ԿարևորՀասարակություն

Միակ շրջանավարտի համար ուսուցիչները ֆուտբոլ են խաղացել

Հանրապետության 1403 դպրոցում այսօր վերջին դաս էր։ Այս տարի 12-րդ դասարանն ավարտում են շուրջ 21 հազար, իսկ 9-րդ դասարանը` ավելի քան 34 հազար 500 շրջանավարտներ: Մինչ Երևանի տարբեր դպրոցներում վերջին զանգն անցել է բազմամարդ ու աղմկոտ, երկրի 34 դպրոցում վերջին զանգը հնչել է ընդամենը 1 աշակերտի համար։

Գիտեն, որ օրը կարեւոր է։ Մաղթանքներ շատ են լսել, մաղթանքներից շատ՝ որ իրենց կյանքում նոր ու պատասխանատու շրջան է սկսվում։ Բայց իրենց մի մասը դեռ չի գիտակցում օրվա խորհուրդը։ Այսօր դեռ տարված են հանդիսությամբ, հուզված են, անհանգիստ, մտքերը՝ դեռ խառը նաեւ առաջիկա քննությունների պատճառով։ Ավարտական միջոցառմանն էլ երկար են պատրաստվել․ դա էլ քննության պես մի բան է։ Ամենով հանդերձ՝ օրը տոնական է, երկար սպասված։

Տարիները դեռ հետեւում չմնացած՝ արդեն ամփոփում են դրանք։ Դպրոցական առաջին օր ու այս տարիների ուրախ ու բարդ օրեր։ Խնդիրներն արդեն էլ խնդիր չեն թվում։ Մանկությունը դեռ հետեւում չթողած՝ արդեն մանկության դրվագներն են ի մի բերում։ Չեն թաքցնում` շատ են սպասել այսօրվան, բայց և գիտակցում են` անցյալում են թողնում շատ թանկ մի բան.

«Իհարկե, կկարոտեմ, ավելի շատ դասարանի երեխաների հետ շփումը, նաև ուսուցիչներին»։ «Թող ներեն մեզ, բայց նաև ջղայնացրել են, դասի փախել։ Հավատում ենք՝ մի նոր փուլ ենք մտնում,այս 12 տարին հրաշք էր մեր կյանքում»։

Մինչ մայրաքաղաքում տոնական աղմուկն ամենուր է, հանրապետության մի շարք բնակավայրերում վերջին զանգն անհամեմատ լուռ է անցնում։ Երկրի 34 դպրոցում վերջին զանգն ընդամենը մեկ շրջանավարտի համար է հնչել։

Տարոնը Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքի միակ շրջանավարտն է։ 9-րդ դասարանում էին, երբ համադասարանցիները տեղափոխվեցին։ Շարունակեց մենակ։  Խոստովանում է՝ տխուր է, որ իր «Վերջին զանգ»-ն էլ մյուս դպրոցների պես աղմկոտ ու բազմամարդ չէ, բայց դպրոցի ողջ անձնակազմը ջանացել է միայն իր համար օրը տոնական դարձնել։ Իսկ անակնկալը հաստատ տարբերվող էր մյուս դպրոցներում կազմակերպվածից, ու դա դեռ երկար կհիշեն դպրոցում.

«Եկա դպրոց, ուսուցիչներն ասացին, որ ֆուտբոլ են կազմակերպել, իրենք էլ խաղալու էին, մենք էլ հանդիսատեսն էինք լինելու։ Շատ լավ անցավ։ Տխուր եմ, որ հետս ավարտող չկա, այն ուրախությունը չկար, որ ամբողջ դասարանում պետք է լիներ, իմ պատկերացրածով չէր ընդհանրապես»։

Չի դժգոհում։ Դպրոցական տարիներն ընդհանուր առմամբ հետաքրքիր էին։ Հատկապես դասերից փախչելը, միայն թե դա վերջին անգամ 9-րդ դասարանում էր։ Դրանից հետո իր դասից փախչելը կնշանակեր դասի տապալում։ Ու դե աննկատ մնալն էլ բացառված էր։ Հերթով դաս սովորելն էլ.

«Հա, շատ եմ փախել դասերից, բայց փախչում էինք, երբ շատ էինք դասարանում։ Իսկ երբ արդեն մենակ էի սովորում, անիմաստ էր արդեն փախչելը»։

Վանեվանի միջնակարգ դպրոցը համախմբել է երկու համայնքների՝ Վանեվանի և Տորֆավանի դպրոցահասակ երեխաներին։ Տորֆավանը Վանեվանից բաժանում է մեկ փողոց, 3 մետր է հեռավորությունը՝ ասում է դպրոցի տնօրեն Վազգեն Քոչարյանը։ 121 աշակերտ է դպրոցում սովորում։ Անցյալ տարի 6 շրջանավարտ են ունեցել, ևս 6-ն էլ հաջորդ տարի կավարտեն դպրոցը։ Առաջին անգամ է, որ վերջին զանգն այս դպրոցում մեկ շրջանավարտի համար է հնչում.

«Իր ծնողներին էլ եմ ես դասավանդել ժամանակին։ Սկզբում դասարանում 8-ն էին, հետո մյուսները գնացին քոլեջ, Տարոնն ասաց՝ ես մնալու եմ մինչև վերջ։ Բնական է՝ մեկ աշակերտով դասարան չէր բացվելու, երկկոմպլեկտ դասարանում էր սովորում։ Ճիշտ է՝ մեծ շուքով չանցավ միջոցառումը, բայց միակ շրջանավարտի համար նորմալ անցկացրինք, շնորհավորեցինք, լուսանկարվեցինք»։

Տարոնն այս ամառ կզորակոչվի բանակ։ Դեռ նոր պիտի գնա, բայց արդեն վերադարձի ու ապագայի ծրագրերից է խոսում։ Ծառայությունից վերադառնալուց հետո ավտոէլեկտրիկ է դառնալու։ Կարևոր չէ, թե հանրապետության որ դպրոցն ապագա ինչ մասնագետներ են ավարտում: «Վերջին զանգի» օրը աշակերտներից շատերի ցանկությունը մեկն է` վերադարձնել մանկության անհոգ շրջանը։ Բայց առջևում  քննություններ են՝ ոչ միայն առարկայական, այլեւ ինքնահաստատման ու ինքնակայացման:

Back to top button