Վերնատուն

Ազատություն տալ երեխաներին և լինել այդ ազատության երաշխավորը․ «Վերնատուն»

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով արձակագիր Արմեն Օհանյան Հայաստանցին և պատկերազարդող Հարություն Թումաղյանը ներկայացնում են իրենց համահեղինակությամբ ստեղծված «Ունոն, Բենոն և ազատության թևերը » գիրքը, խոսում են, թե ի՞նչ բովանդակություն է պետք ստեղծել երեխաների համար և ինչի՞ց պետք է պաշտպանել նրանց:

«Մանկությունը շատ ավտոնոմ ոլորտ է և ինքնաբավ աշխարհ, մեծերը շատ զգուշորեն պիտի այդտեղ մտնեն: Հանրային դաշտում ես չեմ տեսնում մանկության մասին լուրջ խոսակցություն, հակառակը՝ շատ անլուրջ վերաբերմունք և էլի կենացների մակարդակով»,- ասում է Արմեն Հայաստանցին:

«Ունոն, Բենոն և ազատության թևերը » պատկերազարդ գիրքը հեղինակները ստեղծել են 3 տարում. Մտածել են, խորհրդակցել երեխաների հետ, ինչպես իրենք են ասում՝ կերպարների ստեղծումից մինչև պատմություններ ու գույներ: Գիրքն իրականություն են դարձրել Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ: Ասում են՝ շատ կարևոր է երեխաներին մանկուց բացատրել՝ ինչ է ազատությունը, հիմնաքարային բաներ կան, որ հետո աշխարհայացք են ձևավորում:

«Հուզական բովանդակություն այսօր քիչ է ստեղծվում,- ասում է Հարություն Թումաղյանը,- այն հիմնականում կրթական է, երեխաների համար պարզ, փոքր երևույթների մասին՝ աշխարհի, ընկերության և այլ բաների մասին պատմություններ չկան»:

«Հունիսի 1-ը առիթ է, որ մեծերը մի քիչ երեխա դառնան, մի քիչ էլ իրենք երևակայեն, երեխաներն էլ արժևորված զգան իրենց, որ սիրված են և ազատ, այդ ազատությունները իրենց պիտի տրվեն, ու մենք էլ դրա երաշխավորը պետք է լինենք ».- ասում է Արմեն Հայաստանցին:

Այս նախագծով հեղինակները փորձում են ոչ միայն երկխոսություն ստեղծել սերունդների միջև, այլ նաև խոսակցության հրավիրել բոլոր մարդկանց, որոնք հետաքրքրված են մանկական մշակույթով, գրքով, կրթությամբ:

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 1-ին, ժամը 16.00-ին, Անգլիական այգում, Մանկական գրքի փառատոնի շրջանակներում:

Back to top button