ԿարևորՀասարակություն

Էրդողանը հատուկ նպատակով է Թուրքիան դարձնում Թուրքիյե․ ռեբրենդինգը կփոխի՞ ագրեսիվ կերպարը

Այլեւս ոչ թե Թուրքիա, այլ Թուրքիյե։ Այդ երկիրն է որոշել վերանվանվել։ Դարերի ընթացքում եվրոպացիներն ամենատարբեր անուններով են կոչել Օսմանյան կայսրությունը, իսկ հետո նաեւ՝ Թուրքիան։ Բայց ամենից տարածվածները լատիներեն «Turquia» ու «Turkey» տարբերակներն են։ Միջազգայնորեն ճանաչված անվան փոփոխությունը տարբեր երկրների կողմից առանձնապես արտառոց երեւույթ չէ։ Իրենց անվանումները փոխել են Նիդերլանդները, Իրանը, Հյուսիսային Մակեդոնիան և այլ երկրներ։ Անվանափոխման պատճառները տարբեր են՝ քաղաքական, մշակութային կամ պարզապես ավելի հեշտ արտաբերման համար։ Ի՞նչ նպատակով է Թուրքիան փոխում իր միջազգային անվանումը, և արդյո՞ք դա ենթադրում է ինքնության փոփոխություն։

ՄԱԿ-ը բավարարել Է Թուրքիայի խնդրանքը․ այդ երկրի անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում կփոխվի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի խոսքով՝ արձագանքել են թուրքական իշխանությունների դիմելուց անմիջապես հետո․

«Պետություններն ազատ են ընտրել՝ ինչպես իրենց անվանեն։ Դա ամեն օր չի պատահում, սակայն արտառոց ոչինչ չկա, երբ երկրները փոխում են իրենց անունները»։

Այլեւս ոչ թե Թուրքիա, այլ Թուրքիյե․ փոփոխությունն արվել էր այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի դեռ նախորդ դեկտեմբերի շրջաբերականով, որում նշվել էր․

«Turkiye» բառը լավագույնս ներկայացնում է թուրք ժողովրդի մշակույթը, քաղաքակրթությունն ու արժեքները»:

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարի խոսքով՝ վերանվանմամբ Անկարան ձգտում է բարձրացնել երկրի միջազգային հեղինակությունը: Օրեր առաջ Չավուշօղլուն թվիթերում գրել էր․

«Գործընթացը մոտենում է ավարտին։ Նամակով, որն ուղարկել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, մեր երկրի օտարալեզու անունը ՄԱԿ-ում գրանցում ենք որպես «Թուրքիյե»։

Ինչո՞ւ «Turkiye»։ Թուրքերենում երկիրն այդպես է կոչվում դեռ 1923-ին անկախության հռչակումից հետո։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատահական չի համարում, որ փոփոխությունը հիմա է արվում։ Էրդողանն իր քաղաքական ուժի հետ փորձում է ստեղծել նոր ինքնություն և փոխել արդեն 100 տարի գոյություն ունեցողը։ Հանրապետական Թուրքիան առաջացավ Օսմանյան կայսրության փլուզումից ու պարտությունից հետո։ Հետևաբար, Թուրքիայի Հանրապետությունը վերջին 100 տարում հանդես է գալիս որպես մի պետություն, որն Օսմանյան կայսրության ավելի փոքր և թուլացած ժառանգորդն է․

«Ամեն ինչ արվում է, որ այդ փոքր Թուրքիայի ինքնությունը, որն իշխել է 100 տարի, փոխվի նոր ինքնության։ Այդ նոր ինքնությունը պետք է հզոր Թուրքիայի ինքնությունը լինի, որը շարունակում է Օսմանյան կայսրության հզորության շրջանին»։

«Turkey» բառն անգլերենում նշանակում է հնդկահավ։ Պետության ռեբրենդինգի  երկրորդական պատճառներից մեկն էլ հենց բացասական զուգորդումներից խուսափելն է։ Խաղաղությունից խոսող, բայց ագրեսիվ քաղաքականություն վարող Էրդողանը փորձում է ամենատարբեր միջոցներով Թուրքիայի դերն աշխարհում մեծացնել, շատ դեպքերում անգամ արկածախնդրությամբ։ Նախագահ Էրդողանը մեծ նշանակություն է տալիս զինված ուժերին։ Հիմա թուրքական զինուժը տարբեր պիտակներով գտնվում է աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրում։ Ռուբեն Սաֆրաստյան․

«Պատահական չէ, որ փոփոխությունն արվում է հենց այս տարի, քանի որ մյուս տարի՝ 2023-ին, Թուրքիայի Հանրապետության 100-ամյակն է։ Այդ թիվը կարևոր նշանակություն ունի Էրդողանի համար, որովհետև պատրաստվում է 2023-ին հայտարարել Նոր Թուրքիայի՝ «Էնի Թուրքիյե»-ի ի հայտ գալը։ Անվան փոփոխումը «Turkey»-ից «Turkiye»-ի նաև այդ նոր, հզոր Թուրքիան է խորհրդանշում նրանց համար։ Էրդողանի կողմից ստեղծվող Թուրքիան պետք է տարբերվի Աթաթուրքի Թուրքիայից»։

Թուրքիայի նոր անունը որպես բրենդ տարածելու նպատակով Էրդողանը հրահանգել է այն լայնորեն կիրառել։ Բիզնեսում արդեն օգտագործվում է «Turkiye» տարբերակը հատկապես արտահանվող ապրանքների դեպքում։  
Բայց քաղաքագիտական շրջանակներում քննարկում են՝ երկրի ռեբրենդինգը եւ Աթաթուրքի ստեղծած Թուրքիայից տարբերվելու փորձը որքանո՞վ կփոխեն այդ երկրի ագրեսիվ քաղաքական նկրտումներն ու ինչպես կազդեն օսմանյան քաղաքականությունը կրող ժողովրդի ինքնության վրա։

Back to top button