Բնական ընտրություն

Մեկ դեղաչափի ներարկում բնությունից, որը կիրառում էր անգամ Կլեոպատրան․ «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Ալքիմիկոսների հետաքրքրությունը կամ Կլեոպատրայի սիրելի դեղամիջոցը»

Հին հռոմեական բժիշկ, փիլիսոփա Գալեն Կլավդիոսի վկայություններում հաճախ կարելի է հանդիպել պատմությունների, թե ինչպես էր պոնտական թագավոր Միհրդատ 4-րդը տարբեր  փորձարկումներ անում՝ հասկանալու օձի թույնի բուժիչ և մահացու չափաբաժինները։ Այնուամենայնիվ, թույնի բուժիչ հատկությունները լիովին հայտնի դարձան մարդկությանը միայն դարեր անց․ մինչ այդ հակաթույն ստանալու փորձեր անում էին ալքիմիկոսները, ժամանակի տարբեր բժիշկներ, իսկ վերջնական հակաթույն ստեղծել հաջողվեց միայն 19-րդ դարի վերջում՝ իտալացի քիմիկոս և բնասեր Ֆելիչե Ֆոնտանային։

1908 թ. Տեխասում բոժոժավոր օձը խայթել էր մի մարդու։ Տուժողը, թեև ծանր տարավ խայթոցի հետևանքները, բարեբախտաբար կենդանի մնաց։ Ավելին, պարզվեց, որ երջանիկ մարդն ընդմիշտ ազատվել է էպիլեպսիայից, որով տառապում էր մինչ խայթոցը։ Անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ որոշ թույներ ոչ միայն թեթևացնում են հիվանդների մոտ էպիլեպտիկ նոպաների ընթացքը, այլև զգալիորեն կրճատում նրանց թիվը։

Ամերիկացի կենսաբան Կարկլանդը օձի թույնից առանձնացրեց հակաուռուցքային սպիտակուց, որը կոչվեց կոնտորտրոստատին։ Այն վնասում է ուռուցքային բջիջների մեմբրանների կառուցվածքը։ Իմ զրուցակիցը բիոինժեներ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջի կենսաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի ավագ լաբորանտ Բագրատ Բաղդասարյանն է․

«Բազմաթիվ ֆիլմեր ու ներկայացումներ կան, որտեղ տեսնում ենք, թե ինչպես է Կլեոպատրան դիտավորյալ իր օրգանիզմ օձի թույն ներմուծում, որպեսզի հետագայում արդեն մահացու խայթոցին օրգանիզմը դիմակայեր։ Այս պարագայում ճիշտ կլինի մեջբերել Սոկրատեսի խոսքերը՝ բնության մեջ ամեն ինչ թույն է, և ամեն ինչ դեղ է, հարց է, թե ի՞նչ չափաբաժնով է այն հարկավոր ընդունել»,-ասում է Բագրատ Բաղդասարյանը։

Թունավոր դեղամիջոցը օձն այսպես ասած ներարկում է իր զոհին։ Ի դեպ, հենց այստեղից է մարդկության մոտ ծագել ներարկիչներ ստեղծելու գաղափարը։ Իսկ թունավոր դեղամիջոցն այսօր օգտագործվում է քսուքների արտադրության մեջ, այդպիսի օձերին բազմացնում են հատուկ ֆերմերային տնտեսություններում, իսկ քսուքներն օգտագործվում են մկանային և հոդային հիվանդությունների ժամանակ։ Բնության առաջարկած դեղամիջոցը շարունակում է մրցունակ լինել՝ ժամանակակից հաբերի ու դեղամիջոցների կողքին։ Իսկ բնության թունավոր դեղամիջոցը դարեր շարունակ եղել է անգամ աֆրիկական ցեղերի գլխավոր ավանդույթներից մեկի մասնիկը, Բագրատ Բաղդասարյանն է պատմում․

«Աֆրիկական շատ ցեղերում անգամ մի էսպիսի ավանդույթ կա ցեղի ավագը երեխաների մեջքին քարերի օգնությամբ քերծվածքներ է անում և մեջքին քսում ջրի մեջ թույլ խառնած, արդեն նոսրացած օձի թույն և այս ավանդույթը դարերով են աֆրիկայում կիրառում, ինչը նորից խոսում է օձի թույնի բուժիչ հատկության և դրա հանդեպ անգամ պաշտամունքային վերաբերմունքի մասին»,— ասում է Բագրատ Բաղդասարյանը։

