Ծովահայեր

Նավապետ Երվանդ Գասպարյանն ու Սևանի նավագնացության վերելքը. «Ծովահայեր»

Սևանի թերակղզում մի մենավոր տապանաքար կա՝ խարսխով դրոշմված, որի վրա ռուսերեն փորագրված է՝ «Սևանի նավագնացության կապիտան, Գասպարյան Երվանդ Հովհաննեսի»։

  • Ո՞վ էր հայազգի անվանի ծովահայը՝ նավապետ Երվանդ Գասպարյանը,
  • ինչո՞ւ և ինչպե՞ս եկավ Հայաստան,
  • ի՞նչ դեր ունեցավ Սևանի նավագնացության զարգացման գործում։

«Հավակնոտ երազանքից մինչև պատմության էջեր կերտող իրականություն»․ նավապետի անցած ուղու մասին հյուսվել են ավանդազրույցներ, իսկ արխիվներում պահվում են արժեքավոր փաստաթղթեր։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանն ասում է՝ կապիտանի կենսագրությունը կարելի է բաժանել երկու մասի․առաջինը մի քիչ մշուշոտ է, հայտնի է, որ ծնվել է 1872 թվականին Վրաստանում։ Հայրը տրապիզոնցի Հովհաննեսն է։ Ծովագնացի ուղին սկսվում է 1889-ից՝ Փոթիի ծովային դպրոցից, առաջին նավարկության երթուղին մեկնարկել է Սև ծովից, հատել է Միջերկրական ծովն ու Ատլանտյան օվկիանոսը։ 1894-ին դառնում է հունական «Զեփյուռոս» նավի նավապետ ու Կրետե կղզում մասնակցում Օսմանյան լծի դեմ պայքարին։ Այդ ընթացքում կապիտանը ձերբակալվում է, հրաշքով փրկվում ու ապաստան գտնում Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության հայրերի հովանու ներքո։ Այնուհետև վերադառնալով Վրաստան՝ աշխատում է Մանթաշյանների նավթարդյունաբերական ընկերություններից մեկում՝ որպես նավթատար շոգենավի նավապետ։    

Երվանդ Գասպասյանը Բաթումիում ամուսնանում է Արևմտյան Հայաստանից գաղթած հայուհու՝ Զեփյուռի հետ։ Զարմանալի զուգադիպությամբ՝ Կապիտանի կնոջ անունը համադրվում է իր առաջին հունական նավի՝ «Զեփյուռոս»-ի անվան հետ։

Նավապետի հայաստանյան կենսագրությունը սկսվում է 1921-ից։

Հայաստանում Կապիտանի կենսագրության հետ մեկտեղ շոշափվում է «Сeстрица Нюша» անվանափոխությունից հետո՝ «Գեղանուշ» նավի կենսագրությունը, որը պետք է միանար Հայաստանի Առաջին Հանրապետության՝ 1919-ին ձևավորված առաջին ռազմածովային նավատորմիղին, բայց այդպես էլ տեղ չհասավ։

Սևանում ջրարկվեց միայն խորհրդային իշխանությունների ժամանակ։ «Գեղանուշ» անվան հետ կապված մի ուշագրավ դիպված ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանն է հիշում։

Հորեղբայրը՝ Ծամհուր կեղծանունով հայտնի Տիգրան Ամսեյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին ՀՀ խորհրդարանի պատգամավոր էր, հետո՝ Սևանի գավառապետ։ Ամսեյանն ասում է՝ Ծամհուրի երազանքներից մեկն էր Սևանա լիճ հասցնել «Сeстрица Нюша» նավը, ինչը պատմական դեպքերի բերումով հայտնվել էր Շախտախտի կայարանում, հետո՝ անվանակոչվել «Գեղանուշ»։ Փետրվարյան ապստամբութունն ընդհատում է Ծամհուրի կյանքի ուղին։ Այդ նույն ժամանակ լույս աշխարհ է գալիս Ծամհուրի եղբոր դուստրը և ի պատիվ Ծամհուրի երազանքի՝ աղջնակին անվանում են Գեղանուշ։

«Գեղանուշ» նավը Սևան հասավ մեծ դժվարություններով՝ անցնելով լեռներ ու ձորեր, ու նախատիպ դարձավ Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպի համար։

Back to top button