ԿարևորՀասարակություն

«Կիլիկիա» առագաստանավը 20 տարեկան է

Մեր լեռնային երկրի ծովային պատմությունը վերամոդելավող ու հայերիս 700-ամյա երազանքը մարմնավորող «Կիլիկիա» առագաստանավը 20 տարեկան է։ 3 տարում 9 ծով անցավ, շրջանցեց Եվրոպան և հանգրվանեց Սևանի ափին։ Նավապետն ու նավաստիները հաճախ են այցի գնում «Կիլիկիային», հիշում պատմություն կերտած արկածային օրերը։   

Սևանի` Արտանիշի ափին, խոնարհ հպարտությամբ կանգնած է «Կիլիկիա» առագաստանավը։ Հայերիս 700-ամյա երազանքի մարմնացումն արդեն 20 տարեկան է։  Նավապետ Կարեն Բալայանը բացում է նավամբարի դռները՝ հիշելով երազանքի իրականացման ճանապարհի արկածային օրերը։

«Փոթորիկների ժամանակ խոհարարը մի ձեռքով բռնվում էր սյունից, մյուս ձեռքով ճաշ էր պատրաստում»։

Հետո կարոտած ժպիտով բացում է իր՝ նավապետի սենյակի դուռը։

«Սա իմ մահճակալն էր․ մեր ընթացքը 24 ժամ էր, 4 ժամը մեկ հերթափոխ էր նշանակված»։

37 տարի առաջ, մի խումբ երազող երիտասարդներ համախմբվեցի ծովային հետազոտությունների «ԱՅԱՍ» ակումբում, որոշեցին աշխարհին ցույց տալ, թե ինչպիսի նավաշինանարներ ու նավաստիներ են եղել հայերը միջնադարում ու ինչպիսիք են հիմա և սխրանքներ գործելով՝ ապացուցեցին։

Վեց տարի ձեռագրեր ու մանրանկարներ ուսումնասիրեցին Մատենադարանում, Ռուսաստանի, Լոնդոնի, Վենետիկի արխիվներում ու գրադարաններում, հետո անտառներում ընտրեցին կաղնու և սոճու ծառեր, յուղով, խեժով մշակեցին ու նավը կառուցեցին ճիշտ այնպես, ինչպես մեր նախնիներն էին կառուցել 900 տարի առաջ։

«Իրոք երազանք է, որ հայերի ձեռքով կառուցված նավը պետք է Բոսֆորով անցնի ու մտնի Միջերկրական ծով»։

11 տարի կառուցեցին, պատրաստի նավը հին հունական ավանդույթի համաձայն մայրաքաղաքի կենտրոնում ժողովրդին ի ցույց դրեցին, հետո տեղափոխեցին  Սևան։  2002 թ․ մայիսի 25-ին «Կիլիկիա» նավն առաջին անգամ ջրարկվեց Սևանի ալիքների վրա։ 2004-ին «Կիլիկիան» մեծ դժվարությամբ  700 կմ ցամաքային ճանապարհ անցավ լեռներով ու ձորերով, 10 օրում հասավ Սև ծով ու մեկնարկեց «Նավարկություն 7 ծովերով» առաքելությունը։

Նավապետ Կարեն Բալայան․ «Ճիշտ է, նավարկությունը կոչվում էր «Նավարկություն 7 ծովերով», բայց իրականում մենք կտրեցինք, անցանք 9 ծով՝ 15 000 մղոնից ավելի, ինչը շուրջ 28 000 կիլոմետր է։ Եղանք  23 երկրի  63 նավահանգստում։ Ապացուցեցինք, որ հայերը  ժամանակին եղել են հմուտ նավաստիներ և այդպիսին են հիմա»։

«Կիլիկիայի» ստեղծումը նախ և առաջ մշակութային ու քաղաքակրթական երևույթ է՝ ասում է երգահան Վահան Արծրունին։ Արծրունու «ԱՅԱՍ» ստեղծագործությունը հայ ծովագնացներն ամբողջ թիմով են երգել, երբ հասել են ԱՅԱՍ։

«Իմ երգը ծնվեց նավի հետ։ Նման իրողությունները շոշափելի կերպով կապում են դարաշրջանները և մեզ դարձնում են պատմական իրողությունների ականատես։ Այս երևույթը և պատմության հետ է կապված, և՛ մշակույթի, և՛ արվեստի տարբեր ոլորտների՝ մանրանկարչությունից մինչև երաժշտություն»։  

2021-ի սեպտեմբերի 21-24 ը Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ «Ծովն է կանչում» խորագրով ծովային և արկածային ֆիլմերի 18-րդ միջազգային կինոփառատոնը, որին առաջին անգամ մասնակցում էր Հայաստանը։ Կարեն Բալայանը և Հովհաննես Հակոբյանը ներկայացրել էին  նավի շինարարության մասին պատմող «ԿԻԼԻԿԻԱ. ԱՐԱՐՈՒՄ» փաստագրական ֆիլմը։

Փառատոնային 67 աշխատանքներից հայկական ֆիլմը միակն էր, որ ներկայացված էր ծով չունեցող երկրից։ Ֆիլմերից շատերը հսկայական բյուջեներ են ունեցել։ Հայկական ֆիլմը տարբերվել է նաև բյուջեով։

«Բյուջեի խնդիր չենք ունեցել, քանի որ բյուջե չենք ունեցել։ Ֆիլմը նկարահանված է բացառապես մեր ուժերով»։

«ԿԻԼԻԿԻԱ. ԱՐԱՐՈՒՄ» ֆիլմն արժանացել մրցանակի «Նավաշինարարների մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ռեժիսոր Հովհաննես Հակոբյանը պատմում է՝ «Կիլիկիայի» ֆենոմենն անտարբեր չի թողել շքեղ առագաստանավերի նավապետերին․ նրանք պարբերաբար ընդունելություն են խնդրել ու անվերջ հարցեր տվել։

«Ցավում եմ, բայց «Կիլիկիայի» ֆենոմենը մեզ ավելի քիչ է հետաքրքրում, քան դրսում»։

Որպեսզի «Կիլիկիայի» նախագիծն ամբողջանա, պետք է անել վերջին քայլը՝ լուծել ամենադյուրինը թվացող, բայց տարիներով ձգձգվող՝ թանգարանի տարածք ունենալու հարցը։

Հայ ծովագնացները 37 տարի աշխարհի տարբեր երկրներից ցուցանմուշներ ու նյութեր են հավաքել, որոնց առյուծի բաժինը արտերկրում է և Հայաստան կգա, երբ թանգարանի տարածքի հարցը լուծվի։ Ծովային թանգարանը մեծ ծախսեր է պահանջում, բայց հովանավորն արդեն հայտնի է․սպասում է տարածքին, որ հայկական ծովագնացության պատմության պահպանման ու հանրահռչակման մեջ իր լուման ունենա։

Սակայն թանգարանի տարածք ունենալու 16 տարվա ջանքերը դեռ արդյունք չեն տվել։

Back to top button