ԿարևորՀասարակություն

Հայաստանը՝ տիեզերքում․ ինչպե՞ս կօգտագործվեն սեփական արբանյակի հաղորդած տվյալները

Կառավարության  այսօրվա նիստը վարչապետը սկսել է իր ձեւակերպմամբ կարեւոր լուրով՝ Հայաստանը գործարկել է իր առաջին արբանյակը տիեզերքում, ինչը չափազանց սպասված ու կարեւոր նորություն էր։  

Սեպտեմբերի 5-ից 10-ը Հայաստանը հյուրընկալելու է աշխարհում հայտնի STARMUS գիտատեխնոլոգիական  փառատոնը, որին կմասնակցեն տիեզերագնացներ ու գիտնականներ ամբողջ աշխարհից։ Հայաստանը հնարավորություն կունենա աշխարհին ներկայանալ հարուստ  գիտական ու տեխնոլոգիական  նորարարությունների պատմությամբ, հնարավորություններով ու ապագայի տեսլականով։ Իսկ մինչ փառատոնը՝ Հայաստանում նախ ուղեծիր է ուղարկել տիեզերական իր առաջին արբանյակը։ 

Ծննդյան ամսաթիվը՝ 25 մայիսի, 2022 թվական։ Անունը՝ Ուրդանետա։ Տեղակայման վայրը՝ տիեզերք։ Հայաստանը գործարկում է իր առաջին արբանյակը տիեզերքում։ Նախօրեին՝ Երևանի ժամանակով  22.35–ին,   Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը դուրս է եկել ուղեծիր «SpaceX» ընկերության տիեզերանավով։ Մեր երկիրն ինքն իրեն սկսում է նայել աստղերի բարձրությունից, ինչը չափազանց կարեւոր է ոչ միայն տարատեսակ դիտարկումների իրականացման ու ճշգրիտ տեղեկությունների ստացման, այլեւ աերոտիեզերական ինժեներության ճարտարագիտությանը նոր թափ հաղորդելու առումով։

Տեղեկությունները որքան էլ կարեւոր, սակայն նաեւ գաղտնի են։ Հարցերը շատ են, հաղորդվող մանրամասները՝ քիչ։ Վարչապետն ընդգծում է՝ սեփական արբանյակն ունենալը հաջողել են հայկական պետական «Գեոկոսմոս»  և իսպանական «Սանտլանտիս» ընկերությունների համագործակցությամբ։ Սրանով Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան՝ Փաշինյանի ձեւակերպումն է ու շեշտադրումը՝ նպատակ կա Հայաստանում տեղայնացնել տիեզերական տեխնոլոգիաները, կազմակերպել տիեզերական սարքերի արտադրություն։ Բայց մինչ այդ դեռ շատ անելիքներ կան․

«2022-2023-ի վերջին Հայաստանում կստեղծվի Արբանյակի կառավարման կենտրոն ու ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ։ Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումն ու տիեզերալուսանկարների ստացումը։ Պլանավորվում է, որ ընդունիչ կայանն արբանյակային տվյալների ստացման ու փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար»։

Արդյոք Հայաստանում կա համապատասխան կադրային ներուժ, որը տիրապետում է նման տեխնոլոգիաների եւ կարող է սպասարկել սեփական արբանյակի աշխատանքը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում ԲՏԱ «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտ Գուրգեն Մարդոյանը շեշտում է՝ Հայաստանում և, մասնավորապես, ինժեներական քաղաքում կան մասնագետներ ու կադրեր, որոնք արբանյակային համակարգի տարբեր հանգույցների վրա աշխատելու մեծ փորձ ունեն, որը կուտակել են Հայաստանում փոքր արբանյակների նախատիպերի պատրաստման ընթացքում․

«Երկու տարի առաջ մեր ուսանողների կողմից պատրաստվել են փոքր արբանյակներ, որոնց վրա տեղադրված են տարբեր տեսակի տպիչներ։  Այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ այսօր էլ շարունակվում են։  Շուտով «Ինժեներական քաղաք»-ի բազային ամբիոնում  բացելու ենք մագիստրոսական ծրագիր՝ աերոտիեզերական ինժեներության ճարտարագիտության ուղղությամբ։ Եվ հուսով ենք՝ առաջիկայում կընդունենք առաջին ուսանողներին»։ 

Ի վերջո, ինչո՞ւ է այդքան կարեւորվում սեփական արբանյակ ունենալն, ու ինչպե՞ս կարող են օգտագործվել դրա հաղորդած տվյալները։

Արբանյակի միջոցով արված լուսանկարները կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ՝ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության ու այլ ոլորտներում՝ մանրամասնում է վարչապետը։

Տիեզերքում սեփական կայանն ունենալու կարեւորությունը մասնագիտական տարբեր շրջանակներում հատկապես ընդգծվում էր պատերազմի ժամանակ, երբ սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հետաքննության համար անհրաժեշտ էին տիեզերքից առկա ճշգրիտ տեղեկություններ։ Ռազմական վերլուծաբանները մեկ անգամ չէ, որ կարեւորել են սահմանին տեղի ունեցողի վերաբերյալ սեփական արբանյակից ստացված տեղեկությունների ստացումը։ Արբանյակն արդեն այդ հնարավորությունը կտա՝ պարզել սահմանին թե՛ մարդկային, թե՛ տեխնիկայի կուտակումները․

«Մասնավորապես, նկարներից կարելի է հստակ հասկանալ՝  ի՞նչ տեխնիկա է տեղակայված, սահմանի ո՞ր հատվածում է  տեղակայված, արդյո՞ք  մարդկային ռեսուրսներ կան կուտակված կամ կուտակվում են։ Այդ  ամենը կարելի է անել թե օպերատորների միջոցով, թե մեքենայական ուսուցման, այսինքն՝ արհեստական բանականության միջոցներ կիրառելով»։ 

Վարչապետն իր հերթին է նկատում՝ տիեզերական տեխնոլոգիաները՝ արբանյակներ, ընդունող կայաններ, արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման, կապի ու այլ համակարգեր, համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից են։ Հայաստանն իր հերթին է կարեւորում այս ոլորտնրի զարգացումն ու վերջին երկու տարում օրենսդրական փոփոխություններով որոշել է խթանել տիեզերական գործունեությունը երկրում։ Դրանցից մեկն էլ 2020-ին «Տիեզերական գործունեության մասին» օրենքով այս ոլորտում աշխատող  լիցենզավորված ընկերությունների համար հարկային արտոնությունների սահմանումն է։

Back to top button