Վերնատուն

Հայ մշակութային ժառանգություն և ավելին. «Վերնատուն»

Նկարիչների միության ցուցասրահում բացվելու է կանադահայ աբստրակտ քանդակագործ, նկարիչ Գևորգ-Ջորջ Կասսաբյանի «Հայ մշակութային ժառանգություն և ավելին» խորագրով ցուցահանդեսը։

Արվեստագետի գործերում գորգը առանձնահատուկ նշանակություն ունի։ Խոսելով արվեստում ազգայինի մասին, ասում է՝ մեր մշակույթում դժվար է ազգայինը տարորոշել, սակայն հնագույն պատմություն ունեցող գորգում տեսանելի են ազգային խորհրդանիշներն ու գույները։

Տարիներ առաջ Վերնիսաժում շրջելով՝ որոշել է գորգերի քարտեզներ հավաքել և մի քանի հարյուր օրիգինալ գորգերի քարտեզներ հավաքելուց հետո, դրանք ալբոմի է վերածել։ Ինչպես որ մատրիցան է կազմված մանր պատկերներից (պիքսելներից), նույնը գորգերի մեջ է։ Եվ դա մեկ ամբողջություն է։

«Մարդու հարաբերությունը հարաբերություն է նաև համընդհանուրի հետ, բոլորս մեկ ենք, բայց գոյություն ունենք ամբողջության մեջ»,- ասում է Գևորգ-Ջորջ Կասսաբյանը։

Արվեստագետը նշում է, որ բջջային մակարդակում պետք է մեր միջավայրը, վարքագիծն ու սովորույթները վերանայենք, փոխենք։ Եթե անհատները իրենց միջավայրը փոխեն, ամբողջ գորգն արդեն նորոգված կլինի, նոր գորգ կստեղծվի։ Ասում է՝ գորգի պատմությունը չէ, որ ներկայացնում է, այլ գորգը ներկայանում է որպես կոմպոզիցիայի մաս։

Գևորգ-Ջորջ Կասսաբյանի ցուցահանդեսը Նկարիչների միության ցուցասրահում կբացվի հունիսի 3-ին ժամը 16։00-ին։ Այն կշարունակվի Ստեփանավանում, Վանաձորում, Գյումրիում, ավելի ուշ ցուցահանդեսը կներկայացվի արտերկրում։

Back to top button