ԿարևորՀասարակություն

Բանաձեւել ամուր ընտանիքի մոդելը․ երբ ծնողներն ու երեխաները միասին են խմբակ հաճախում

Ընտանիքի օրվան նվիրված ոչ թե օր, այլ մեկ ամբողջ շաբաթ են անցկացրել Գյումրիի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնում։  10-18 տարեկան 90 պատանի ծնողների հետ  մեկ շաբաթ բանաձևել են ամուր ընտանիքի մոդելը, միասին մասնակցել տարբեր խմբակների ու փորձել հասկանալ՝ ինչպես հաղթահարել ընտանիքում հասկացված չլինելու խնդիրները, որոնք երբեմն անխուսափելի են։

Սերունդների տարբերության պատճառով միմյանց չհասկանալը հաճախ է դժվարությունների առաջ կանգնեցնում, ծնողին թվում է՝ երեխայի դաստիարակությունը դուրս է  իր վերահսկողությունից, երեխաներն էլ  ինքնահաստատման շրջանում փնտրում են նոր հեղինակությունների, ու ընտանիքում պակասում է փոխզիջումը։

Ամուր ընտանիքի մոդելը բանաձեւելու նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության Գյումրիի «Փոքրիկ Իշխան» կենտրոնն ընտանիքի ոչ թէ օր, այլ շաբաթ էր հայտարարել։ ՀԿ-ի Գյումրիի՝ երեխաների սոցիալական «Փոքրիկ Իշխան» կենտրոնի համակարգող՝ Աննա Մարտիրոսյան․

«Այս անգամ մենք որոշեցինք անել ընտանիքի շաբաթ։ Քանի որ ունենք տարբեր խմբակներ, ցանկացանք, որ ծնողները մասնակից լինեն երեխաների աշխատանքին։ Ամեն օր մենք կազմակերպեցինք 2 կամ 3 խմբակի համատեղ աշխատանք»։

Կարուձևի, նկարչության, խոհարարության, համակարգչի, դիզայնի, պարի և սպորտի խմբակներում 10-18 տարեկան 90 երեխա ծնողների հետ մեկ շաբաթ բանաձևում էին ամուր ընտանիքի մոդելը։

«Մամաս յուրահատուկ մարդ է»։

Սիրանուշ և Գայանե Մեկինյանները՝ մայր ու դուստր,  երբեմն իրար հետ դժվար են լեզու գտնում։ Սա իրար սիրելու հետ կապ չունի, կասկած չկա, բայց խնդիրներ առաջացնում է։

-Աղջիկս տարբեր աքսեսուարներ է օգտագործում, որ ինձ դուր չի գալիս, օրինակ՝ շղթաներ։ Շատ հաճախ վիճում ենք հագուստի համար։

— Շատ դեպքերում հակասության մեջ ենք մայրիկի հետ, բայց վերջումդ ես եմ հաղթում»։

Սիրանուշ Մեկինյանն ասում է՝ մեկ շաբաթ տանից դուրս՝ այլ միջավայրում միմյանց հետ անցկացնելը օգնում է նոր հայացքով իրար նայել ու փորձել միմյանց կյանքում ավելի շատ ներկա ու ներգրավված լինել։

«Ծնողներին հրավիրելը, ներգրավելը տարբեր խմբակներում ավելի է նպաստում, համատեղ խաղեր խաղալով, սնվելով, թեկուզ և խոտերին նստած հաճելի ժամանց կազմակերպելով, ավելի է նպաստում ծնող-երեխա փոխըմբռնմանը»։

Գյումրիի «Փոքրիկ Իշխան»-ի նկարչության խմբակի ղեկավար Վարդան Տիրատուրյանն ասում է՝ խմբակներում, մասնագիտական հմտություններից բացի, փորձում են նաեւ հոգեբանորեն նայել երեխայի նկարին՝ գույներից ու պատկերներից հասկանալ երեխայի ներաշխարհը, ըստ այդմ՝ աջակցել հոգեբանորեն, եթե կարիք կա. 

«Կան մանկական տրավմաներ, որոնք երեխաներն ավելի շատ արտահայտում են թղթի, նյութի միջոցով, քան խոսքով։  Փորձում ենք երեխայի դժվար վիճակը դարձնել ավելի տանելի արտ-թերապիայի և հոգեբանի հոգեբանի աջակցությամբ»։

«Հայկական Կարիտաս»-ի «Փոքրիկ Իշխան» կենտրոնը ստեղծվել է 2009-ին՝ սոցիալ-հոգեբանորեն աջակցելու դժվար իրավիճակում հայտնված  երեխաներին և ընտանիքներին։ Կենտրոնի համակարգող Աննա Մարտիրոսյան.

«Սկզբից ընդունում էինք ծնողազուրկ երեխաներին և այլ չափորոշիչներ ունեինք, հետո՝ մենք բացեցինք դռները բոլոր երեխաների համար»։

Փոքրիկ Իշխանի սաներից ոմանք ոչ միայն հմտություններ, այլեւ աշխատանք են գտել կենտրոնում, հետո հենց այստեղ էլ գտել են կյանքի երկրորդ կեսին։  

«Մենք ունենք 3 զույգ, ովքեր ընտանիք են կազմել ընտանիքի տոնին ընդառաջ»։

Երջանիկ զույգերից Դավիթն ու Լենան 5 տարուց ավելի միասին են կենտրոն հաճախել և միայն վերջերս հասկացել, որ ստեղծված են միմյանց համար։ Դավիթ Մանուկյան.

«Գրեթե բոլոր խմբակներին հաճախել եմ՝ սպորտի, համակարգչի, պարի, դաշնամուրի։ Լենան կարի խմբակ էր հաճախում»։ 

21-ամյա Դավիթը ընտանիքի տոնի միջոցառումների երաժշտական մասի պատասխանատուն է։ Նորաստեղծ ընտանիքների անդամները ավարտելուց հետո համալրել են կենտրոնի կամավորների շարքերը։ Ընտանիքի տոնական շաբաթն ամփոփվում է միջոցառմամբ, ապա՝ լուսանկարով, բայց ամենից կարեւորը՝ ընտանիքի ավելի ամուր մոդելի ամրացած պատկերացումներով։

Back to top button