ԿարևորՔաղաքական

Հայ-վրացական հարաբերությունների ռիսկերը արտաքին են․ մեկնարկում է նախագահի այցը Թբիլիսի

Մեկնարկել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի երկօրյա պաշտոնական այցը Թբիիսի։ Վրաստանի նախագահի նստավայրում՝ «Օրբելիանի պալատում» դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Սալոմե Զուրաբիշվիլիի և Վահագն Խաչատուրյանի առանձնազրույցը, ընդլայնված կազմով հանդիպումից հետո երկու երկրների նախագահները հանդես կգան հայտարարությամբ։

Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպելու է Վրաստանի վարչապետի, խորհրդարանի նախագահի, Համայն վրաց պատրիարքի հետ, լինելու է նաև Թումանյանի մշակութային տանը, հայ գրողների պանթեոնում։

Հայաստանի նախագահ Վահանգն Խաչատուրյանն իր առաջին պաշտոնական այցն է կատարում Վրաստան։ Վրացի փորձագիտական շրջանակներն անդրադառնալով այցին, նշում են, որ ճանաչողական այս այցը կարևոր է հայ-վրացական կայուն հարաբերությունները ամրապնդելու համար։ Քաղաքագետ Գելա Վասաձեն ասում է․  

«Հայ-վրացական հարաբերություններում չկան այնպիսի հարցեր, որ հրատապ լուծման կարիք ունեն։ Սակայն մյուս կողմից Վրաստանին անհանգստացնում է տարածաշրջանային իրավիճակը, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների ներկա մակարդակը, ուկրաինայում տիրող իրավիճակը։ Կարծում եմ՝ նախագահները կքննարկեն նաև տարածաշրջանային այս հարցերը»։

Անդրադառնալով տարածաշրջանային իրողությունների ֆոնին հայ-վրացական հարաբերությունների ընթացքին, Վասաձեն նկատում է․

«Հայ-վրացական հարաբերությունները կայուն են, բարձր մակարդակի վրա, չնայած նրան, որ Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ-ում, իսկ Վրաստանը շարժվում է դեպի ՆԱՏՕ։ Մեր բարիդրացիական հարաբերությունները ավանդական են, և ես կարծում եմ, որ դրանց ոչինչ չի սպառնում, թեև լուրջ արտաքին ռիսկեր կան»։

Վրաստանի տարածքով ռազմական փոխադրումներ ո ՛չ Հայաստանին, ո ՛չ Ադրբեջանին չեն իրականացվել Վասաձե

Վրացի փորձագետի խոսքով, երկու երկրներն այս օրերին ևս պետք է առավելուգույնս համագործակցեն՝ բացառիկ մթնոլորտը պահպանելու և առաջ տանելու, միմյանց համար երբևէ անվտանգային խնդիրներ չստեղծելու համար։ 

«Այն ինչ ես տեսա ղարաբաղյան պատերազմի օրերին, ինֆորմացիոն սադրանք էր։ Լուրերը, թե Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվել Ադրբեջան, երրորդ կողմից տարածված ապատեղեկատվություն էր հատուկ նպատակով։ Ես վստահ եմ, որ ռազմական փոխադրումներ Վրաստանի տարածքով ո ՛չ Հայաստանին, ո ՛չ Ադրբեջանին չեն իրականացվել, դա վերահաստատել է Վրաստանի վարչապետը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, որ Վրաստանը միայն օգտագործվելու է հումանիտար փոխադրումների համար, ինչը ճիշտ որոշում էր այդ պահին»։

Վկայակոչելով Հայաստանը վարչապետի խոսքերը, Վասաձեն նշեց, որ Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի, իսկ վերջինս էլ՝ Հայաստանի համար։

Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ հայաստանյան պաշտոնյաների արդեն երրորդ պաշտոնական այցն է տեղի ունենում հենց մայիսի 30-ին։ Չորս տարի առաջ վարչապետ Փաշինյանն իր առաջին օտարերկրյա պաշտոնական այցը կատարեց Թբիլիսի, անցյալ տարի այս օրը Վրաստանում էր Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, այսօր մեկնարկում է Վահագն Խաչատուրյանի երկօրյա պաշտոնական այցը։

Back to top button