Մոռացված ֆիլմերի ստվերները

Միսաք Մանուշյանի առեղծվածը՝ «Այսօր արևոտ օր է» ֆիլմում․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Անցյալ դարի 50-ականների առաջին կեսին Լաերտ Վաղարշյանը նախաձեռնեց «Այսօր արևոտ օր է» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։ Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի և նրա ղեկավարած ինտերնացիոնալ խմբի մարտիկների մասին պատմող ֆիլմի բախտը հենց սկզբից կապվեց միջազգային քաղաքական անցուդարձի հետ, ինչի արդյունքում կինոնկարի նկարահանման աշխատանքները հետաձգվեցին անորոշ ժամանակով։

Միսաք Մանուշյան

1951 թվականին՝ Փարիզում հրատարակվեց «23-ի փառքի էջերը» գիրքը, որում Միսաք Մանուշյանի գլխավորած՝ Ֆրանսիայի դիմադրության շարժման խմբի 23 անդամների հրաժեշտի նամակներն էին։ Ռուսերեն թարգմանությամբ գիրքը չվրիպեց «Հայֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիր Հակոբ Սալախյանի ուշադրությունից։ Գիրքն ընթերցելուց հետո մանուշյանցիների սխրագործությունները ֆիլմի վերածելու միտքը հանգիստ չէր տալիս նրան։

Հայ կինոյի մեծանուն անհատներից մեկի՝ Լաերտ Վաղաշյանի հետ զրույցում Հակոբ Սալախյանը նրան առաջարկում է ընթերցել գիրքը և հետագայում Միսաք Մանուշյանի գլխավորած ինտերնացիոնալ խմբի մասին գեղարվետական ֆիլմ նկարահանել։ Կինոռեժիսորի դուստրը՝ Մարինա Վաղարշայանը պատմում է, որ մանուշյանցիների նամակներն իրենց մարդկային-քաղաքացիական պաթոսով ցնցել էին Լաերտ Վաղարշյանին։

Լաերտ Վաղարշյան

Միսաք Մանուշյանի հակաֆաշիստական գործունեության հետ կապված նյութերը հիմնականում գտնվում էին Փարիզում և առանց ֆրանսիական կինոմատոգրաֆիստների օգնության այդ նյութերին ծանոթանալն անհնար էր։ Հակոբ Սալախյանի նախաձեռնությամբ հայ մտավորականության հայտնի ներկայացուցիչների՝ Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Վիկտոր Համբարձումյանի և այլոց անունից բաց նամակ է ուղարկվում Ֆրանսիայի կինոգործիչներին՝ խնդրելով նրանց օգնել ապագա ֆիլմի ստեղծմանը։ Նամակը տպագրվում է «Իսկուստվո կինո» ամսագրում, ապա «Լետր Ֆրանսեզ» թերթում։ Միսաք Մանուշյանի դրամատիկ կյանքի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի ստեղծումը, սակայն, զարմանալիորեն ևս դրամատիկ կյանք ունեցավ։

Մարինա Վաղարշյան

«Այդ ժամանակ Ֆրանսիայի և Ալժիրի միջև ստորագրվում է մի համաձայնագիր, ըստ որի Ալժիրին տրվում էր ինքնավարություն: Ալժիրի նորընտիր իշխանությունը Ֆրանսիայի այդ ժամանակվա կառավարությունը համարում է հակաօրինական։ Ի տարբերություն Ֆրանսիայի Խորհդային միությունը պաշտոնապես ճանաչում է Ալժիրի կառավարությունը։ Դա դուր չեկավ Ֆրանսիայի իշխանությանը։ Ֆրանսիական կոմկուսի ղեկավարությունը՝ երկրի ներսում բացասական աձագանքից խուսափելու համար, սովետական դեսպան Դանիլովի միջոցով Լաերտ Վաղարշյանին փոխանցեց, որ քաղաքական այդ իրավիճակում նպատակահարմար չի գտնում համագործակցել Խորհրդային կինեմատոգրաֆի ներկայացուցչի հետ»,- պատմում է Մարինա Վաղարշյանը։ 

Ֆրանսիայի և Խորհդային միության միջազգային քաղաքական անբարենպաստ անցուդարձի պատճառով Լաերտ Վաղարշյանն ստիպված ժամանակավորապես մի կողմ է դնում «Այսօր արևոտ օր է» սցենարը՝ սպասելով ավելի բարենպաստ ժամանակների։ Մեկ, երկու, երեք տարի սպասելուց հետո նա որոշում է Միսաք Մանուշյանի գործունեության մասին ֆիլմ նկարահանելու իր վաղեմի երազանքն իրականացնել վավերագրական կինոյի ժանրում։ Կինոգետ Սիրանույշ Գալստյանը նշում է, որ Լաերտ Վաղարշյանը այս վավերագրական ֆիլմը նկարահանելիս ցանկանում էր մոռացությունից փրկել և հետագա սերունդներին պատմել իր ժողովրդի անհատներից մեկի մասին։

Սիրանույշ Գալստյան

«Այս ֆիլմում զարմանալի խորաթափանցությամբ պատմական իրողությունների, աշխարհաքաղաքական  և մարդկային լայն ընդգրկմամբ ճշգրիտ դիտարկումներ կան։ Ինչը էլ ավելի արժեքավոր է դարձնում ֆիլմը»,-ասում է Սիրանույշ Գալստյանը։

Լաերտ Վաղարշյանի՝ համառության և անզիջում պայքարի արդյունքում  նկարահանված «Այսօր արևոտ օր է» վավերագրական ֆիլմի գոյության մասին այսօր գիտեն քչերը։ Մինչդեռ մեկ ժամ տևողությամբ կինոնկարը ոչ միայն Միսաք Մանուշյանի և նրա խմբի հերոսությունների մասին պատմող ֆիլմ է, այլև յուրօրինակ մի պատում է ինտերնացիոնալիստական համերաշխության, ազատասիրության, բռնության դեմ ըմբոստացող մարդկանց բարոյական վեհության մասին։

Մնում է հուսալ, որ հայկական կինոյի ճակատագրով զբաղվողները կվերհիշեն այս ֆիլմի գոյության մասին, և մի քանի տասնամյակ անարդարացիորեն մոռացության ճիրաններում հայտնված ռեժիսորական հետաքրքիր լուծումներով նկարահնաված կինոնկարը կրկին կվերադառնա հեռուստաէկրան։ 

Back to top button