ԿարևորՄշակույթ

Հայաստանի ազգային պատկերասրահի կտավները «կճամփորդեն» Լոռու և Տավուշի դպրոցներով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը 2022 թ. մայիսից մինչև հոկտեմբեր իրականացնելու է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը:

Ծրագրի առաջին փուլով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքների և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի և Չինար գյուղի հանրակրթական դպրոցի աշակերտներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալու ծրագրում ընդգրկված 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակների հայտնի ստեղծագործություններին:

Շուրջ 1000 երեխա հնարավորություն կստանա դպրոցում հյուրընկալել արվեստը։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Թանգարանները գնում են դպրոցներ, Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ կտավները «կճամփորդեն» Լոռու և Տավուշի դպրոցներով։ Շուրջ 1000 երեխաներ առաջին փուլում հնարավորություն կստանան իրենց դպրոցում հյուրընկալել արվեստը:

Տարբեր տարիքային՝ կրտսեր, միջին և ավագ խմբերի համար նախատեսված են մի քանի թեմատիկ ծրագրեր` «Հեքիաթների աշխարհում», «Ճարտարապետության գաղտնիքները», «Ազգային էպոս», «Փորագրանկարչության գաղտնիքները», «Բեմանկարչության արվեստը», «Ծովի տարերքը»:

Յուրաքանչյուր թեմատիկ ծրագրի շրջանակում կներկայացվեն համապատասխան ստեղծագործություններ, կկազմակերպվեն կրթական ծրագրեր և դասախոսություններ, որոնք կվարեն Պատկերասրահի լավագույն մասնագետները: Նկարներում արդեն երևում է երեխաների հետաքրքրվածությունը»։ 

Back to top button