Գոյության ծածկագիր

Մաթեմատիկան Աստվածաշնչում. «Գոյության ծածկագիր»

1890 թվականին Իվան Պանինն սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչն ու այնտեղ գտնել թվային համակարգեր։ Նա այդ գործին նվիրեց իր կյանքի գրեթե 50 տարին։ Իսահակ Նյուտոնը ֆիզիկական ու մաթեմատիկական հսկայական արժեք ստեղծելուց առաջ «Թվաբանությունը Աստվածաշնչում» թեմայով հետազոտություն արեց։ Անգլիացի քահանա, աստվածաշնչագետ և աստվածաբան Էտալբերտ Վիլյամ Բուլլինգերը 1952-ին ոչ թե կրոնական, այլ թվաբանական աշխատություն ստեղծեց։ Նրանց ստեղծած գիտելիքի որոշ մասը հասավ մեր օրեր՝ Աստվածաշնչի և մաթեմատիկայի մեջ կապ գտնելու համար նոր հիմքեր դնելով։

Այս թողարկումն ամենառացիոնալի ու ամենաիռացիոնալի, գիտության ու հավատքի՝ մաթեմատիկայի ու կրոնի կապի մասին է։

«Սուրբ գրքում առկա թվերի խորհրդաբանությունը պարզելու համար ժամանակակից աստվածաբանության դիտոլորտներից մեկը «աստվածաբանային թվաբանություն»-ն է, որի օգնությամբ փորձ է արվում Սուրբ գրքում առկա թվերը վերծանել, այսինքն՝ թվերը, որոնք առկա են Սուրբ գրքում կամ մարգարեական գրականության մեջ, փորձում են հասկանալ, թե կոնկրետ համատեքստում օգտագործվելով` ինչ նշանակություն կարող են ունենալ»։

Նարեկ սարկավագ Գասպարյանը պատմում է՝ հրեական դպրոցն ուներ ուսումնասիրության մի բնագավառ, որը կոչվում էր Գեմատրիա։ Սա հունարեն «գեոմատրիա»՝ երկրաչափություն բառից էր և ենթադրում էր պարզել յուրաքանչյուր անվան թվային արժեքն ու խորհրդաբանությունը։

«Այսինքն՝ փորձում են անվան տառերի համապատասխան թվերի գումարումով, բազմապատկումներով ինչ-որ հաշվարկումներ անել՝ փորձելով վեր հանել Սուրբ գրքի մեջ առկա այլաբանությունը և այդ ամենը ներկայացնել թվային այլաբանության լույսի ներքո»։

Մեր եկեղեցական մատենագրության մեջ մենք ունենք շատ հիշատակություններ 5-րդ դարից, երբ փորձում են անդրադառնալ թվերին և բացահայտել դրանց նշանակությունը։

Այսպես օրինակ հստակ նշանակություն ստացան 3-ը, 7-ը, 10-ը, 666-ը և մի շարք այլ թվեր։ Նարեկ սարկավագ Գասպարյանը անդրադառնում է 9 թվին՝ նշելով՝ կրոնական համակարգերում և հնագույն փիլիսոփայական դպրոցում սա կատարելության ցուցիչն է։ Պատմում է սա հասկանալու օրինակներից մեկը՝ Նոր կտակարանի Հովանու ավետարանի վերջին գլխում Քրիստոսը հարությունից հետո հայտնվում է աշակերտներին․

«Նրանք մի պահ պապանձվում են, որից հետո առաքյալները ուռկանը նետում են Իբերական գետը, և երբ բարձրացնում են ուռկանը, ասում է, ձկների քանակը 153-ն է, 153 շատ մեծ ձկներ։ Եթե փորձում ենք այս 153-ը իրար գումարել, 1, 5 և 3՝ դարձյալ լինում է 9։ Մենք չենք կարող ասել, գուցե հաշվարկ եղել է, ձկները հատ առ հատ հաշվել են, կամ ոչ թե եղել է կոնկրետ թվով ձուկ, այլ եղել են իրենց պատկերացումից շատ մեծ ձկներ, որը կարող էր միայն Աստծո միջոցով տրվել իրենց, հետևաբար նաև այս կոդն է օգտագործվել այն այս գաղափարն արտահայտելու համար, որովհետև այս դրվագից հետո մենք կարդում ենք, որ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվել հարցնել, թե ով է, որովհետև, ասում է, արդեն գիտեին, որ Տերն է»։

