ԿարևորՀասարակություն

908-ից՝ 72, 72-ից՝ 64․ համայնքները դարձյալ կխոշորացվեն

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկը, որով նախատեսվում է շարունակել համայնքների խոշորացման ծրագիրը և իրականացնել համայնքների միավորման ևս 5 ծրագիր: Առաջարկվում  է 13 խոշորացված համայնքները միավորել 5 համայնքների մեջ։ Արդյունքում՝ կունենանք 64  խոշորացված համայնքներ 72–ի փոխարեն։

Նախորդ 6 տարիների ընթացքում՝ 2016 թվականից ի վեր համայնքների խոշորացման արդյունքում Հայաստանի 908 բնակավայր միավորվել է 72 համայնքի մեջ: Գործող վարչատարածքային բաժանմամբ՝ Հայաստանում կա 72 խոշորացված համայնք և ևս 7 համայնք, որոնք խոշորացված չեն: Դրանք են Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված առանձին բնակավայրերը: Այս տվյալները կառավարության նիստում ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հիմնավորելով օրենսդրական նոր փոփոխության անհրաժեշտությունը․

«Առաջարկում ենք այս պահին գործող 13 խոշորացված համայնքները միավորել 5 համայնքների մեջ: Վերջին տարիներին անընդհատ քննարկումների արդյունքում ավելի հիմնավորված է եղել շրջանային մոդելի նման տարբերակը: Այս որոշումներով վերադառնում ենք շրջանային մոդելին»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նաեւ հստակեցրեց առաջարկը։ Նախատեսվում է  միավորել  Արագածոտնի մարզի Թալին և Արագածավան խոշորացված համայնքները, որոնք միասին կընդգրկեն 34 բնակավայր: Գեղարքունիքի մարզում  կմիավորվեն ճամբարակն ու Շողակաթը՝ ընդգրկելով 19 բնակավայր: Լոռու մարզում  էլ նախատեսվում է ունենալ Ալավերդի խոշորացված համայնք՝ Օձունը, Շնողը, Ախթալան և Ալավերդին, որոնք կընդգրկեն  28 բնակավայրեր։  Լոռու մարզում կմիավորվեն նաեւ Տաշիրը, Մեծավանը, Սարչապետը՝ միասին 24 բնակավայր:

Սյունիքի մարզում  նախատեսվում է միավորել Սիսիան և Գորայք խոշորացված համայնքները՝ 36 բնակավայրով․

«Այսպիսով՝ այս 13 համայնքները, որոնք միասին 141 բնակավայր են, առաջարկում ենք միավորել 5 համայնքների մեջ: Արդյունքում՝ Հայաստանում կունենանք 64 խոշորացված համայնքներ։ Իսկ, ընդհանուր առմամբ, այժմյան 79–ը կդառնա 71։ Այս փոփոխությունները նախատեսված է իրականացնել այս տարվա սեպտեմբերի 25–ին նախատեսված ընտրություններով։ Ինչու՞ ենք հիմա անում, քանի որ այս բնակավայրերի համայնքապետերի ու ավագանիների ժամկետը լրանում է այս տարվա նոյեմբերին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համայնքների խոշորացման ծրագիրը  կառավարության ուղեգիծն է, ունի տնտեսական նշանակություն ու ոչ միայն․

«Արդյունքներն ուսումնասիրելով՝ կայացրել ենք որոշում, որ պետք է գնանք այդ տրամաբանությամբ։ Եթե շատ հասկանալի լեզվով ասենք, նախկին Խորհրդային Հայաստանի շրջաններին համապատասխան խոշորացնելու համար։ Բացառություններն ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն են։ Մյուս պարագան կարող է լինել, երբ մենք տեսնենք, որ այդ տրամաբանությամբ խոշորացնելու դեպքում բնակչության անհամաչափ մեծացում է տեղի ունենում»։

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Օլեգ Դուլգարյանը համամիտ չէ, թե համայնքները նախկին Խորհրդային Հայաստանի  շրջանների սկզբունքով են խոշորացվում․

«Օրինակ՝ Լոռու մարզի նախկին Թումանյանի շրջանի այս պահին խոշորացված 4 համայնքները միացվում են, իսկ մյուս համայնքը, որ տվյալ շրջանի մաս է կազմում, չի միացվում։ Չկան կոնկրետ հստակեցված պարզաբանումներ, թե ինչ սկզբունքով են իրականացնում, որ խոշորացվում է շրջանային սկզբունքով, բայց՝ չներառելով շրջանի բոլոր մասերը»։

Տնտեսական արդյունավետությունից բացի՝ համայնքների խոշորացումով  ՀՀ քաղաքացիներին ավելի մեծ իշխանություն է  տրվում՝ կարծում է վարչապետը։  Ըստ Նիկոլ Փաշինյանի՝  ժողովրդավարության ավելի մեծ հարթակ է բացվում, համայնքների հզորացման հնարավորությունները մեծանում են։

 «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ–ի  նախագահ Օլեգ Դուլգարյանը թվարկում է խոշորացված համայնքների բնակիչների մտահոգությունները։

«Մտածում են, որ իրենց համայնքների զարգացումը, որը իսկապես տեսանելի է առաջին փուլի խոշորացումից հետո, կարող է խաթարվել խոշորացման եւս մեկ փուլից հետո։  Այդ համայնքները մտածում են, որ իրենք զարգանում են, լուծվում են ներհամայնքային ճանապարհների հարցերը, լուծվում են գիշերային լուսավորության հարցերը, այլ հարցեր են լուծվում ենթակառուցվածքային,  եւ այս ֆոնին  հավելյալ խոշորացումը կարող է դանդաղեցել այդ պրոցեսները իրենց բնակավայրերում»։

Արդարացվա՞ծ են այդ ռիսկերի մասին մտահոգությունները, առայժմ պարզ չէ,  քանի որ, ըստ զրուցակցիս, համակարգային վերլուծություն չի արվել, թե ինչ են շահել ու ինչ են կորցրել խոշորացված համայնքների բնակիչները։  Լուրջ հաշվարկների ու համապարփակ վերլուծության կարիք կա՝ ասում է Օլեգ Դուլգարյանը։

Գործընթացի հաջորդ փուլով  կառավարությունը  նախատեսում է տարածքային քաղաքականության մոդելի փոփոխություն։  Ըստ վարչապետի՝ անդրադարձ կլինի մարզպետարաններին և մարզերի կառուցվածքներին:

Back to top button