ԿարևորՀասարակություն

Զանգաշտարակ հուշակոթող՝ նորավանցի զոհերի հիշատակին 

Արմավիրի մարզի Նորավան գյուղում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող  հուշակոթող է բացվել: Համայնքի նախկին ավագանին է նախաձեռնել և իրականացրել սուբվենցիոն ծրագրով:  Տուֆակերտ կոթողը զանգաշտարակի տեսք ունի, որի զանգերը հավերժացնելու են նորավանցի 3 զոհերի հիշատակը։

Հուշարձանի աշտարակում երեք զանգեր են, երեքն էլ լուռ, չեն ղողանջում, բայց հիշեցնում են գյուղի երեք հերոսների մասին՝ Արթուրի, Ջանիկի ու Կնյազի:  Ջանիկ Նազարյանը Բժշկական համալսարանում էր սովորում, ուսանող լինելու բերկրանքը 4 ամիս վայելեց: Ստոմատոլոգի մասնագիտությունն էր ընտրել, իսկ  պատերազմում ժամանակից շուտ բժիշկ դարձավ. բուժակից՝  վիրաբույժի օգնական: Ծառայել է Ջրականում, պատմում է մայրը՝ Արմիկ Նազարյանը.

«Ջանիկն անչափ բարի, խելացի, ընկերասեր ու  մարդասեր էր: Ամենաշատը սիրում էր կյանքը, իր մեջ շատ սեր կար: Պատերազմի ժամանակ շատ կյանքեր է փրկել և իր կյանքը զոհել՝ հանուն զինակից ընկերոջ կյանքի»:

Պատերազմը չէր կոտրել կենսախինդ տղայի հումորի զգացողությունը․ մոր հետ զրույցները կատակներով են համեմվել: Արմիկ Նազարյանը  չգիտեր, որ հոկտեմբերի 20-ին վերջին անգամ էր լսելու որդու ձայնը: Ջանիկ Նազարյանը զոհվել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում: Նորավանի դպրոցի ուսուցչուհի Ալիսա Իշխանյանն իր սաների մասին շատ հիշողություններ ունի, բայց դժվարանում է խոսել․ կոկորդը սեղմվում է.

«Մեզ համար մեծ ցավ է, Ջանիկը լավ սովորող էր, բոլորն էլ պարկեշտ ու պատկառանքով տղաներ էին: Շատ դաժան հարված էր սա: Ես Կնյազի դասղեկն եմ եղել, շատ ուրախ ու ակտիվ  տղա էր: Բոլոր միջոցառումների մեր պարծանքն էր Կնյազը, կոմիկ դերեր էր միշտ կատարում»:

Դպրոցի միջոցումներին՝ կատակերգակ, իսկ կյանքում՝ հոգևորական, ձեռնադրված դպիր: Մանուկ հասակից մասնակցում էր պատարագներին: Կնյազ Ավետիսյանը  սովորել է նաև Հառիճավանքի «Թրբանճյան ընծայարան» ավագ դպրոցում, ապա կրկին վերադարձել Նորավանի դպրոց, հետո մեկնել բանակ: Հայրը որդուն վերջին անգամ  տեսել էր  պատերազմից  օրեր առաջ: Որդին էր խնդրել տեսակցություն. շշուկներ էր լսել պատերազմի մասին:  Սեպտեմբերի 5-ին Գևորգ Ավետիսյանն արդեն զորամասում էր՝ որդու կողքին։

«Մեծ դժվարությամբ հասա Որոտան, տեսա որդուս, մի ամբողջ օր միասին անցկացրինք, իսկ սեպտեմբերի 27-ին պատերազմն սկսվեց: ԲՄՊ զրահամեքենայի մեխանիկ-վարորդ էր: Վաշտի հրամանատարը միշտ որդուս  հետ է եղել: Նրա պատմելով Կնյազը զոհվել է՝ փրկելով  իր կյանքը: Ես հրամանատարի խոսքերն եմ կրկնում»:

Կնյազ Ավետիսյանը  զոհվել է 2020թ հոկտեմբերի 7-ին՝ Ջրականում: Ծնողները երկար որոնել են որդուն: Պատերազմը չլիներ, Կնյազը 2021թ հունվարի 19-ին զորացրվելու էր,  բայց փետրվարի 20-ին նրա մասունքն  են հուղարկավորել:

Արցախյան 44-օրյա պատերազմի  զոհերի հիշատակին Նորավան  համայնքի նախկին ավագանին 2021թ․-ին որոշեց հուշարձան կառուցել: Գումարի  մի մասը տրամադրել է կառավարությունը՝ ասում է  վարչական ղեկավար Արթուր Միքայելյանը.

«Սուբվենցիոն ծրագրով է կառուցվել հուշարձանը՝ 35 % կառավարության և 65 % համայնքի համաֆինանսավորմամբ : Ընդհանուր արժեքը  7 մլն 300 հազար դրամ է»:

Հուշարձանը բացեցին Արթուր Հովհաննիսյանի երկու որդիները:  37-ամյա Արթուրը պահեստազորային էր, սեպտեմբերի  29-ին էր մեկնել պատերազմ, սկզբում Հադրութում է կռվել, ապա հասել Շուշիի մատույցներ: Կինը՝ Իրինա Եղոյանը, ասում է, որ պատերազմի ընթացքում մեկ շաբաթով տուն էր եկել.

«Հոկտեմբերի 26-ին տուն եկավ՝ 6 օրով, հետո 31-ին գնաց Ստեփանակերտ, իսկ նոյեմբերի 3-ին տարել էին Շուշի՝ Քարին տակ: Նոյեմբերի 6-ին ժամը 11:25 վերջին անգամ  զանգեց, ասաց՝ ամեն ինչ լավ է, երեխեքիս լավ կնայես»:

Իրինայի խնամքին մնացել են  երեք երեխաները՝ 13  և 11 տարեկան տղաները, 7-ամյա աղջիկը: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն իր զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին.

«Այս փոքր հողակտորի վրա ապրելու և արարելու համար մենք, ցավոք, ստիպված ենք եղել զոհեր ունենալ: Նորավան համայնքից Արթուրը, Ջանիկն ու Կնյազը իրենց կյանքը տվեցին հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մայր հողի, հանուն այս սերնդի, հանուն այն ապագայի, որ պետք է կերտվի այս հողի վրա»:

Հայրենասիրության տարբեր դրսևորումների մասին է Արմավիրի  համայնքապետ Դավիթ Խուդաթյանի խոսքը. հայրենիքը պետք է սիրել գործով։

«Մեզնից, բոլորից նույն բանն է պահանջվում՝ ապրել, հզորացնել, շենացնել մեր հայրենիքը: Արժանի լինել մեր աշխատանքով, մեր կյանքով, մեր գործունեությամբ այն հերոսությանը, որը տղաներն են արել»:

Դավիթ Խուդաթյանը շնորհակալագրեր հանձնեց շինարար- վարպետներին ու քանդակագործին:  Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը և ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին:

Ցուցադրել ավելի
Back to top button