Իռացիոնալն ու ռացիոնալն այնքան ներդաշնակ են միմյանց հետ, դրանց չի կարելի տարանջատել, ներաթափանցված են հենց կրոնի միջոցով։

Ողջ տիեզերքը ռիթմի մեջ է, շրջապտույտի մեջ է, պարբերականությունների մեջ է։ Ինչպես ասենք օրը ունի 24 ժամ, կամ ժամն ունի 60 վայրկյան, դրանք պարբերաշրջաններ են, ցիկլեր են, որոնք անընդհատ կրկնվում են և դրանց կրկնությունը բերում է հսկայական մեծ ժամանակների հաշվարկի»։

Գայանե Սիմոնյանը 17 տարի է դասավանդում է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում։ Սակայն ասում է՝ իր գործում ավելի շատ գիտություն, քան հավատք կա․ ուսումնասիրում ու սովորեցնում է կիրառական աստվածաբանություն․

«Աստվածաբանությունը տեսականորեն բազմակի խնդիրներ է ուսումնասիրում, բայց գործնական Աստվածաբանությունը կամ կիրառական Աստվածաբանությունը սոսկ առնչվում է ցանկացած շրջանի տոնացույցի և տոների ու նրանց կարգման ժամանակի հետ, կիրառական ստվածաբանությունը բացահայտում է, թե ինչու այս կամ այն տոնը կոնկրետ այս կամ այն ժամանակահատվածում է դրվել եկեղեցում քրիստոնյաների, կամ հեթանոսների կողմից»։

Ասում է՝ եկեղեցական որևէ տոնի ընտրություն պատահականություն չէ։ Դրանք լուրջ հաշվարկներ են ենթադրում, ընդ որում՝ ոչ միայն թվաբանական, այլ իրավիճակային հաշվարկներ։ Այսպես, օրինակ, աշխարհը Սուրբ ծնունդը նշելիս բաժանվում է երկու մասի, մեկը տոնում է հունվարի 6-ին, մյուսը՝ դեկտեմբերի 25-ին․

«Ի՞նչն է այս երկու տոնական օրերի անջատման պատճառը։ Վաղ շրջանում՝ առաջին դարում, Երուսաղեմի եկեղեցին, ընդհանրապես, արևելյան եկեղեցիները այս տոները միասնաբար են նշել։ Հետագայում Քրիստոնեությունը հեթանոսական շրջանի պատնեշը հաղթարահելու համար փորձեց Քրիտոսի ծնունդը բերել և Միհրի ծնունդի տեղը դնել։ Դեկտեմբերի 25-ը Միհրի ծննդյան օրն է, մեծ շուքով հռոմեական կայսրության մեջ էդ տոնը տոնում էին, և ահա Միհրի ծննդյան տոնին հաղթելու համար բերեցին Քրիտոսի ծնունդը անջատեցին մկրտության օրից և դրեցին այստեղ»։

Տոների օրերը որոշելիս մաթեմատիկական հաշվարկները կատարվում էին աստղագիտական իրողությունները հաշվի առնելով։ Սիմոնյանը պատմում է, որ հրեաների մոտ ընդունված էր գարնանամուտի օրվանից հետո առաջին լիալուսնի օրը համարել շաբաթ և տոնել Զատկի տոնը։ Հետագայում քրիստոնյաները այս տոնն ամենադժվարն են որոշել, քանի որ շարժունակությունը շատ լայն էր։ Տարիներ շարունակ գարնանային լրման օրը հաշվելով որոշվեցին զատկացուցակներ՝ 8-ամյա, 30-ամյա, 200-ամյա․

