Նա 3 տարում կտրեց անցավ 9 ծով, օղակեց Եվրոպան և հանգրվանեց Սևանի ափին։ Մեր լեռնային երկրի ծովային պատմությունը վերամոդելավող պարծանքը՝ «Կիլիկիա» առագաստանավը 20 տարեկան է։ Նավապետն ու նավաստիները հաճախ են այցի գնում Կիլիկիային, հիշում՝ պատմություն կերտած արկածային օրերը։
37 տարի առաջ, մի խումբ երազող երիտասարդներ համախմբվեցին ծովային հետազոտությունների «ԱՅԱՍ» ակումբում, որոշեցին աշխարհին ցույց տալ թե ինչպիսի նավաշինանարներ ու նավաստիներ են եղել հայերը միջնադարում և ինչպիսին են հիմա։
Ու սխրանքներ գործելով՝ ապացուցեցին։


6 տարի ուսումնասիրեցին ձեռագրեր ու մանրանկարներ Հայաստանի Մատենադարանում, Ռուսաստանի, Լոնդոնի, Վենետիկի արխիվներում ու գրադարաններում, հետո անտառներում ընտրեցին կաղնու և սոճու ծառեր, յուղով, խեժով մշակեցին ու նավը կառուցեցին ճիշտ այնպես, ինչպես մեր նախնիներն էին կառուցել 900 տարի առաջ։


11 տարի կառուցեցին, պատրաստի նավը հին հունական ավանդույթի համաձայն մայրաքաղաքի կենտրոնում ժողովրդին ի ցույց դրեցին, հետո տեղափոխեցին Սևան։ 2002 թվականի մայիսի 25-ին Կիլիկիա նավն առաջին անգամ ջրարկվեց Սևանի ալիքների վրա։ Երկու տարի անց Կիլիկիան մեծ դժվարությամբ 700 կմ ցամաքային ճանապարհ անցավ լեռներով ու ձորերով, 10 օրում հասավ Սև ծով ու մեկնարկեց «Նավարկություն 7 ծովերով» առաքելությունը։


Նավապետ Կարեն Բալայանն ասում է․ «Ճիշտ է՝ նավարկությունը կոչվում էր «Նավարկություն 7 ծովերով», բայց իրականում մենք կտրեցինք անցանք 9 ծով, 15 000 մղոնից ավելի, ինչը մոտ 28 000 կիլոմետր է։ Այցելեցինք 63 նավահանգիստ ու 23 երկիր։ Ապացուցեցինք, որ հայերը եղել են հմուտ նավաստիներ այն ժամանակ և այդպիսին են հիմա»։


Կիլիկիայի վերածնունդը նախ և առաջ մշակութային երևույթ էր, բացվեցին Միջնադարի հայկական մշակույթը հանրահռչակելու նոր հորիզոններ, ձոնվեցին նոր երգեր։ Արմեն Մովսիսյանի ու Էդուարդ Զորիկյանի «Հուսո առագաստ» երգը տեղ գտավ գրեթե յուրաքանչյուր հայի սրտում։
Եվս մեկ գեղեցիկ ստեղծագործություն՝ «Հերո հեը հո» երգը Ոստան հայոցն է նվիրել Կիլիկիային։
Կոմպոզիտոր, երգիչ, երգահան Վահան Արծրունու «ԱՅԱՍ» ստեղծագործությունը հայ ծովագնացներն ամբողջ թիմով են երգել, երբ հասել են ԱՅԱՍ։
«Իմ երգը ծնվեց նավի հետ։ Նման իրողությունները շոշափելի կերպով կապում են դարաշրջանները և մեզ դարձնում են պատմական իրողությունների ականատես։ Այս երևույթը և պատմության հետ է կապված և՛ մշակույթի և՛ արվեստի տարբեր ոլորտների, սկսած մանրանկարչությունից մինչև երաժշտություն»։


Որպեսզի «Կիլիկիայի» նախագիծն ամբողջանա, այսօր մնում է իրականացնել միայն ամենադյուրինը թվացող, բայց արդեն 16 տարի ձգձգվող, թանգարանի տարածք ունենալու հարցը։