ԿարևորՀասարակություն

Մեդալներ հայրենիքի նվիրյալներին. ՀՀ նախագահը պարգևատրել է զինվորականներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետի Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել հուշահամալիրի մոտ: Օրվա առթիվ նախագահը պարգևներ է հանձնել  հանուն հայրենիքի պաշտպանության անձնվիրաբար մարտնչած 19 զինվորականների։

Երկրի բարձրագույն ղեկավարությունը Սարդարապատում է։ Հարգանքի տուրք՝ Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին, ծաղկեպսակներ՝ հերոսների հիշատակը հավերժացնող  հուշակոթողի մոտ։

44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված 23–ամյա ժամկետային զինծառայող  Աշոտ Պետրոսյանի հայրն ու հորեղբայրն են եկել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»  1–ին աստիճանի մեդալը ստանալու։ Այն շնորհվում է Նախագահի կողմից Հանրապետության տոնի առթիվ հայրենիքի պաշտպանության  և անվտանգության  ապահովման գործում ներդրած ավանդի , մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած  խիզախության  և նվիրումի համար։ 

Աշոտը ծառայել է նախ Գյումրիի հակատանկային ուսումնական կենտրոնում, հետո՝ Ջաբրայիլում։  1տարի 4 ամիս ծառայած զինվորը հոկտեմբերի 20–ին նահանջելու հրաման  է ստացել, բայց դիրքը չի թողել։ Շրջափակումից դուրս գալուց հետո իր ցանկությամբ մեկնել է Հադրութ, որտեղ էլ հոկտեմբերի 25–ին զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։ Սա գերազանց ծառայության համար Աշոտին տրվող  արդեն երրորդ մեդալն է։ Հայրը՝ Էդվարդ Պետրոսյանը,  հուզմունքով է պատմում որդու արիությունների մասին։ Դրանց մասին պարգևներն են պատմում։

«Նրանից չեմ լսել իր սխրանքների մասին, դա գնահատում էին նրա հրամանատարներն ու ընկերները։ Ամբողջը կատարվել է առանց իմ գիտության։ Պատերազմից միակ բանը, որ ասում էր, ամեն ինչ լավ է։  Հետո իմանում ենք, որ ինքն այնքան բան է արել, որ արժանացել է Հայաստանի բարձրագույն պարգևներին։ Հպարտ ենք, բայց ՝տխուր, որ Աշոտը չկա»։

Ավագ լեյտենանտ Արտակ Սիմոնյանը Զինված ուժերում 4 տարվա կենսագրություն ունի։ Պատերազմի ընթացքում մարտական մկրտությունը ստացել է Քարվաճառում։ Բարդ, բայց պատվով կատարած առաջադրանքներ՝ ասում է զրուցակիս ու ավելացնում՝ կար գաղափար, որի համար կռվեցինք մինչև վերջ։ Քարվաճառի ընկնելու լուրը թնդանոթի հարվածի պես ծանր էր՝ ասում է Արտակը, որը ծառայությամբ վաստակած անդրանիկ պարգևն էր ստանում։

«Անբացատրելի են զգացողությունները։ Պատմական նշանակության օր, պատմության համար կարևոր օր, առավել ևս՝ ինձ համար։  Ցանկացած պարգևատրում  պարտավորեցնում է դեպի ավելի լավը, դեպի ավելի շատ գնալու ու բարին կատարելու»։ 

Նրանցից բացի ևս 17 հերոսներ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Սարդարապատի  պատմության ազգային թանգարանում  նախագահ Վահագն Խաչատուրյանից պարգևներ ստացան։

Մայիսի 28–ին հայության միասնական  ջանքերով վերածնվեց հայոց պետականությունը՝ պարգևատրման արարողության ժամանակ ասաց հանրապետության նախագահը։  Դժվար ժամանակներ ենք ապրել, սակայն կարողացել ենք պահպանել մեր պետականությունը։

«Մեր  հաջողությունները պայմանավորված են եղել նրանով, որ մենք ապավինել ենք մեզ, վստահել ենք մեր ուժերին և կարողացել ենք հաղթել։ Դժվար է հավատալ, որ Ցեղասպանությունից հետո հնարավոր  է եղել պետության կերտելու մասին մտածել,  բայց մեր նախնիները դա կատարել են։ Այդպիսի հնարավորություն եղավ նաև 91 թվականին»։

Հայ ժողովուրդը կարողանալու է կերտել  այն պետությունը, որի մասին երազում է, դրա բոլոր երաշխիքները կան՝ եզրափակեց Վահագն Խաչատուրյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button