«Ի  վերջո, 562 թվականին ստեղծվեց ավելի կատարյալ զատկացուցակ, 532 տարիների համար զատկի օրերը որոշելուց հետո հաջորդ 532 ամյակներին տոնաշարի ամիս-ամսաթվերը հստակ երևում են»։

Գիտե՞ք ինչ կա, թվերն առաջացել են հե՛նց կրոնական համակարգի ներսում։

«Մաթեմատիկան համարում է, որ ինքն է բացատում աշխարհը, բայց միշտ գոյություն ունի կրոնի անվիճելի հարցը՝ դուք արդո՞ք բացում եք աշխարհը, ինչ-որ մեկն օրինաչափություններով, ինչ-որ ուժ, կամ ինչ-որ երևույթ, դա սարքել է, դուք դրա ո՞ր մասն եք բացում։ Այստեղ կանգնում ենք բացարձակ պարալիզման առաջ, որ գիտությունը բացում է դրա չնչին մի մասը, չնչի՜ն, նույնիսկ դժվար է ասել՝ դա մի տոկոս կազմու՞մ է, թե՞ չի կազմում»։

Կրոնագետ, աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը կրոնի ուսումնասիրությամբ զբաղվում է գրեթե 40 տարի։ Պատմում է՝ սկզբում կրոնն ու գիտությունը միախառնված էին, հետո տարանջատվեցին։ Հավատքը սկսեց պայքարել գիտության, գիտությունը՝ հավատքի դեմ։ Ի հակադրություն դրա հիշում է աշխարհի խոշորագույն մաթեմատիկոսներից մեկի Բլեզ Պասկալի դեպքը։ 16 տարեկանում համալսարանական մի քանի ամբիոնների վարիչ դառնալով, շուրջ 300 տարի չլուծված խնդիրները ամիսների ընթացքում լուծելով, մի շարք գիտական գյուտեր անելուց հետո` 21 տարեկանում թողեց ամեն ինչ ու գնաց հոգևորի աշխարհ։

«Ու շատ-շատերը համարում են, թե վա՜յ, էս ինչ կորցրինք, հաշվիչի առաջին ստեղծողը (նա է տվել տեսությունը, պատկերացնում ե՞ք, 18-րդ դարում, ցույց տաս, որ դու ժամանակներից կարաս անցնես դարերով նույնիսկ) ու հանկարծ էս մարդը, որ աշխարհներ է ստեղծել  թվերի աշխարհում, հանկարծ թողել գնացել է, թվում է, հակառակ ուղղությամբ։ Բայց նա թողել է մի բան, որ իր էդ հսկայական ուսումնասիրությունների մեջ զգալիորեն ավելին է, ավելին, քան կամայական հաշվիչի գյուտը։ Ասում եմ ձեզ, նա ասում է՝ մարդը (ուշադիր լսեք), ողբերգական է իր ուսումնասիրությունների մեջ, որովհետև վերևից, ներքևից և կենտրոնում նա սահմանափակված է անսահմանությամբ։ Սահմանափակված է անսահմանությամբ։ Ու կարմիր ընդգծում է դրանց տակ։ Հավատացնում եմ ձեզ, սա այն բանալին է, որն ամեն ինչ ի վիճակի է բացել»։

Գիտությունն ու հավատքը կոչված են նույն բանին՝ ճանաչել կյանքն ու աշխարհը, բացահայտել գոյության ծածկագիրը։ Երկուսն էլ սա անելու իրենց տարբերակն ունեն, սակայն հատվում են, միաձուլվում՝ չնայած բոլոր տարբերություններին։

Թիվը, չափումն ու հաշվարկը նույնիսկ այստեղ են՝ ամենազգայական ոլորտում։

Back to top button