Ժամանակի վկան

Խորանաշատ. 800-ամյա գիտակրթական և հոգևոր-մշակութային օջախ․ «Ժամանակի վկան»

Տավուշի մարզի Չինարի գյուղում՝ անտառապատ լեռան լանջին, մի գողտրիկ, բարձրաբերձ վայրում են գտնվում 800 տարվա պատմություն ունեցող Խորանաշատ՝ երբեմնի վեհաշուք վանական համալիրի մասունքները։

Այսօր՝ 2022 թվականի մայիսի 28-ին, կրկին բազմաթիվ հավատավորների աղոթքն ու մոմերի ծուխը կջերմացնեն համալիրի պատերը։ Խորանաշատում կմատուցվի Սուրբ Պատարագ, Մատենադարանից բերված 1224 թ. գրված «Խորանաշատի Ավետարան»-ով կկատարվի Անդաստանի արարողություն։

Այս առթիվ միջոցառումնեի շարքը մեկնարկել է դեռևս մայիսի 11-ից՝ Մատենադարանում, և կշարունակվի առաջիկա օրերին․ տեղի կունենա «Խորանաշատ-800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի թեմատիկ գիտաժողովը:

Թամարա Մինասյան

Այս հաղորդման ընթացքում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանի հետ կներկայացնենք պատմական համառոտ ակնարկ Խորանաշատի վանական համալիրի պատմության և հիմնադիր Վանական վարդապետի կենսագրության մասին։

Միջնադարյան Հայաստանի 13-րդ դարի գիտական կարևորագույն oջախներից մեկը՝ եզակի հոգևոր և կրթամշակութային կենտրոն Խորանաշատ վանական համալիրը, հիմնադրել է Վանական վարդապետը 1222 թվականին։ Բազմաթիվ խորաններ ունեցող համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Կիրակի ու Սուրբ Ճգնավոր եկեղեցիներից, դրանցից առաջինին կցված գավթից ու մերձակա` միայն հետքերը պահպանված շինություններից:

Ոչ միայն Տուհք-Տավուշ գավառի, այլև հայոց պատմության մեջ նշանակալի ավանդ ներդրած ու անջնջելի հետք թողած անվանի տավուշեցին՝ Վանական վարդապետը, դարձավ Խորանաշատի առաջին վանահայրը և ուսուցիչը, այնտեղ գործող վարդապետարանի, պատմագիտական դպրոցի և գրչության կենտրոնի հիմնադիրը։

Վարդապետարանը միջնադարյան համալսարան էր, որտեղ ուսուցանվում էին «յոթն ազատ արվեստները»՝ «քառյակ» և «եռյակ» գիտությունները: Հոգևոր առարկաներից բացի Խորանաշատում դասավանդել են իմաստասիրություն, պատմություն, մատենագիտություն, երաժշտություն, ճարտասանություն, քերականություն, թվաբանություն, երկրաչափություն, աստղաբաշխություն, տրամաբանություն և այլն:

Հոգևոր կյանքով ապրող, ժուժկալությամբ կենցաղավարող Վանական վարդապետի վարքն օրինակելի էր ո՛չ միայն իր ժամանակակիցների համար, այլև՝ հետագա դարերում, ու ընդօրինակման արժանի է նաև այսօր։ Խորանաշատի գրչության կենտրոնում ուսուցչապետ Վանական Վարդապետը մեծ ուշադրություն էր դարձնում ձեռագրեր ընդօրինակելու արվեստին։

Նրա անմիջական վերահսկողությամբ սաները արտագրում էին ձեռագիր մատյաններ: Հյուսիսային Հայաստանում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ամենահին ընդօրինակությունը նույնպես կատարվել է Խորանաշատում:

Խորանաշատի գրչության կենտրոնում Վանական վարդապետի հսկողությամբ կատարվում էին նաև խմբագրական աշխատանքներ։ Խորանաշատում են գրվել նաև հենց իր՝ Վանական Վարդապետի ձեռագիր մատյանները։

Վանական վարդապետն իր ժամանակի ամենաճանաչված աստվածաբաններից էր և մասնակցում էր նաև դավանաբանական վեճերին։ Խորանաշատից մեզ հասած վիմագրերից երևում է, որ պատվիրատուների մեջ զգալի թիվ են կազմել կանայք։ Կին է նաև Խորանաշատի ավետարանի պատվիրատուն։ Տավշո կամ Խորանաշատի ավետարանի ոդիսականը երկար է տևել․ պատմություն, որն այսօր էլ զարմացնում է։

Վանական Վարդապետի շիրմաքարի տեղը երկար ժամանակ անհայտ էր։ Վանական համալիրի շրջակա հարուստ բնությունը Վանականի գերեզմանը թաքցրել էր ադրբեջանական պղծումներից։ Առաջին բացահայտ այցելությունը շիրմին Տավուշի թեմի հոգևորականները կատարեցին 2017 թվականին։ Վարդապետի շիրիմի քարե խաչը խոնարհված է, բայց շիրիմը պահպանվում է։

Անգնահատելի է Խորանաշատի վանական համալիրի ունեցած պատմական, մշակութային, հոգևոր նշանակությունը միջնադարյան Հայաստանի պատմության էջերում։ Այն հիմնադրած Վանական վարդապետի գիտական, հոգևոր ու հասարակական գործունեությունը, որի շնորհիվ հիմք դրվեց Խորանաշատի 800 տարվա ծառայությանը՝ որպես գիտակրթական և հոգևոր-մշակութային օջախ, որպես հայկականության ու հայ առաքելական հավատքի կենտրոն կամ պարզապես ներկայություն, առավել քան կարևորվում է արդի պատմա-քաղաքական զարգացումների համայնապատկերում։

Back to top button