ԿարևորՀասարակություն

Խորանաշատում՝ թշնամու դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա պատարագ է մատուցվել

Շուրջ հինգ տարի առաջ էր, որ Խորանաշատում առաջին անգամ հարյուրամյակների ընդհատումից հետո, եպիսկոպոսական Սուրբ Պատարագ է մատուցվել։ Այսօր այն հնչել է կրկին, առիթը՝ Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակն է:

Խորանաշատում՝ թշնամու դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Պատարագ է մատուցել, որին ունկնդիր են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, այլ պաշտոնյաներ և բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից և մարզերից: Պատարագին հաջորդել է Անդաստանի արարողությունը՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը:

Այն կատարվել է Սուրբ Խաչով և «Խորանաշատի Ավետարան»-ով, Չինարիի համայնքապետարանին հարակից տարածքում:

Ի դեպ, «Խորանաշատի Ավետարանը» (1224թ.) Չինարի էր բերվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից, հատուկ այս արարողակարգն իրականացնելու համար:

Օրն ամփոփվել է հոգևոր երաժշտությամբ: Երեկոյան, Չինարի գյուղի մշակույթի տանը ծրագրի մասնակիցները հնարավորություն են ունեցել ունկնդրելու Երևանի Պետական Կամերային երգչախմբի հոգեթով կատարումները:

Back to top button