ԿարևորՀասարակություն

Արցախի մշակութային ժառանգությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Ուրդանետա արբանյակը

Հայկական 2000-ից ավելի մշակութային օբյեկտներ և 21 000 թանգարանային ցուցանմուշներ ամբողջական ոչնչացման լուրջ վտանգի տակ են: 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության՝ ոչնչացումից ու ինքնության խեղաթյուրումից պաշտպանությունը Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է: Այս հարցը կրկին բարձրաձայնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի՝ ԱԼԻՖ-ի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանի հետ հանդիպման ընթացքում։ Վարչապետը նշել է․

«Մեծապես կարևոր է միջազգային հանրության, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի անխոչընդոտ ներգրավվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով»։

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության՝ ԻԿՕՄՕՍ-ի հայաստանյան ներկայացուցիչ Գագիկ Գյուրջյանի կարծիքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մեր համագործակցությունը արդյունավետ չէ։ Գլխավար պատճառներից մեկը Ադրբեջանի՝ կառույցի աշխատանքներում առավել ակտիվ ներգրավվածությունն է․

«ՅՈՒՆԵՍԿՕ-ին ինչքան էլ փորձում ենք դիմել, միևնույն է, արդյունք չենք ունենում։ Ինչի՞ համար որովհետև Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ շատ ակտիվ աշխատում է, Ադրբեջանը ոչ միայն աշխատում է, այլ նաև ֆինանսավորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Իր երկրում կազմակերպում է կառույցի հետ առնչվող և գիտական, և կրթական, և մշակութային բազմաթիվ միջազգային կառույցների համար սեմինարներ, գիտաժողովներ»։

Ապրիլի սկզբին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն էր տարածել նշելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հակառակ իր պարտավորություններին ու կոչմանը, 44-օրյա պատերազմից հետո այդպես էլ փաստահավաք առաքելություն չի ուղարկել Արցախի բռնազավթված տարածքներ և որևէ նշանակալի ջանք չի գործադրում կանխելու նոր հանցագործությունների իրագործումը Ադրբեջանի կողմից։

Հայաստանում և Արցախում պետական մարմիները, տարբեր խմբեր, կառույցներ անհատներ պարբերաբար բարձրաձայնում են այս հարցը՝ առաջարկելով լուծման տարբերակներ։ Հիմնական խնդիրները երկուսն են՝ բացահայտել և իրավական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իրականացրած մշակութային սպանդի համար և կանխել այն ոտնձգությունները, որոնք շարունակվում են հայկական մշակութային արժեքների նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։

Առաջարկներից մեկն է, օրինակ, դա անելու համար ապավինել մայիսի 25-ին Հայաստանի՝ տիեզերքում գործարկած արբանյակին։ Տարածաշրջանային փորձագետ Կարեն Հովհաննիսյան․

«Եթե մենք ունենք այդ արբանյակը, ապա այդ արբանյակով կարող ենք ստանալ բարձր որակի լուսապատկերներ,  դրանցով գնալ միջազգային դատարաններ և ընդհանրապես Ադրբեջանին պատախանատվության ենթարկել։ Մյուս կողմից՝ այդ արբանյակը կարող է շատ լավ ֆիքսել եկեղեցիների վրա մարդկային միջամտությամբ, ձեռքի միջոցով իրականացվող զեղծարարությունները հայկական եկեղեցիների վրայից ադրբեջանցիները ջնջում են հայատառ արձանագրությունները։ Մենք այդ արբանյակով կարող ենք շատ բարձր որակի լուսապատկեր ստանալ և դա և ներկայացնել միջազգային իրավական համակարգին»։

Գագիկ Գյուրջյանի կարծիքով՝ մեր հիմնական խնդիրներից մեկն այն է, որ համակարգում չկա։ Ասում է՝ անհատական, խմբային, պետական նախաձեռնությունները շատ են, սակայն դրանք որևէ կերպ չեն ամբողջանում․

«Կան շատ ՀԿ–ներ, կան մշակութային ֆոնդեր, պետական մարմիններ․ ամեն մեկն առանձին–առանձին դիմումներ է ուղարկում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, միջազգային մարմիններին, բայց կոորդինացիան չկա։ Անհրաժեշտ է ստեղծել այն հարթակը, որտեղ կհավաքվի ամբողջ տեղեկատվությունը դրա վերաբերյալ ինչ նամակ հղվեց, ինչ պատասխան եկավ, ինչ հայտարարություն արվեց։ Էս ամբողջը արվում է, և հետո տարալուծվում է ընդհանուրի մեջ, ոչ ոք չի իմանում, թե ինչ կատարվեց»։

Գյուրջյանը վստահ է՝ առանց մշակութային ժառանգության ոլորտը համակարգող պետական քաղաքականության արդյունք չի լինի։ Տեսնում է շարժական, անշարժ, նյութական ժառանգության ամբողջական կառավարում ապահովող պետական կառավարման լիազոր մարմնի անհրաժեշտություն, որը մշակված քայլերի և համակարգված աշխատանքի արդյունքում կարող է որոշակի արդյունք գրանցել։

Back to top button