Մտքի ուժը

Սուրճը խմելուց նստվածքը չորացնել․ ԵՊՀ-ում «MI COFЕ» պարարտանյութ են ստանում․ «Մտքի ուժը»

Սուրճը խմելուց հետո լվանա՞լ բաժակը, թե՞ նստվածքը չորացնել. հարցն առաջին հայացքից է միայն տարօրինակ ու զարմանալի մեզ համար։ Բայց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսատեխնոլոգիայի և կենսավառելիքի նորարարական կենտրոնում վաղուց արդեն զարմանալի չէ։

Այստեղ օգտագործված սուրճի մնացորդից բույսերի աճը խթանող կենսաբանորեն ակտիվ նյութ են ստանում։ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Լիանա Վանյանը պատմում է՝ աշխատանքները 2020 թվականից են սկսել։ Աշխարհում տարեկան 500 միլիարդ բաժակ սուրճ է սպառվում։ 25 միլիոն ֆերմեր օրվա ապրուստը սուրճ աճեցնելով է վաստակում: Կլիմայական փոփոխությունների պատճառով մինչև 2050 թվականը սուրճ աճեցնելու համար նախատեսված տարածքները կարող են կրճատվել 50 տոկոսով:

Իսկ ի՞նչ անել սպառված սուրճի կուտակված թափոնների հետ։ ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական կենտրոնում ելքը գտել են՝ պատմում է գիտաշխատող Սաթենիկ Միրզոյանը:

Դեռ 2021-ից կենսաբանորեն ակտիվ ստացված նյութի խթանիչ հատկությունները տարբեր մշակաբույսերի վրա են փորձարկում։ Մինչ ջերմոց տանելը լաբորատորիայում են փորձարկումներ արել, այժմ աշխատում են նաև Ագրարային համալսարանի գիտնականների հետ։

Աշխարհում տարեցտարի նվազում է քիմիական պարարտանյութերի կիրառումը։ Ավելին, դրանց գները համաշխարհային շուկայում մի քանի անգամ ավելացել են։ Եթե նախկինում մեկ պարկ պարարտանյութը մոտ տասը հազար դրամ էր, ապա այս տարի արդեն գյուղացին կրկնակի ավել է վճարում մեկ պարկի համար։ Տեղական ու օրգանական պարարտանյութը և’ ավելի մատչելի կլինի, և’ ավելի անվտանգ, ասում է Սաթենիկ Միրզոյանը:

ԵՊՀ կենսատեխնոլոգիայի և կենսավառելիքի նորարարական կենտրոնում օրվա բոլոր ժամերին եռուզեռ է։ Այստեղ աշխատանքային կարևորագույն պայմաններից մեկը մաքրությունն է ու գերժամանակակից սարքավորումներն ու սերը գիտության՝ հատկապես գիտահետազոտական նյութերի նկատամբ։ Հեշտ չէ գիտական հետազոտություն սկսելը, հատկապես, որ կոնկրետ բնավորության գծեր են պետք դրանով զբաղվելու համար։

Լիանա Վանյանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ է։ Պատմում է՝ գիտական բոլոր հիմնական հետազոտությունների առաջին փուլը գրականության հետ ծանոթանալն է, վերլուծելը, հասկանալը՝ մինչ հերթական գիտական հետազոտությունը սկսելն ինչեր կան արված։ Իսկ ամենակարևորը, դրանք այլ գիտական խմբերի ու այլ մեթոդներով ուսումնասիրման տվյալների հետ համադրելն է :

Լիանան աղիքային ցուպիկ մանրէի վրա հետազոտում է գլյուկոզի կոնցենտրացիայի ազդեցությունը։ Ընտրել է գլյուկոզը՝ որպես ամենատարածված և ամենաշատը օգտագործվող շաքար և հենց այդ ածխաջրի ազդեցությունը մանրէի նյութափոխանակության վրա, և ամենկարևորը՝ հիդրոգենազ ֆերմենտների պատասխան ռեակցիան և կարևորությունը գլյուկոզի կոնցենտրացիայի զգայունության հարցում, էներգիայի առաջացման գործընթացներում։

Երիտասարդ գիտնականները վստահ են՝ իրենց առաջարկները կիրառական նշանակություն ունեն և առաջիկայում դրանք հնարավոր կլինի տնտեսութjան մեջ ներդնել։

Back to top button