներս տեղադրել են նաև «Սայընզ» ամսագրում»։  

Նրա աշխատանքային օրը սկսվում է, երբ մերը վերջանում է։ Տարիների փորձառություն՝ ավելացրած 5 երկրային ժամ․ անհրաժեշտ կադրի բաղադրատոմսն է՝ ասում է Ինգան։ Երբ երկինքը դաշնակից է, գիշերը դառնում է աշխատանքային, ու որքան երկարի աստղազարդ գիշերը, այդքան «աստղային» կադրեր ստանալու շանսերը մեծանում են։ Աստղալուսանկարիչ-արշավականները քնելու ու երազ տեսնելու փոխարեն գերադասում են երազել իրական աստղերի տակ։  Տեսախցիկով ֆիքսել մարդկային կյանքի անցողիկության մեջ չտեղավորվող լուսատարիները։

Back to top button