ԿարևորՀասարակություն

104 և 30 տարի առաջ․ պատմության և մարտահրավերների զուգահեռները

104 տարի առաջ մայիսի 28-ին հռչակվեց  Հայաստանի Հանրապետությունը՝ բեկելով առանց պետականության ապրելու շուրջ  6-դարյա ընթացքը: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետը և նախագահը, Արցախի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական ու  քաղաքական գործիչներ: Գրեթե բոլորի խոսքում զուգահեռներ են 100-ամյա իրադարձությունների ու այսօրվա իրողությունների և  մարտահրավերների միջև։

Առաջին Հանրապետության օրը յուրատեսակ առիթ է խոսելու ոչ միայն հաջողությունների, այլև՝ պետականաշինության մարտահրավերների և խնդիրների մասին, որոնք կապահովագրեն նոր սխալներից։ Օրը արժանավորելուց բացի՝ գրեթե բոլոր պաշտոնյաների ուղերձում կա նաև այս շեշտադրումը։

«Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ թվում էր վերջ, այլևս հնարավոր չէ ոչ միայն ունենալ պետականություն, այլև պահպանել ինքնությունը, լեզուն և մշակույթը»,– իր ուղերձում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և զուգահեռներ անցկացրել՝ եթե Առաջին Հանրապետության հիմնադիրները ժամանակ չունեցան նորածին պետությունը գլոբալ մարտահրավերների առաջ դիմակայուն դարձնելու համար, ապա Երրորդ Հանրապետությունում ցավալիորեն շատ ժամանակ ենք վատնել:

«Այսօր էլ մեր երկիրը կանգնած է նմանատիպ մարտահրավերների առաջ, ու մեզ մտքի բացառիկ ճկունություն, երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր այդ մարտահրավերները հաղթահարելու համար»:

Սարդարապատի դասերի ու միասնականության մասին իր ուղերձում ակնարկել է նաև մեկ գործող իշխանությունների դեմ ավելի քան մեկ ամիս շարունակվող անհնազանդության ակցիաների մասնակից, Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրա՝ «մայիսյան հերոսական հաղթանակները ապացույցն են մեր ազգի՝ ծանր ժամանակներում համախմբվելու և ազգային արժանապատվությունը փրկելու ունակության»: Սարդարապատն այդ համախմբման խորհրդանիշն է՝ կարծում է Քոչարյանը։

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նույնպես զուգահեռներ է անցկացնում։ Սահմանների ապահովության, խաթարված պետականության անվտանգության և Արցախի բնակիչների ոտնահարված իրավունքների պայմաններում հորդորում է միակամ և հետևողականորեն նվիրագործել ջանքերը՝ հանուն սրբազան հայրենիքի ապագայի:

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը  ավելի բաց տեքստով է խոսում։ 104 և 30 տարի առաջ․ նրա խոսքում ևս զուգահեռներ են.

«Մինչ մենք մեր հաղթանակով շլացանք՝ առանց այն դիվանագիտական հաղթանակի ու տնտեսական զարգացման վերածելու և մեր բանակը կազմակերպելու, թշնամին լուռ պատրաստվեց։ Խորը ցավով և մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Փոխադարձ ատելությունն ու անհանդուրժողականությունը դարձել են իրական։Արցախի պատերազմից հետո մեր ուժերը համախմբելու, մեր միասնականությունը ամրապնդելու ու մեր ներուժը կազմակերպելու փոխարեն, ներքին բևեռացումը դարձավ ավելի խորը՝ ազգակործան և հայրենաքանդ վտանգներով լեցուն։ Լինենք իրատես․ ներկա վտանգավոր իրավիճակի շարունակումը կհյուծի մեր ներուժը, կքայքայի տնտեսությունը և արտագաղթի դռները լայնորեն կբացի Հայաստանում և Արցախում»։

Ստեղծված իրավիճակում, ըստ Արամ Առաջինի, Հայաստանին անհրաժեշտ է խոհեմություն ու հեռատեսություն, քաջություն և տեսլական ունեցող ղեկավարում։

Պետականաշինությունը սկսվում է խորհրդանիշերի հանդեպ հարգանքից՝ հիշեցնում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո, ծանր ժամանակաշրջանում ծնվեց ոչ միայն Հայաստանի Առաջին Հանրապետությունը, այլև տեղի ունեցավ առաջին խորհրդարանական ընտրությունը, ստեղծվեց թղթադրամը, ունեցանք պետական օրհներգ, զինանշան և դրոշ.

«Ես չէ, որ ձեզ պետք է ասեմ, թե ինչ է նշանակում պետականությունը այն ժողովրդի համար, որն առավել քան վեց  հարյուրամյակ ապրել է առանց պետականության և փափագել է այն վերականգնելու մասին։ Ես կխնդրեմ և կոչ կանեմ յուրաքանչյուրին շատ մեծ կարևորություն տալ պետական այն սիմվոլներին, որոնք օգտագործում ենք և ցանկացած երևույթին ու արժեքին, որը վերաբերում է պետականությանը։ Յուրաքանչյուր պետական մարմին, յուրաքանչյուր պաշտոնյա, յուրաքանչյուր դիվանագետ պետք է անի ամեն ինչ, որպեսզի հայոց պետականությունը ամրապնդվի և հայ ժողովրդի շահերը ու Արցախի ժողովրդի իրավունքները, այն իրավունքները, որոնք սահմանված են միջազգային փաստաթղթերում, ապահովվեն և պաշտպանվեն։ Պետականությունը սրբազան արժեքն է, որն ամենօրյա աշխատանք է պահանջում»։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցչի ներկայացմամբ՝ պետականությունը երկու ճանապարհ ունի՝ կամ զարգացման, կամ նահանջի։ Վարդանյանն ասում է՝ ամեն ինչ պետք է արվի, որ ամենօրյա աշխատանքն ուղղված լինի երկրի և պետականության զարգացմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button