Բնության դեղամիջոցների շարքը կարելի է շարունակել անվերջ, դրանց շարքում կարելի է թվարկել բուսաբուժությունը, ինչպես նաև մեկ այլ այսպես ասած կծող երևույթների, որոնց արտազատած նյութը բուժիչ է։ Իմ հաջորդ զրուցակիցը հիրուդոթերապևտ Փառանձեմ Մովսիսյանն է․

«Օձի թույնը հատկապես մկանային ցավերի ժամանակ է օգտագործվում, ինչպես նաև մեղվին մոռանալ չի կարելի, ակնամոմի կիրառությունը, ինչպես նաև տզրուկաբուժությունը, բնության «դեղորայքները» դարեր շարունակ են օգտագործվել, դեռ Կլեոպատրայի, փարավոնների ժամանակներից, որոնք մինչ օրս չեն կորցրել իրենց կիրառությունը ի հակադրություն նրա, որ այսօր անընդհատ տարբեր հաբեր են ստեղծվում, հետո պարզում կողմնակի ազդեցությունները, դադարում կիրառությունը և այլն»,-ասում է Փառանձեմ Մովսիսյանը։

Գլուխ 2

«Փարավոնների ժամանակներից՝ կորոնավիրուսի թվարկություն»

Սիրտ-անոթային խնդիրներից մինչև վարիկոզ և անգամ հետկորոնավիրուսային վերականգման շրջան․ տզրուկները օգտակար են տարբեր հիվանդությունների ժամանակ, ասում է Hirudomed բժշկական կենտրոնի հիրուդոթերապևտ, «Հիրուդոթերապևտների հայկական ասոցացիայի» ղեկավար Փառանձեմ Մովսիսյանը։ Կարմիր գրքում գրանցված այս բնական դեղամիջոցի մասին մասնագետը պատմում է․

«Հիրուդին նյութն է պարունակում տզրուկը և նրանց մաշկին դնելիս հատուկ կետերով է հարկավոր դնել։ Բնության մեջ 100 տեսակից ավելի տզրուկներ են հանդիպում, բայց մենք միայն 2 տեսակն ենք օգտագործում՝ բժշկական և դեղատնային տզրուկներ, որովհետև բնության մեջ հանդիպող տզրուկների մեջ կան նաև թունավորները։ Տզրուկները սոված վիճակում պետք է լինեն, արտադրվեն բիոֆաբրիկայում, մեզ մոտ այդպես է։ Մոսկվայից ենք ստանում և որ ամենակարևորն է, տզրուկը միանվագ ասեղի նման պետք է օգտագործել և ոչնչացնել մեկ անգամ օգտագործելուց հետո»,-ասում է Փառանձեմ Մովսիսյանը։

Այնուամենայնիվ, բնության առաջարկած այս դեղամիջոցն ունի իր հակացուցումները․ տզրուկներ չի կարելի հղիներին, չարորակ ուռուցք ունեցողներին և հեմոֆիլիիայով հիվանդներին․

«Տզրուկի թքագեղձում կարևոր նյութերը շատ են, ֆերմենտներ ունեն, որոնք օրինակ գլխացավն են անցկացնում, այս սեզոնին հիմնականում հիպերտոնիայով հիվանդներն են դիմում և ճնշման խնդիրը, որ անգամ հաբերի մեծ չափաբաժնով երկար ժամանակ չի կարգավորվում, մեկ-երկու սեանս հիրուդոթերապիայով կարգավորվում է»,-ասում է հիրուդոթերապևտը։

Բնական դեղամիջոցների մասին խոսելով` Փառանձեմ Մովսիսյանն առանձնացրեց նաև ձկնաբուժությունը․

«Կան հիվանդություններ, որոնք հնարավոր է արդյունավետ բուժել բնության շնորհիվ․ փսորիազով հիվանդների դեպքն է շատ տարածված, երբ պառկում են հատուկ ձկներով վաննաների մեջ և մաշկի խնդիրը փորձում կարգավորել»,-ասում է Փառանձեմ Մովսիսյանը։

Ժամանակակից բժշկությունն իսկապես որ հրաշքներ է գործում, ստեղծված մի շարք դեղամիջոցների հրաշալի հատկությունները չեն ժխտում բժիշկները, բայց փաստում են՝ դարեր շարունակ բնությունն առաջարկել է «բնական ներարկիչներ», որոնց սխալ չափաբաժինը վնասել է, հակառակը՝ օգնել բուժվել, ճիշտ այն նույն մեխանիզմով, որով գործում են ժամանակակից դեղամիջոցները։

Back to top button