Վերնատուն

Արձակագիր Գրիգը՝ գրականությունը «սրբացնելու», հայերենով գրելու «տարօրինակության» մասին․ «Վերնատուն»

Արձակագիր Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն 6 տեղական ու միջազգային մրցանակ ունի, թարգմանվել է 6 լեզուներով, մի քանի անգամ վերահրատարակվել։

Գրքի գերմաներեն թարգմանությունն օրերս արժանացել է գերմանացի անվանի արևելագետ, բանաստեղծ և թարգմանիչ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան հեղինակավոր մրցանակին։

Գրիգն ասում է, որ Հայաստանում մրցանակներին բացասական են վերաբերվում, բայց դրանք կարևոր են, քանի որ մի շարք լավ գրողների գրքերի դրանց ստացած մրցանակների շնորհիվ է ծանոթացել։ Ասում է՝ գրողները պետք է սովորեն իրենց գործընկերների հաջողությամբ ուրախանալ։

«Իմ գիրքը մրցանակ է ստացել, բայց ես վստահ եմ, որ այդ ամենը չէր լինի, եթե ինձնից առաջ մեկ այլ հայ գրող մեկ ուրիշ տեղ մրցանակ չստանար։ Տարբեր գրողներ տարբեր կերպ նպաստում են, որ դու մեկ այլ տեղ հաջողություն ունենաս», – ասում է Գրիգը և ավելացնում, որ մրցանակի շնորհիվ իր ձայնն ավելի լսելի ու հասանելի դարձավ աշխարհում ՝ հատկապես այն մարդկանց շրջանում, որոնք Հայաստանի մասին ոչինչ չգիտեն։

Խոսելով գրականության մեջ նոր գեղարվեստական լեզու ստեղծելու մասին՝ Գրիգը խոստովանեց, որ իր նոր՝ «Խաղաղության գյուղ» վեպը շուրջ 6 տարի է, որ գրում է և որ այն կառուցվածքի, նոր լեզվի ու ձևի փնտրտուք է։

«Նոր վեպով փորձել եմ փոխել կառուցվածքը, փորձել «ճկել» լեզուն, օգտագործել դրա հնարավորությունները»։ Գրիգն ասում է՝ որպես հասարակություն ինքներս մեզ հետ ազնիվ չենք, խոսում ենք ինչպես ցանկանում ենք, բայց չենք հանդուրժում, որ այդ լեզուն հայտնվի գրականության մեջ, կարծես գրականությունը մի «սրբազան» տարածք լինի, իսկ ինչը սրբացնում ես, կարծես ուզում ես «սպանել»․ այսինքն՝ դու բացառում ես երկխոսությունը, այն կարծես քարացած մի բան է դառնում։

«Այսօր գրելն արդեն խելագարության նման մի բան է։ Աշխարհն ասում է՝ դու պիտի փող աշխատես ու պիտի շարժվես, իսկ դու նստած գիրք ես գրում։ Այդ տարօրինակ ու ոչ ստանդարտ կյանքն է հետաքրքիր ինձ համար։ Ժամանակակից աշխարհում, Հայաստանում ու հայերենով գրելը ավելի տարօրինակ է, երբ տեսնում ես թե ինչքան են փոքրանում մեր շանսերը այս աշխարհում ինչ–որ բանի հասնելու», – ասում է գրողը։

Back to top button