Վերնատուն

Մեդիան ավելի հաճախ մեր իմացածն է հաստատում, քան տեղեկացնում․ «Վերնատուն»

Երևանում առաջին անգամ անցկացվեց «EVN Report մեդիա փառատոնը»։ Լրագրող, ֆոտոլրագրող, EVN Report –ի համակարգող խմբագիր Ռուբինա Մարկոսյանը խոսում է EVN հարթակի, փառատոնի և մեդիայում մշակույթի ներկայության մասին։

Report մեդիա հարթակը 5 տարի է, ինչ գործում է։ Ռուբինա Մարկոսյանն ասում է, որ ի սկզբանե նպատակ են ունեցել ստեղծել որակով և համապարփակ անգլալեզու հարթակ, որն աշխարհին բացվելու, հաղորդակցվելու ու երկխոսելու նպատակ ունի։

EVN Report –ի քննադատությունը կառուցողական է․ եթե չունեն լավ առաջարկ, ուղղակի չեն քննադատում՝ դիմացինին «սխալ հանելու» կամ վարկաբեկելու համար։ Կարևորը առաջարկ ունենալն է։

Խոսելով հայաստանյան մեդիա խնդիրներից ու ճգնաժամերից՝ Ռուբինա Մարկոսյանը կարևորում է գրագետ ընթերցող ունենալն ու խմբագրակազմը՝ իր հստակ օրենքներով և նպատակներով, որոնք հնարավություն կտան լրագրողին մասնագիտական աճ ունենալ։

«Ընթերցողն այլևս չի կարդում սովորելու, հասկանալու կամ տեղեկացվելու համար, կարդում է՝ իր իմացածը հաստատելու համար, հետևաբար՝ գնում է դեպի այն լրատվամիջոցը, որն ասում է այն, ինչ ինքը զգում է, մտածում, կասկածում, կամ որն իրեն ոգևորել է։ Մեդիան, որպես գործիք, իմ գնահատականով, հիմա ավելի պակաս է տեղեկացնում, հիմա ավելի հաստատում է, ինչը շատ մեծ խնդիր, և մեդիաների համար ճգնաժամ է ստեղծում», – ասում է Ռուբինա Մարկոսյանը։

Խոսելով մեդիայում մշակութային բովանդակության ստեղծելու մասին՝ ասում է․ «Մշակույթի մասին շատ հեշտ է գինու բաժակը ձեռքիդ ոտքի վրա խոսել, քննարկել, բայց երբ արդեն պիտի գրես, պիտի ավելի նրբազգաց ու խորքային, փիլիսոփայական մոտեցում ունենալ, որը հեղինակը պիտի ունենա, իսկ խմբագիրը՝ գիտակցի։

Մշակույթը երկրի բոլոր մյուս իրադարձություններից անկախ չէ, այն միգուցե ամենաազդեցիկ և կայունացնող ոլորտն է ու երբ այն հետ է մնում, մենք փորձում ենք ամեն ինչի մասին խոսել՝ արվեստի միջոցով հուսով եմ ստացվում է»։

Back to top button