ԿարևորՀասարակություն

Կապահովվի պատմամշակութային հուշարձանների վերականգնման գործընթացը

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է 8,260.0 հազար դրամի չափով վերաբաշխում կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թ. հաստատված բյուջեում՝  Շիրակի մարզի Աշոցք տարածաշրջանի Կրասարի կամրջի վերականգնման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար: «Կրասարի կամուրջ» պատմամշակութային հուշարձանը կառուցվել է 1892թ.-ին Ախուրյան գետի վրա և գտնվում է Կրասար բնակավայրից 2 կմ հարավ-արևմուտք: Այն հանդիսանում է հիմնական կապող ճանապարհ հարևան Սեպասարի գյուղի հետ և ներկայումս գտնվում է վթարային վիճակում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 59,110.3 հազար դրամ կուղղվի  Լոռի Բերդ ամրոցի պարսպի հյուսիս-արևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնմանը, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին ամրացված և Երևանի Պռոշյան 1 փակուղի 1 հասցեում գտնվող շինության վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանն ու փորձաքննությանը: Ըստ հիմնավորման՝ Լոռի Բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման որոշ աշխատանքներ իրականացվել են դեռևս 2012-2013թթ.:

Լոռու Բերդ ամրոցի պարսպի հարավ-արևմտյան հատվածի վերականգնման համար ներկայումս մշակվում են գիտանախագծային փաստաթղթեր: Գումարը հատկացվում է պարսպի վերականգնման աշախատանքներն ամբողջությոմաբ կատարելու նպատակով: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին ամրացված և Երևանի Պռոշյան 1 փակուղի 1 հասցեում գտնվող 403.4 քմ մակերեսով շինությունը նախատեսվում է վերակառուցել՝ ավելացնելով մակերեսը մոտ 700.0 քմ-ով: Վերակառուցված տարածքը նախատեսվում է օգտագործել որպես նվագախմբի փորձասենյակ, ձայնագրման ստուդիա, գործիքների պահեստ, ինչպես նաև ստեղծագործական և վարչատնտեսական անձնակազմի գրասենյակ:

Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում կստեղծվի «Աղձք» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոց: Դրա ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին: Ըստ հիմնավորման, արգելոցների համար անհրաժեշտ տարածքները համարվում են պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են հանրապետական և տեղական նշանակության հուշարձաններ։

Աղձքում է գտնվում 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը, որտեղ ամփոփվել են և՛ հեթանոս, և՛ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները: Դամբարանը կառուցվել է 359 թվականից հետո, հավանաբար 364 թվականին: Դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև, արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։

Back to top button