ԿարևորՀասարակություն

Երվանդաշատի դպրոցի 4 շրջանավարտներից որևէ մեկը բուհ չի դիմել

Սահմանամերձ Երվանդաշատ համայնքի դպրոցն այս տարի 4 շրջանավարտ ունի, 3 առաջին դասարանցի։ Շրջանավարտների մեջ բուհի դիմորդներ չկան:  Դպրոցի 64 աշակերտները, բացի 9-րդ դասարանից,  սովորում են երկհամակազմ դասարաններում։ Այսինքն՝ տարբեր դասարանների աշակերտներ նույն առարկաների դասերը միասին են անցկացնում։ Սա, դպրոցի տնօրենի կարծիքով,  վատ է անդրադառնում առաջադիմության վրա: Սահմանամերձ գյուղի դպրոցը նաև ռազմագիտության դասասենյակ չունի. զենքին ծանոթանում են տեսականորեն՝ նկարների միջոցով:

Սահմանամերձ Երվանդաշատ գյուղի դպրոցն այս տարի 4 շրջանավարտ ունի. 9-րդ դասարանից հետո դասընկերներից երեքը կրթությունը  շարունակել են քոլեջներում, բայց դա չի խանգարել, որ հարազատ դպրոցում  վերջին զանգը հնչի նաև նրանց համար: 12-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինեն է պատմում.

«Քանի որ մենք արդեն ավարտում ենք ու վերջին զանգ ենք անելու, նրանց էլ ենք ուզում ընդգրկել: Սկզբում 7 հոգի էինք՝ 3 տղա և 4 աղջիկ: Ես որոշել եմ վարսավիր դառնալ»:

Քրիստինեն՝ վարսավիրի, Անին՝ մատնահարդարի մասնագիտություններն են ընտրել, բուհերի դիմորդ չունեն:  Երվանդաշատի դպրոցում 64 աշակերտ է սովորում, 10-րդ դասարան չունեն, այսինքն՝ 2 տարի հետո դպրոցն  ավարտական դասարան չի ունենա: Բոլոր դասարանները, բացի 9-րդից,  երկհամակազմ են՝ 12-րդ դասարանցիների հետ միաժամանակ նույն դասաժամն են անցնում նաև 11-րդցիները: Դպրոցի տնօրեն Լուսինե Գասպարյանն ասում է, որ սա բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա.

«Եթե աշակերտների քանակը չի գերազանցում 15-ը, ուրեմն պետք է լինի երկկոմպլեկտ, չնայած դա շատ է ազդում աշակերտի առաջադիմության վրա: Մենք ունենք 5-րդ և 6-րդ դասարաններ, որոնք դասերը համատեղ են անում։ Ե՛վ 5-րդ, և՛ 6-րդ դասարաններում ունենք լավ սովորողներ, բայց կոմպլեկտավորված դասարանների դեպքում թուլանում են, որովհետև ուսուցիչը 45 րոպեի ընթացքում չի կարողանում աշխատել միայն մի դասարանի հետ»:

Դպրոցի ամենամեծ դասարանը  2-րդն է՝ 12 աշակերտով։ Նրանց հետ միաժամանակյա դասեր ունեն առաջին դասարանի 3 աշակերտները: Երվանդաշատի դպրոցը 300  աշակերտի համար կառուցված  տիպային կառույց է: Տնտեսված միջոցներով  այժմ վերանորոգվում է կրտսեր դպրոցի մասնաշենքը՝ 4 դասարանով.

«Ասում են, որ 2023թ հունվարից յուրաքանչյուր երեխա  պետք է նստի իր տարիքային խմբի հետ, հետևաբար՝ մեզ անհրաժեշտ են 4 արևադեմ դասարաններ, որ գոնե ամեն դասարան, թեկուզ քիչ քանակով, առանձին դասասենյակ ունենա»:

Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն ասում է, որ փոքր համակազմ ունեցող դպրոցների տարրական ուսուցման պայմանները դեռ հստակեցված չեն.

«Նախարարությունը ինչ-որ քայլեր ձեռնարկում է երկհամակազմ և եռահամակազմ դասարանների համար, բայց այս պահի դրությամբ  պաշտոնական որևէ բան չեն կարող ասել»:

Սահմանամերձ  գյուղի դպրոցում չկա ռազմագիտության դասասենյակ․ աշակերտներն այստեղ միայն տեսական գիտելիքներ են ստանում, զենքին ծանոթանում են  միջանցքում փակցված նկարների միջոցով: Սոնյա Բուդաղյանի խոսքով՝ դպրոցն  ինքը կարող է նախաձեռնել այդ դասարանի ստեղծումը։

«Համապատասխան պայմանների դեպքում իրենք մեզ միջնորդություն կգրեն, մենք դրա հիման վրա կդիմենք ԿԳՄՍ և զենքի հարցը կկարգավորվի: Դա ընթացակարգային խնդիր է և լուծվող»:

Երվանդաշատի դպրոցում տղաներն աղջիկներից ավելի շատ են: Լուսինե Գասպարյանը, որը  5 ամիս է տնօրինում Երվանդաշատ գյուղի դպրոցը, ասում է՝ նպատակ ունի բարձրացնել տղաների ֆիզիկական պատրաստվածությունը.

«Մեր տղաները մեր վաղվա զինվորներն են, իմ հեռանկարային նպատակներից մեկը հրաձգարան բացելն է և մի քանի ուսումնական զենք ձեռք բերելը, որպեսզի  մեր տղաները կարողանան  կրակել սովորել դպրոցում, ոչ թե բանակում»:

Ռազմագիտության  գործնական պարապմունքների բացը փորձել են  լրացրել  Երվանդաշատի սահմանապահ  ուղեկալում, որտեղ բարձրդասարանցիները գործնականում են ծանոթացել  զենքի տեսակներին,  սովորել են քանդել ու հավաքել դրանք:

Back to top button