ԿարևորՀասարակություն

Մեր սրտերում թող հնչեն մայիսյան հերոսամարտի զանգերը` կոչելով նվիրագործելու մեր ջանքերը հանուն հայրենիքի ապագայի. Գարեգին Բ կաթողիկոս

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով. 

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առիթով:

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը արգասիքը եղավ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու ձգտումի և հայրենի պետականության վերականգնման համար դարավոր մաքառումների ու պայքարի։Նորահաստատ Առաջին Հանրապետությունը եղավ մարմնավորումը այն մեծ տեսիլքի, որի ներշնչումով կերտվեցին բազմաթիվ հաղթանակներ՝ մայիսյան հերոսամարտերից մինչև առաջին արցախյան պատերազմը։

Այս տոնը միասնության, համախմբումի և արդար պայքարի խորհուրդն ունի, որով ոգեշնչված մեր ժողովուրդը պիտի հաղթահարի նաև իր առաջ ծառացած ներկայիս բարդ մարտահրավերները ու ամեն միջոց ի սպաս դնի՝ պահպանելու և ծաղկուն դարձնելու Տիրոջից որպես պարգև ստացած Հայաստան և Արցախ մեր հայրենիքը:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր, երբ վտանգված է մեր սահմանների ապահովությունը, խաթարված է մեր պետականության անվտանգությունը, և ոտնահարվում է Արցախի մեր զավակների ազատ ու անկախ կյանքի իրավունքը, մեր սրտերում թող հնչեն մայիսյան հերոսամարտի զանգերը` կոչելով ամենքիս միակամ և հետևողականորեն նվիրագործելու մեր ջանքերը հանուն մեր սրբազան հայրենիքի աստվածահաճո և օրհնաբեր ապագայի:

Աղոթում ենք, որ Աստված Իր Աջի հովանու ներքո անսասան պահի մեր պետականությունը, պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց` արդյունավորելով ի սեր հայրենյաց մեր բոլոր ջանքերը»:

Back to top button