Երաժշտական եռանկյունի

«Ռոզեն Թալ»՝ հայկական ռոքի դրսևորում․ «Երաժշտական եռանկյունի»

60-ականներից ի վեր հայկական ռոքը զարգանալով՝ ընդգրկել է գրեթե բոլոր ուղղությունները, որոնք հատուկ էին համաշխարհային ընթացքներին՝ բիթ-ռոքից ընդհուպ մինչև գրանջ, ծանր մետալ և պրոգրեսիվ երաժշտություն: Եթե փորձենք վերլուծել այն, ապա կարել է նկատել երեք հիմնական ուղղություն՝ անգլալեզու, հայալեզու և գործիքային ռոք:

«Ռոզեն Թալ» խումբը սկիզբ է առել անգլալեզու տիրույթում և այսօր ներկայացնում է հայաստանյան ռոք շարժման վերջին սերունդը:

«Սկսել ենք գրել տեքստերն անգլերեն, որովհետև ռոքում ընդունված լեզու է, և հույս ունեինք, որ այդպես լսելի և նկատելի կդառնանք ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս: Անվանումն էլ ընտրել ենք ի պատիվ հայտնի հոգեբան Ռոզեն Թալի»,- ասում է խմբի ստեղծագործող և կիթառահար Արմեն Եղիազարյանը:

Թմբկահար Նարեկ Թովմասյանը շարունակում է գործընկերոջ միտքը. «Մեր հանդիպումը կայացավ ակումբային միջավայրում և, կարելի է ասել, ինքնաբերաբար ձևավորվեց նաև համագործակցությունը, որը վերաճեց ռոք խմբի: Արմենը ցույց տվեց ինձ իր գրած երգերը, ինձ շատ դուր եկավ և մինչ օրս մենք շարունակում ենք նվագել իրար հետ ամենատարբեր հարթակներում՝ ակումբում լինի, համերգ, փառատոն, թե հյուրախաղեր»։

Քովիդը և հետպատերազմյան իրականությունը, անխոս, ազդել են մշակութային կյանքի բոլոր դրսևորումների վրա՝ խախտելով բնականոն ընթացքը, և ռոք երաժիշտները, որպես ազատ արվեստի դաշտի ներկայացուցիչներ, հայտնվեցին ծայրահեղ ծանր նյութական վիճակում, քանի որ գործունեության հիմնական վայրը ակումբային համերգներն էին, որոնք արգելվեցին: Շատ ակումբներ փակվեցին, համերգների կազմակերպումը դեռևս իրատեսական չի: Անշուշտ, մենք փորձեցինք համակերպվել իրավիճակին այս երկու տարիների ընթացքում, չէինք դադարեցրել փորձերը և ձայնագրությունները, և հույս ունենք, որ գարնանային-ամառային երաժշտական սեզոնը կօգտագործենք արդյունավետ՝ ներկայացնելով նոր ծրագիր, որն ընդգրկում է նաև հայալեզու երգեր»: Հաղորդման ընթացքում հնչում են «Ռոզեն Թալ» խմբի մի շարք կատարումներ:

Back to top button