ԿարևորՄշակույթ

Հայաստանի ձայնային «Մատենադարանը»՝ ավելի հասանելի․ Հանրային ռադիոն թվայնացրել է շուրջ 15 հազար ձայնագրություն

170 անուն կատարող և ավելի քան 65 հազար դիտում. Հանրային ռադիոյի թվայնացված ձայնային արխիվը հասանելի է ոչ միայն անվճար հավելվածով, այլև արդեն ունի յութուբյան ալիք։ Հայկական մոտ 30 հազար ձայնագրությամբ ֆոնդը համալրվում է ամեն օր, իսկ դրանց ուղիղ կեսը՝ 15 հազարը թվայնացվել է վերջին տարիներին։

Հանրային ռադիոյում պահպանվում է երկրի ամենամեծ աուդիոարխիվը, որի պատասխանատու երգիչ-երաժիշտ Արթուր Իսպիրյանը մանրամասնում է՝ թվայնացումը սկսել են մոտ 4 տարի առաջ՝ նախ ձեռք բերելով անհրաժեշտ տեխնիկա, որը կճանաչի ու կկարդա տասնամյակների հնության ձայնագրությունները։

«Միայն հայկական ֆոնդը 30 հազար է, բայց օրեցօր ավելացնում է, որովհետև մարդիկ երբ տեսնում են՝ ինչ գործ ենք անում, տներից բերում են արխիվներ, ինչը շատ թանկարժեք է մեզ համար»,-ասում է Իսպիրյանը։

Հանրային ռադիոյի ձայնային «մատենադարանում» պահվող հայկական ֆոնդի ամենահին ձայնագրությունը 1937 թվականի է, իսկ արխիվի ամենահին ձայնը ռուսական ֆոնդում է՝ 1902-ի ձայնագրություն։ Իսպիրյանն ասում է՝ թեպետ արխիվում պահվում են տասնյակ հազարավոր ձայներ, այնուամենայնիվ, կան որոշները, որոնք չեն պահպանվել կամ չունենք։  

«Շատ եմ փնտրել Եղիշե Չարենցի ձայնը, բայց չեմ գտել, միգուցե ինչ-որ տեղ Վենետիկում կամ Ֆրանսիայում, որևէ արխիվում կա, ես ուղղակի խնդրում եմ իմացողներին տալ, որովհետև չունենք այդքան կարևոր ձայն մեր արխիվում»,- ասում է Արթուր Իսպիրյանը։

Հին ձայնագրությունների մեծ մասը թվայնացնելուց առաջ դեռ կարիք ունեն վերականգնման․ դրանք հին ժապավենների վրա են, վնասված։ Ձայների վերականգնմամբ զբաղվող  մասնագետ, արխիվի աշխատակից Անի Վարդանյանը ներկայացնում է հին ժապավենից վերականգնած Կոմիտասի ձայնի նախնական տարբերակը և այն, որը ստացել են ձայնը մշակելուց ու մաքրելուց կամ այսպես ասած «ապաքինումից» հետո․

Հանրային ռադիոյում վերականգնում են ոչ միայն ձայները, այլև ձեռագիր նոտաները։ Շաղիկ Գևորգյանը վերջին 1 տարում վերականգնել է 170-ից ավելի պարտիտուր,  պատմում է․

«Ամենաբարդը Մարդիկ Վարդազարյանին ձեռագիրն է, թեպետ ես չեմ դժվարանում, իսկ Ղազարոս Սարյանի ձեռագրով ուղղակի հիացել եմ, հետո մտածել եմ, որ նկարիչ Սարյանի որդին է՝ այդպես էլ պիտի լիներ»,-ասում է Շաղիկ Գևորգյանը։

Ժապավենները, որոնց վրա  հին ձայնագրություններն են, ունեն պահպանման ժամկետ և հատուկ պահպանման պայմանների կարիք, ուստի դրանք առաջնահերթ են թվայնացվում։ Արթուր Իսպիրյանին այս առումով մտահոգում են   կոմպոզիտորների միության արխիվային ձայները, որոնք գուցե հնարավոր չլինի վերականգնել, եթե չթվայնացվեն առաջիկա տարիներին։ Ամեն դեպքում, արխիվի  աշխատակիցները կարողանում են հասկանալ հին ժապավենների «լեզուն», նրանցից է մասնագիտությամբ ռադիոտեխնիկ Գառնիկ Խաչատրյանը․

