Էկոսֆերա

Նախատեսվում է նոր՝ «պահպանվող լանդշաֆտ» հասկացություն ավելացնել ԲՀՊՏ-ների մասին օրենքում․ «Էկոսֆերա»

Բնության հատուկ պահպանվող տարածքների ոլորտը կարգավորելու նպատակով նախատեսվում են փոփոխություններ՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում։ Գործող օրենքում կան բացեր, որոնք շտկման կարիք ունեն։

Բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող խնդիրները քիչ չեն, որոնք կապված են նաև մարդու գործունեության հետ։ Հիմնական խնդիրը կենսաբազմազանության պահպանությունն է։

Ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող մասնագետները կարծում են, որ որոշ դեպքերում խնդիրների լուծման համար անհրաժեշտ են օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարել և նոր կարգավորումներ մտցնել։

Դեռևս 10 տարի առաջ բնապահպանական կազմակերպությունների ջանքերով մշակվեց Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի փաթեթ, որն այդպես էլ ընթացք չստացավ։ Հիմա կարծես քննարկումները նորից են սկսվել։

ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության մասնագետ Արամ Աղասյանը մեզ հետ զրույցում խոսեց գործող օրենքում առկա բացերի և անհրաժեշտ փոփոխությունների մասին։

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում սահմանված է բնության պահպանվող տարածքների 4 կատեգորիա՝ արգելոց, արգելավայր, ազգային պարկ և բնության հուշարձան։

Հայաստանում կա 3 արգելոց, 4 ազգային պարկ, 27 արգելավայր և 232 բնության հուշարձան։ Մինչդեռ, համաձայն բնապահպանական միջազգային միության ստանդարտների՝ պահպանվող տարածքները պետք է բաժանված լինեն 6 կատեգորիայի։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, գործող օրենքում չկա «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիան։ Այս հասկացությունը նոր պետք է ներդրվի։

Ցուցադրել ավելի
Back to top button