Ժամանակի վկան

Արցախի մշակութային ժառանգությունն ադրբեջանական հարձակումների թիրախում․ Հայկուհի Մուրադյան․ «Ժամանակի վկան»

ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի, «Թաթուլ Կրպեյան Խաղաղություն» հիմնադրամի և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության համատեղ նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 21-22-ին տեղի ունեցավ Թաթուլ Կրպեյանի անվան «Արցախյան ընթերցումներ» ամենամյա հանրապետական գիտաժողովի անդրանիկ նստաշրջանը։

Գիտաժողովի մեկնարկը տրվեց Հայաստանի ազգային հերոս, Հայրենիքի շքանշանակիր Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրը՝ ապրիլի 21-ին Երևանում` Նոր Նորքի առաջին զանգվածում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում՝ հերոսի հուշարձանի մոտից։ Գիտաժողովի բուն նիստը տեղի ունեցավ ապրիլի 22-ին՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դահլիճում։

Հաղորդումը ներկայացնում է Թաթուլ Կրպեյանի անվան «Արցախյան ընթերցումներ» ամենամյա հանրապետական գիտաժողովի մասնակից, ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» կայքի գործառնական պատասխանատու, պատմական գիտությունների թեկնածու Հայկուհի Մուրադյանի՝ գիտաժողովում արծարծած թեման՝ «Արցախի մշակութային ժառանգությունն ադրբեջանական հարձակումների թիրախում» վերնագրով զեկուցումը։

Տարօրինակ չէ, որ Ադրբեջանը վարում է հայկական մշակութային ժառանգության ու ինքնության ոչնչացման, ինչպես նաև դրա կերպարային խեղաթյուրման քաղաքականություն, այլ առավել տարօրինակը միջազգային հանրության լռությունն է այս դեպքերի վերաբերյալ։

44-օրյա պատերազմի ընթացքում Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության կամ պղծման դեպքը միակը չէր։ Հայկական մշակութային ժառանգությունն ավելի մեծ ուժով ու բազմիցս թիրախավորվեց հատկապես նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո։

Կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորումն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքում՝ որպես պատերազմի հանցագործություն, որի համար պատասխանատվությունը չունի վաղեմության ժամկետ։ Ըստ միջազգային կոնվենցիաների՝ մշակութային ժառանգությունը նույնպես վաղեմություն չունի։

Հայկական հետքը նվաճված տարածքներից ոչնչացնելու, իսպառ վերացնելու կամ խեղաթյուրելու դեպքերը հետևողականորեն տարվող ադրբեջանական պետական նպատակաուղղված քաղաքականություն են, որը շարունակությունն է անցյալ դարում իրագործած սպիտակ ցեղասպանության քաղաքականության։

Ազատագրված Կովսականում նորակառույց դպրոցը կրում էր Թաթուլ Կրպեյանի անունը։ Մուտքի մոտ հսկա ժառաբեկորի վրա ուսուցիչ-հերոսի դիմաքանդակով հուշարձանն առավել ընգծում էր հայեցի կրթօջախի առաքելությունը։ Ցավոք, ի թիվս բազմաթիվ այլ հուշարձանների, այն նույնպես դարձավ ադրբեջանական վանդալիզմի զոհ։

Չափ չճանաչող, ոչնչի առջև կանգ չառնող ադրբեջանական սանձարձակ թշնամանքն ընդդեմ հայկականության ինչպե՞ս զսպել, ի՞նչ միջոցներ ձեռք առնել, ինչպե՞ս պայքարել այդ ամենի դեմ ակադեմիական մակարդակով։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» անվանումով կայքը բավականին հետաքրքրություն է առաջացրել հատկապես ադրբեջանցիների շրջանում։ Արցախի կառավարությունը հատուկ քաղաքականությամբ երբեք չի թիրախավորել ադրբեջանական հուշարձանները։

Կարևորվում են հատկապես տարբեր լեզուներով մասնագիտական գրականության հրատակությունները և դրանց տարածումը։

Նշված ձեռնարկումներն անհատական նախաձեռնություններ են ընդդեմ ադրբեջանական հայեցակարգային համակարգված շարունակական քաղաքականության, որի դեմ անհրաժեշտ է կիրառել մշակութային պաշտպանության պետական հստակ հայեցակարգ և ռազմավարություն։

Հաղորդաշարի հեղինակ՝ պ․գ․թ․ Իրինա Բարսեղյան-Կրպեյան։

Back to top button