Հայկական հարց

Սարդարապատի ճակատամարտին կարևոր մասնակցություն բերեցին արևմտահայերի զորախմբերը․ «Հայկական հարց»

Արևմտահայության նկատմամբ Ցեղասպանություն իրականացրած թուրքական իշխանությունները 1918-ի մայիսին որոշել էին ոչնչացնել նաև արևելահայությանը՝ գրավելով Արևելյան Հայաստանը։

Թուրքական բանակը դեռևս հունվարին էր անցել հարձակման Կովկասյան ռազմաճակատում և նվաճել էր Ալեքսանդրապոլը։

Մայիսի 19-ին թուրքերը մտել էին Արարատյան դաշտավայր՝ այդպիսով հայ ժողովրդի համար ստեղծելով ծանր ու ճակատագրական իրավիճակ։

Հակահարձակման պլան են մշակում ժամանակի հայ ռազմական գործիչները՝ Արամ Մանուկյանը, Մովսես Սիլիկյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը, Դրաստամատ Կանայանն ու այլք։

Հայկական զորքերը շեշտակի հակահարձակման են անցնում մայիսի 22-ին Սարդարապատի ճակատում և երկօրյա մարտերում թշնամուն վտարում են մինչև Արաքս կայարան։

Մայիսի 27-ին տեղի է ունենում երկրորդ հակահաձակումը՝ թուրքերին հասցնելով ջախջախիչ հարված։ Սարդարապատի ճակատամարտին մասնակցում էին Արարատյան դաշտավայրում հավաքված հայության տարբեր հատվածները և սոցիալական խավերի ներկայացուցիչները, հոգևորականները և արևմտահայերի զորախմբերը։ Այդ օրերին հերոսական մարտեր էին տեղի ունենում նաև Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատներում։ Ապարանի ճակատում հայկական զորքերի հրամանատարը Դրոն էր։ Նա, ինչպես ժամանակի շատ հրամանատարներ, շարժվում էր զորախմբերի առջևից, ինչը ոգևորում էր զինվորներին։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ասրյանը։ «Սարդարապատի ճակատամարտն ու մայիսյան հաղթանակները»՝ մաս 1-ին։

Back to top button