Հասարակություն

Որ Հայաստանի մետաղը Հայաստանում մնա․ ջարդոնների և թափոնների արտահանումը 6 ամսով կարգելվի

Սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը ևս վեց ամսով արգելված է։ Կառավարության հավանությանն արժանացած որոշումը կգործի հուլիսի 26-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 26-ը։ Գործադիրը նախկինում նույնաբովանդակ որոշում արդեն իսկ կայացրել էր։ Չզեկուցվող հարցի հիմնավորման մեջ նշվում է՝ դրական արդյունքներ են նկատվել․

«Մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել են մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով հունվար-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 115․2 հազ. տոննա, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է  8.4 անգամ»։

Երկրաբան Շահեն Խաչատրյանը արտահանման արգելքը  երկրի հարստությունը չվատնելուն նպաստող քայլ է որակում․

«Հասարակ բան ասեմ մենք վաճառում ենք ալյումինի ջարդոնը,հետո գնում ենք Պարսկաստանից ալյումինի տարաներ, կաթսաներ ենք առնում- բերում մի քանի անգամ թանկ գներով, իսկ էս դեպքում մենք ունենք սեփական պատրաստի հումքը՝ ջարդոնի տեսքով։ Ընդամենը պետք է ձուլարաններում սա դառնա ապրանք, չգիտեմ՝ կդառնա արմատուրա, թե տարբեր տեսակի դետալներ, և Հայաստանում մենք կկարողանանք ունենալ մեր սեփական արտադրանքը»։

Տնտեսագետ Արմեն  Քթոյանը ևս  որոշումը ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը միտված քայլ է համարում։ Ասում է՝ այս ոլորտում պահանջարկ-առաջարկի միջև շեղում կա․ քայլն այդ շեղումը կարգավորելու համար է։

«Մի կողմից՝ մենք ունենք տնտեսվարողներ, որոնք հավաքում են մետաղի ջարդոն, թափոններ և դուրս են հանում երկրից, մյուս կողմից՝ ունենք արտադրություններ, որոնք այդ մետաղի նկատմամբ պոտենցիալ պահանջարկ կարող են ներկայացնել։ Հիմա երկուստեք փոխշահավետ գործակցությունը չկա գնային տարբերությունների պատճառով կամ ոչ ընդունելի գների պատճառով, էստեղ կառավարությունը մի փոքր միջամտում է, փորձում է մի լծակ կիրառելով էնպես անել, որ այն անհամապատասխանությունը վերանա»։

Տնտեսագետի խոսքով՝ այս սահմանափակումները հնարավորություն են տալիս, որ ռեսուրսն օգտագործվի երկրի ներսում և մետաղի կարիք ունեցող արտադրողները ստիպված չլինեն լուծել լոգիստիկ հարցեր, ձեռք բերել իրենց երկրի մետաղը օտար երկրից թանկ գնով։

Հայաստանում այս ոլորտի հիմնական խնդիրը մետաղների խտանյութերի արտահանումն է։ Շահեն Խաչատրյանի խոսքով՝ խտանյութը մինչև ջարդոն դառնալը երկար ճանապարհ պիտի անցնի։ Դա դժվար գործընթաց է, հասկանալի է, որ ռեսուրսների անբավարարության պատճառով հումքը երկրից դուրս է գալիս այդ տարբերակով։ Սակայն եթե արդեն առկա են ջարդոններ և թափոններ, ապա դրանց պետք է հատուկ խնայողությամբ վերաբերվել․

«Սա արդեն ձուլված, պատրաստ, մաքուր արտադրանք է, այն ընդամենը պետք է վերաձուլել ու ստանալ տարբեր իրեր»։

Մասնագետից հետաքրքրվում ենք  խտանյութի տեսքով գունավոր մետաղների  արտահանման, և դրանով երկրի բնական ռեսուրսները փաստացի վատնելու գործընթացը կանխելու տարբերակների մասին։ Ասում է՝ ազնիվ, սակայն առկա հնարավորություններին չհամապատասխանող ցանկություն է․

«Իհարկե, հնարավոր է խտանյութից ստանալ վերջնական արտադրանք, ես, իհարկե, կողմ եմ դրան, որովհետև վերջնական արտադրանքը մեզ հնարավորություն է տալիս ստեղծել այն, ինչ ուզում ենք։ Օրինակ՝ ես շատ կուզեի մեր սեփական պղնձի լարերով մեր բնակարաններում  հոսանք անցկացնել, կամ մեր սեփական երկաթով տանկեր արտադրել, կամ ինքնաթիռների դետալներ և այլն, և այլն, շատ կուզեի։ Բայց պետք է մտածենք հետևյալի մասին մեր հանրապետությունը բավական փոքր տարածք ունի, և դրա վրա կազմակերպել մետաղի ձուլարաններ․․․ Ես դժվարանում եմ պատասխանել՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ»։

Շահեն Խաչատրյանի խոսքով՝ խնդիրը ոչ թե ֆինանսները, ներդրումը կամ ձուլարան ստեղծելու դժվարություններն են, այլ նաև տարածքի սղությունը և որպես հետևանք՝ բնապահպանական վտանգներին բախվելու ռիսկը։

Back to top button