ԿարևորՀասարակություն

«Կիրառական քիմիա. էքսպո 2022»-ը` ԵՊՀ-ում

ԵՊՀ բակում Քիմիկոսի միջազգային օրվան ընդառաջ տեղի է ունեցել «Կիրառական քիմիա. էքսպո 2022» ցուցահանդեսը, որի շրջանակում Մայր բուհի բակում էին համախմբվել ՀՀ շուրջ 35 արտադրող ընկերության ներկայացուցիչներ, ավելի քան 10.000 մասնակիցներ, այդ թվում՝ 3.500 դպրոցական, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ցուցադրության ընթացքում ներկայացվել է քիմիայի կիրառությունը կյանքում, մասնավորապես կենցաղային քիմիայի, խնամքի կոսմետիկ միջոցների, սննդի արդյունաբերության, դեղագործության, հանքահումքային արդյունաբերության և շինանյութի արտադրության, ագրարային, էկոլոգիայի, ինչպես նաև արտադրության որակի վերահսկման ոլորտներում։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Մայր բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա շրջել է բոլոր տաղավարներով, զրուցել ուսանողների և հյուրերի հետ՝ ընդգծելով, որ ցուցահանդեսի նպատակներից է ամրապնդել գործատու-համալսարան կապը։ Դպրոցների ուսուցիչները կարևորել են նմանօրինակ ցուցահանդեսների անցկացումը, քանի որ գիտելիքների գործնական կիրառությունը կարևոր է տեսական նյութերի յուրացման համար: Ուսուցիչները փաստել են նաև, որ աշակերտներն էլ մեծ հետաքրքրությամբ են շրջել տաղավարներով:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի և Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված համատեղ ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են ոչ միայն Քիմիայի ֆակուլտետում արված հետազոտությունների արդյունքները, այլև ՀՀ-ում գործող տարբեր կազմակերպությունների արտադրանքները։ 

Back to top button