ԿարևորՀասարակություն

Դպրոց՝ հայրենիքը սիրողների համար․ ԱԳՆ-ում սպասում են երկրի ապագա դիվանագետներին

ԱԳՆ-ի դիվանագիտական դպրոցում հերթական ուսումնական տարվա ընդունելությունն է։ Սա դիվանագետ դառնալու ամենաօպտիմալ ուղին է ու հարթակ՝ պատրաստվելու որպես երկրի անունից ու երկրի համար բանակցող։ Դիվանագիտական դպրոցում կարող են սովորել ամենատարբեր մասնագիտություններով մարդիկ՝  անվճար։ Ընդունելությունը մրցույթով է, հարկ է մինչև հունիսի 8-ը ներառյալ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պաշտոնական էջում լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը։

Սիրիայում՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն, Հալեպում՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսություն, Դամասկոսում՝ Հայաստանի դեսպանություն և ԱԳՆ Մերձավոր արևելքի և Աֆրիկայի բաժին․ երիտասարդ դիվանագետ, արաբագետ Ռուբեն Սողոյանի մասնագիտական ճանապարհն է։ Ասում է՝ շատ երկար չի մտածել․ էլ ի՞նչ, եթե ոչ դիվանագետ․ որոշումը միանշանակ էր.

«Իրականում դիվանագետ դառնալու այլընտրանք ես չեմ ունեցել, ինձ համար ակնհայտ էր, որ ես լինելու եմ դիվանագետ։ Արդեն 9 տարի է՝ աշխատում եմ, և ոչ մի օր իմ որոշման համար չեմ փոշմանել»։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, Սանկտ Պետերբուրգի նույնանուն բաժին, հետո՝ ԱԳՆ դիվանագիտական դպրոց․ Ռուբենը վստահեցնում է՝ հենց այստեղ է հղկվել  որպես դիվանագետ:

«Գիտեք՝ կառույցի պաշտոնական անունը դպրոց է, բայց շրջանավարտներն այն ակադեմիա են անվանում։ Այստեղ ենք մենք կերտվել այնպիսի դիվանագետներ,  մեր հաջողությունների հիմքում հենց դիվանագիտական դպրոցն է»,– պատմում է Ռուբեն Սողոյանը։

Աշխատել որպես դիվանագետ՝ նշանակում է անմնացորդ նվիրվել պետությանը՝ ասում է երիտասարդ դիվանագետը։ Սա նշանակում է ամեն աշխատանքային օր ունենալ առանձին տպավորությունների ու փորձառության նոր էջ:

«Ամենաշատը տպավորվել են այն այցերը կամ այն քաղաքները, որտեղ կան հայկական օջախներ կամ հայկական ներկայություն։ Կառանձնացնեի Քեսաբ այցելությունը․ մենք այցելել ենք հենց ազատագրումից հետո, և բավականին ուրախալի էր տեսնել հայության վերադարձը Քեսաբ, տեսնել, թե ինչպես է վերականգնվում կյանքը, հայկական համայնքը»,– ասում է երիտասարդ դիվանագետը։

Իտալիայում Հայաստանի դեսպանություն, հետո՝ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչություն․ դիվանագետ Մարիետա Ստեփանյանն ասում է՝ այս աշխատանքում ամեն օր հանուն հայրենիքի դիվանագիտական շահի ես աշխատում։  Կարծում է՝ դիվանագիտությունն է հայրենիքի հանդեպ սերը լավագույնս դրսևորելու  մասնագիտությունը։

«Դիվանագետի պաշտոնը, իհարկե, շատ կարևորվում է նաև հաշվի առնելով ՀՀ արտաքին քաղաքականության կարևորությունը, այսինքն արտաքին քաղաքական դաշտում Հայաստանի շահերը, հետաքրքրությունները ճիշտ ներկայացնելը»,– ասում է Մարիետա Ստեփանյանը։  