«Մեր կոլեկտիվը շատ կարևոր է գործ է անում ապագա սերունդների համար, որպեսզի ոսկե ֆոնդը չկորչի և նրանց հասանելի լինի, քանի որ ժապավենների հետ աշխատանքն էլ է բարդ, դրանք պետք է ճանաչել, հին են, դրանց հետ աշխատել իմանալ է պետք»,-ասում է Գառնիկ Խաչատրյանը։

Արխիվի կայքում տեղադրվող տեղեկատվությունը շատ հարուստ է․ այստեղ  ոչ միայն ձայնագրություններ են, այլև տվյալ արտիստի կենսագրությունը՝ երեք լեզվով,  նաև նկարներ, որոնք երբեմն վատ որակի են, խիստ հնացած, և թվայնացման ժամանակ նաեւ դրանք են վերականգնվում։ Այդ տեղեկություններն ու լուսանկարները «հայթայթվում» են տարբեր ճանապարհներով՝ երբեմն դրանք խնդրելով արտիստների ընտանիքի անդամներից կամ ժառանգներից։  Նունե Սամվելյանը 5 տարի է՝ արխիվի կայքն ամեն օր համալրում է կարևոր տեղեկատվությամբ։

«Արտիստների կենսագրության հետ անպայման մշակում և տեղադրում ենք արտիստների նկարներ ալբոմով, թեպետ կան որոշները, որոնցից նկարներ գտնել չի հաջողվում դեռևս»,-ասում է Նունե Սամվելյանը։

Արխիվացման աշխատանքներով զբաղվում են նաև արտասահմանից եկած կամավորներ, նրանցից է ֆրանսիացի Ժուլիենը, որը սովորում է հայերեն և ասում է՝ հայկական մշակույթն իրեն շատ է գրավում, իսկ դա ճանաչելու համար Հանրային ռադիոյի արխիվը լավագույն հարթակներից է․

«Ես Հայաստանում կամավորությամբ եմ զբաղվում, եկել եմ Ֆրանսիայից, կամավորական աշխատանքներս Հանրային ռադիոյում են անցնում, ես ամեն օր բացահայտում եմ նոր բան հայկական երաժշտության մեջ։ Ինչ եկել եմ Հայաստան՝ ամեն օր լսում եմ միայն հայկական երաժշտություն»,- ասում է ֆրանսիացի կամավորը։

Վերջին շրջանում Հանրային ռադիոյի արխիվը համալրվել է շատ կարևոր ձայնագրություններով, որոնք արել է Պետրոս Ալահայթոյանը՝ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող այն հայերի հետ, որոնք վերապրել են ցեղասպանությունը։ Ձայնագրությունների թվայնացումից հետո դրանցից մեկ օրինակ կմնա Հանրային ռադիոյում, ևս մեկը կտրամադրվի Ցեղասպանության թանգարանին։ Արխիվի պատասխանատու Արթուր Իսպիրյանը խոսում է այս ձայնագրությունների եւս մեկ բացառիկ կողմի մասին․

«Մոտավորապես 1-1,5 տարի առաջ արվեստի ինստիտուտը մեզ վստահեց Պետրոս Ալահայթոյանի արխիվը, նա իր կյանքի մեծ մասը նվիրել է ցեղասպանություն ապրածների հետ հարցազրույցներ անցկացնելով, և այս ձայնագրություններում կան նաև բազմաթիվ նոր երգեր, քանի որ յուրաքանչյուր անգամ նա խնդրել է երգել որևէ երգ, որը ցեղասպանություն վերապրածը լսել է իր նախնիներից, այս տեսանկյունից ձայնագրությունները ևս մեծ արժեք են»,— ասում է Արթուր Իսպիրյանը։

Հանրային ռադիոյի Ձայնային մատենադարանը շարունակում է համալրվել, ոսկե ֆոնդի աշխատակիցներն անում են ամեն բան, որ բարձր որակի ձայնագրությունները հասանելի լինեն ժամանակակից հարթակներում։ Ռադիոն կարեւորում է, որ իր արխիվում պահվող բացառիկ ձայնագրությունները ճանաչելի լինեն ու անվճար հասանելի։

Back to top button