ԿարևորՀասարակություն

Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը. նախագահը Թբիլիսիում է

Վրաստանը կարևորում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը։  Թբիլիսիում ողջունելով հայ գործընկերոջը, ասել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ընդգծելով քննարկել են հայ-ադրբեջանական երկխոսության ընթացքը․ 

«Վրաստանը ողջունում է Եվրամիության աջակցությամբ հայ-ադրբեջանական երկխոսությունը, որը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հիմքն է։ Հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կշարունակվեն հաջողությամբ։ Այս բանակցությունների արդյունքներից է կախված տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատումը, որից կախված են տնտեսական զարգացումը, բոլոր նոր ծրագրերը»։

Վրաստանի նախագահը այս համատեքստում անդրադարձավ Վրաստանի հայերի ու ադրբեջանցիների խաղաղ համակեցությանը՝ նշելով դա  խաղաղ համակեցության աննախադեպ օրինակ է ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ողջ աշխարհում։

Զուրաբիշվիլին կարևորեց տարածաշրջանի տրանսպորտային ներուժը, տրանսպորտային հաղորդակցությունների վերաբացումը, համատեղ ծրագրերի իրականացումը։

Այս տարի լրանում է Վրաստան-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ 

«Այս 30 տարիները համընկել են երկու երկրների համար ամենադժվար տարիների հետ, բայց մեր հարաբերությունները ամբողջությամբ բարիդրացիական են եղել, և դա է ցույց տալիս նաև մեր դարավոր պատմությունը», -ասել է Վրաստանի նախագահը։ 

Վահանգն Խաչատուրյանն իր հերթին ընդգծել է, որ տարին առանձնահատուկ է հայ-վրացական հարաբերությունների համար․ «լրանում է Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, բայց մեր երկրների միջև բարեկամությունն ունի հազարամյակների պատմություն»։ 

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները:

ՀՀ նախագահի խոսքով՝ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու երկկողմ հաստատուն հանձնառության մասին․

«Հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են արձանագրել, և  պատահական չէ, որ ՀՀ կառավարության ծրագրում այդ հարաբերությունները որակվել են առանձնահատուկ բարիդրացիական»։

Նա ևս ընդգծեց, որ հանդիպմանն անդրադարձել են անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերին․ 

«Ցանկանում եմ ընդգծել, որ նման հարցերում առկա փոխըմբռնումը պայմանվորված է հայ-վրացական անխախտ բարեկամության գիտակցմամբ»։

Խաչատուրյանը հատկապես կարևորեց Պարսից ծոց Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքը, դրանում Հայաստանի և Վրաստանի մասնակցությունը։

Նախագահը վստահություն է հայտնել, որ քննարկված հարցերը իրենց արդյունքները կունենան՝ նոր որակ և բովանդակություն հաղորդելով հայ-վրացական հարաբերություններին։

Այցի շրջանակներում ՀՀ նախագահն  հանդիպելու է Վրաստանի վարչապետի, խորհրդարանի նախագահի և Համայն վրաց պատրիարքի հետ, լինելու է կառույցներում Թումանյանի տուն մշակութային կենտրոնում, հայ գրողների պանթեոնում։

Back to top button