Զրուցակիցներս դիվանագիտական աշխատանքի տարբեր փուլերում ավարտել են Հայաստանում տեսակով եզակի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը։ Ինչպես շրջանավարտներն են սիրում ասել՝ դիվանագիտական ակադեմիան 2009թ-ից դիվանագետ դառնալ ցանկողողներին առաջարկում է կրթական մեկամյա ծրագիր։   Մասնագիտական սահմանափակումները հանվել են, այժմ կարող են դիմել  բարձրագույն տարբեր կրթությամբ մարդիկ՝ «Ռադիոլուրին» ասում է Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը․

«Հիմա ցանկացած մասնագիտություն ունեցող մարդ, ով ունի բարձրագույն կրթություն և որակավորում, որը մեր օրենքով մեր երկրում ընդունված է, կարող է գալ, հանձնել ընդունելության քննություններ, ընդունվել, սովորել և  դառնալ պատրաստի դիվանագետ։ Մենք պատրաստում ենք ոչ թե տեսաբաններ այլ գործող պրակտիկ դաշտ մտնող մարդկանց, որոնք պետք է, այսպես ասած, միանգամից մտնեն իրենց աշխատասենյակ և զբաղվեն այս կամ այն երկրի գործով»։

Դիվանագիտական դպրոցի համբավը Հայաստանից դուրս է արդեն՝ ասում է Գաբրիելյանը։ Իրենք էլ փորձել են դպրոցում համակցել տեսական և գործնական դասընթացները, որպեսզի շրջանավարտները միանգամից աշխատանքի անցնեն այս կամ այն պետական կառույցում կամ դիվանագիտական ներկայացուցչությունում։ Դիվանագիտական դպրոցում դասավանդում են  նաև արտասահմանցի  դիվանագետներ և փորձագետներ՝ ասում է դպրոցի տնօրենը։

«Իհարկե, ունենք նաև տեղացի դասախոսներ, որոնք մեր բարձրաստիճան պաշտոնյաներն են, դիվանագետներն են, որոնք գալիս են և պատմում, ներկայացնում, մանրամասնում Հայաստանի արտաքին քաղաքականության դրույթները, հիմնական ուղղությունները»,– մանրամասնում է Գաբրիելյանը։

Դիվանագիտական դպրոցը պատրաստվում են դիմավորել ապագա դիվանագետների հերթական սերնդին։ Վահե Գաբրիելյանն ասում է՝  կարող են դիմել մինչև 35 տարեկան բարձրագույն կրթությամբ ՀՀ քաղաքացիները, որոնք, մայրենիից բացի, գերազանց տիրապետում են նաև 2 օտար լեզվի։ Պետք է անցնել ընդհանուր իմացության գիտելիքները ստուգող քննության 3 փուլ։

«Քննության մեջ կան ՀՀ Սահմանադրությանը վերաբերող հարցեր, օրենքների իմացությունը ստուգող հարցեր, հայոց պատմության, համաշխարհային պատմության, աշխարհագրության  հարցեր, ինչպես նաև միջազգային կարևոր իրադարձությունների մասին հարցեր, որոնք պահանջում են ընդհանուր իմացություն»,– ներկայացնում է դպրոցի տնօրենը։

Երկրորդ փուլ՝ էսսեների միջոցով ստուգվում են դիմորդների ոլորտային գիտելիքներն ու վերլուծական միտքը։ Երրորդ փուլ՝ հարցազրույցով ծանոթանում են դիմորդների հետ և վերջնական ընտրում։ Վահե Գաբրելյանը շեշտում է՝  կրթությունն անվճար է, արդյունքները՝ չափելի։

«Շրջանավարտների շուրջ 60 տոկոսն աշխատում է ԱԳՆ–ում, շատերն արդեն գործուղվել են դիվանագիտական ներկայացուցչություններ, և տարբեր առիթներով մենք դեսպանատներ գնալիս հանդիպում ենք մեր շրջանավարտներին»։

Այս տարի դիվանագիտական դպրոցի դասերի մեկնարկը սեպտեմբերին է՝ մինչև եկող հուլիս։ Ընդունելության հայտերն ընդունվում են մինչեւ հունիսի 8-ը ներառյալ՝  ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պաշտոնական էջում լրացնելով էլեկտրոնային դիմում-հայտը։ Դիվանագետ դառնալուն օրեր են մնացել։

Back to top button